Medialab.am-ը գրում է․

Ներկայացնում ենք երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ «Մեդիալաբի» հարցազրույցի երկրորդ մասը:  Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

-Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշմանը:

-Չկա նման միություն ու չի կարող լինել, որովհետև այսօր ստեղծված ցանկացած միություն իր բոլոր ռեսուրսներով Սովետական միության 10 տոկոսը չարժե: Եթե Սովետը փլվեց, դա էլ է փլվելու: Ինչքան ուզենան էդ մեռելին հետ բերեն, էնքան ավելի շուտ է հոգեվարքն ավարտվելու, ու վերջնական մահ է լինելու: Եթե դա կայուն համակարգ լիներ, կաշխատեր էլի, ինչքա՞ն պետք է փորձարկեն: Մենք մոռանում ենք, որ խոսում ենք այն համակարգի մասին, որը կիբերնետիկան հռչակել էր սուտ գիտություն, իսկ կիբերնետիկան դա թվային տեխնոլոգիաներն են: Իրենց ապուշ ուղեղով դա հռչակել էին սուտ գիտություն, արվեստի մեջ էլ արգելված էր ջազը, նկարչության մեջ՝ որոշակի ուղղություններ: Էս էր:

-Հայտարարվում է, որ հունվարի 1-ից Հայաստանն արդեն այդ միության անդամ է լինելու, դուք մեր երկրի ինքնիշխանության կորուստ տեսնո՞ւմ եք այստեղ:

-Մեր  երկրի վրա ճնշումը միշտ է եղել: Երբ տղերքը Ղարաբաղյան պատերազմի տարիներին առաջ էին գնում, այդ ժամանակ նույնիսկ ճնշում կար: Էդ բոլորը գիտեն, հո ես չպետք է ասեմ: Հարցրեք այսօր ազատամարտիկներին, կասեն, հետևից էլ են կրակել, հարյուր անգամ զանգել ասել են՝ ո՞ւր եք գնում, դրա դաբրոն չունենք: Միշտ էլ եղել է ճնշումը, իսկ ինքնիշխանություն երբեք չի էլ եղել: Էդ ե՞րբ է եղել: Երբ որ նման մի ձգտում եղել է, ռուսը միանգամից զենքը գործի է դրել: Այսօր Ուկրաինայում է, երեկ Վրաստանում, սա է ռուսի ձեռագիրը, բոլորս գիտենք: Իրենք է չեն թաքցնում: Պուտինն էնքան լկտի է, որ կենտրոնական հեռուստատեսությամբ բացահայտ ասում է՝ արջն իր տարածքը չի զիջելու: Ես շատ լավ հիշում եմ՝ երբ 88-ի ցույցերն էին, ռուսներ էին մոտենում մեզ ու ասում՝ Да вы что, армяане? Это же наша земля. Вы что, обалдели? Մենք դա հիշում ենք, չէ՞, հո չմոռացանք: Թե՞ մոռացանք, որ տանկերը բերեցին Օպերայում շարեցին: Երևի համընկան Ղարաբաղի հետ կապված մեր հաղթանակներն ու իրենց ցանկությունները: Բայց ռուսը մտածեց՝ А куда вы денетесь, товарищи армяшки? Куда? Եթե մենք ուզում էինք անկախանայինք, մենք պետք է ռուսին ասեինք՝ փասա-փուսեդ հավաքի, գնա էստեղից: Որտեղ զորքը կանգնած է, այդտեղով է կայսրության սահմանը գնում: Ում զորքը կանգնած է, հենց նրա սահմանն է: Իսկ մեր սահմանին ռուսն է կանգնած, իսկ ներքին սահմանում էական չէ, թե ով է կանգնած, ու ամենավատն այդ է:

-Հայտարարություն եղավ, որ սահմանների հարցում փոխզիջումներ են եղել, որի շրջանակներում Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, սակայն պաշտոնապես որևէ տեղեկություն չկա փոխզիջումների մասին: Ի՞նչ վտանգ է սա պարունակում:

-Իսկ էդ ո՞ր հարցում ենք մենք ինչ-որ ինֆորմացիա ունեցել: Մենք միշտ գուշակում ենք, մատից հոտ ենք քաշում, փորձում ենք հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի սարքեն մեր գլխին, էս անգամ ի՞նչ պիտի սարքեն: Դա պետք է ոչ թե մենք մտածենք, այլ անվտանգության խորհուրդը, Ազգային անվտանգության ծառայությունը, իրենք պետք է մտածեն, եթե մերն են, եթե ռուսինը չեն: Եթե ռուսինն են, ընդամենը սպասում են զանգի: Է թող մտածեն, բա բյուջեն խժռել գիտեք, մտածել չգիտե՞ք:

-Ղարաբաղի սահմանին մաքսակետ կարո՞ղ է դրվել և ի՞նչ հետևանքներ կունենա դա:

-Այնքան ծիծաղելի բաներ են կատարվում: Խնդալու է, երբ որ երկրի առաջին դեմքերն ասում են՝ դաժե, եթե էդ մաքսակետը դնեն, մեկ է մենք կշրջանցենք: Էս ի՞նչ եք ասում, ինչ է սա՞, ուզում եք գողանա՞ք, էլի ուզում եք շրջանցե՞ք, ռուսի ուզած օրենքներվ շարժվե՞ք: Այսինքն՝ ուզում եք գրեք ՝չի կարելի, բայց գողանաք, գրեք մաքսակետ, բայց շրջանցեք: Երբ որ Եվրոպայում են որոշում մաքսակետ հանել, ուղղակի հանում են ու հայտարարում են այդ մասին, ոչ թե ասում են՝ ձևի համար կդնենք, բայց չենք կանգնեցնի: Սա ռուսի գործելակերպն է, խնդալու չի՞, բա սա պետությո՞ւն է, կառավարությո՞ւն է, նախագա՞հ է: Ժողովուրդը միշտ ուզում է, որ այդ չակերտավոր ընտրյալները, որ հայտնվում են նախագահի, վարչապետի և մյուս աթոռներին, ուզում են, որ մեկը լինի, որ իրենք հարգեն, հպարտանան: Ես հիշում եմ՝ Քոչարյանի կառավարման տարիներին ռուսական ալիքով ինչ-որ ջահել լրագրող էր, հարցրեց՝ դուք ջուրը, հոսանքը, մնացածը ծախծխում եք օտարին, չե՞ք վախենում, որ վաղը մյուս օրը վտանգի առաջ կկանգնեք: Ասեց՝ չէ, չեմ վախենում: Այսօր էլ նույնն է, երկու ժամում թռնում է, մի հատ բան է ստորագրում նախագահը, հետո գալիս ասում է՝ ես էն գլխից գիտեի, որ ստորագրելու եմ, ինձ չեն ստիպել, ես եմ որոշել: Թե դու ո՞վ ես, որ բան որոշես:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ դիրքորոշում ունի հասարակությունն այսօր Ռուսաստանի նախաձեռնած այս միությանը անդամակցելու հարցում:

-Շատերը չեն խոսում, ով խոսում է, այսօր նստած է: Շանթը ասեց, գիտենք հիմա որտեղ է: Ով խոսում է, միանգամից փակում են, որովհետև խանգարում է իրենց, որովհետև իրենց ծրագրերի մեջ չի մտնում նման բան: 

-Կարծես հասարակության մեջ շատ է այն տեսակետը, որ Ռուսաստանը մեր փրկիչն է, նկատե՞լ եք:

-Ես այն մարդկանցից եմ, ով ժողովրդին չի մեղադրում: Իմ ընկերներն ինձ ասում են՝ ներքևից պետք է սկսվի ու մաքրվի ամեն ինչ, բայց ես ասում եմ՝ ոչ, պիտի հայտնվի մեկը, ով կկարողանա այնպես անել, որ դրսից թելադրող չլինի: Պետք է լինի մեկը, ով նայում է ու տեսնում՝ դա ինձ, իմ ժողովրդին, ազգին պե՞տք է: Իսկ մեր բոլոր նախագահներն իրենց գործողություններով ապացուցել են, որ իրենք Ռուսաստանի ներկայացուցիչն են, ոչ թե Հայաստանի: Ժողովուրդն ինչ անի՞: Բայց եթե ժողովուրդն այսօր մտածում է, որ ռուսը մեզ կփրկի, ինչի՞ց կփրկի: Էդքան խոսում էին թուրքի հետ սահմանը բացելու մասին, ո՞նց բացես, էնտեղ ռուսի զորքն է կանգնած, ո՞նց: Հայաստանի նախագահն ո՞վ է, որ որոշի էդ սահմանը բացի, էնտեղ կանգնած է ռուս զորքը: Սերժին երևի ասում են՝ գնա հետը ֆուտբոլային դիվանագիտություն խաղա, դրանից ավելի քեզ չի հասնում, դու ո՞վ ես, այ армяшка, իմ զորքն է էդտեղ կանգնած, իսկ ես քեզ թույլ չեմ տա, որ հարևաններիդ հետ խնդիր չունենաս, ես ամեն ինչ կանեմ, որ դու խնդիր ունենաս: Փորձեցին Իրանի հետ գազամուղի հետ կապված հարցեր լուծել, բայց ռուսն ասաց՝ կերել ես: Ռուսն ասաց՝ մի հատ բարակ տրուբա կանցկացնես, էն էլ մենակ նրա համար, որ վաղը ես Վրաստանի գլխին Աբխազիա եմ սարքելու, գազի տրուբեն, եթե հանկարծ տրաքացնեն, մի երկու-երեք օր յոլա կգնաս: Եթե անկախ պետությունն ունի նախագահ, թող կանգնի թեկուզ Լուկաշենկոյի կեսի կեսի չափ կամ Նազարբաևի կեսի չափ կարողանա ասի՝ ոչ, ինձ էս ձեռ չի տալիս: Դրա փոխարեն գրել են՝ մեր ռազմավարական գործընկերը: Ի՞նչ ռազմավարական գործընկեր:

-Ռազմավարական գործընկեր, որը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ մենք լռում ենք:

-Իսկ ո՞վ ասաց, որ լռում ենք: Ամբողջ վերնախավը սկսեց արդարացնել Ռուսաստանին, ասեցին՝ դե դա բիզնես է: Ու էլի նույն բանն ես մտածում՝ տղերք, դուք ո՞ւմ եք ծառայում, ձեր ժողովրդին, թե՞ ռուսին: Էսօր ռուսին, վաղը թուրքին, մյուս օրը՝ մյուսին, ով սապոկով տվեց գլխիդ:

-Պուտինի նախաձեռնած միության կազմում Հայաստանին ի՞նչ ապագա կարող է սպասվել՝ հաշվի առնելով, որ այդ միության անդամ երկրները աչքի չեն ընկնում ժողովրդավարությամբ ու տարբեր ոլորտներով զարգացում ապահովելով:

-Չգիտեմ, բարդ հարցեր եք տալիս: Այսօրվանից սերմացուն գողանում են, փչացնում են, էսօրվանից հետույք լիզողներ են աճեցնում, իրենց ջահելներին: Իսկ փոքրաքանակ հայերասերներին, ովքեր իրենց երկիրն են սիրում, բնությունն են սիրում, օրհներգը գիտեն, նրանց դնում ջնջում են: Պետք է կոտոշ տա հենց ջահելությունը: Ցանկացած երկրում խնդիրներ կան, բայց կա ակնհայտ դիվանագիտություն ու կա պասիվ դիվանագիտություն: Մեր մոտ էդ էլ չկա: Պետք է էնտեղ գնա, ասի՝ հա, հա, գա էստեղ, ասի՝ ջահելություն, տվեք, հերներն անիծեք, ես չեմ կարա, որովհետև ես КГБ-ից եմ, բայց դուք էլ հո կարաք: Բայց էդ էլ չկա, ընդհակառակը, էդ ջահելությունն օրումեջ ոստիկանությունում են: Քո սեփական պետության մեջ դուրս ես գալիս փողոց, գոռում ես՝ ազատ, անկախ Հայաստան, բռնում տանում են: Երկու անգամ ինձ են բռնել երեխուս հետ ու երկու անգամ էլ ոստիկանները նույն բանն ասացին՝ եթե ձեզ էս երկիրը ձեռ չի տալիս, հեռացեք: Բայց դուք ո՞վ եք, որ ինձ նման բան ասեք: Ինձ թվում է, որ ապագայում լինելու է այն, ինչ Շանթն արեց՝ ես սկսում եմ հեղափոխություն: Այ նման բաներ են լինելու, որովհետև շատ դժվար է լինելու քանակ հավաքել, անհատական հեղափոխությունների շարք է լինելու: Վաղը մեկն է դուրս գալու, ասի՝ ես դեմ եմ, ինքն իրեն պայթեցնելու է, հրկիզելու, չգիտեմ ինչ են անելու, մի բան անելու են: Անկախության տարիների ջահելներին գոնե թվացել է, որ իրենք անկախության օրոք են ծնվել, ես եմ, որ Սովետի ձեռագիրը տեսել եմ, անհավատ եմ, իրենք հավատում են ու գնալու են գիժ-գիժ քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել