Ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանցից շատերն ուզում են իմանալ, արդյո՞ք պետք է սննդակարգից բացառել կարտոֆիլը։ Պարզվում է, կարտոֆիլից հրաժարվել պետք չէ, պնդում է դիետոլոգը։ Նույնիսկ ընդհակառակը՝ ձմռան ամիսներին այն բավական լավ սնունդ է, ուղղակի պետք է իմանալ, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլը, իսկ ինչպես՝ ոչ։
Դիետոլոգի խոսքով՝ կարտոֆիլն իրականում այնքան էլ շատ կալորիաներ չի պարունակում, բայց երբ այն տապակում են («ժարիտ»), դառնում է չափազանց կալորիական և, իրոք, կարող է գիրացնել։ Այդ իսկ պատճառով հրաժարվել արժե հենց տապակած կարտոֆիլից, և կարևոր չէ՝ ձեթում թե յուղում է այն տապակվել։
Իսկ ինչպե՞ս պատրաստել կարտոֆիլը, որպեսզի լինի օգտակար և դիետիկ։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս խորովել կամ կրակի վրա, կամ ջեռոցում։ Լավ գաղափար է խորովել կեղևով, ուղղակի պետք է լավ լվանալ և, իհարկե, ցանկալի է գնել այնպիսի կարտոֆիլ, որը քիմիական պարարտանյութերով մշակված չի եղել (բոլոր այդ նյութերը կեղևի տակ են կուտակվում)։
Կարտոֆիլը կարելի է նաև խաշել կամ շոգեխաշել՝ այդպես նույնպես բավական դիետիկ և օգտակար կլինի։