Cosmo.am-ը գրում է․
Կեցվածքի և ինքնավստահության միջև կապը առավել ուսումնասիրելու համար Օհայոյի պետական համալսարանը վերջերս 71 ուսանողների շրջանում անցկացրել է մի հետաքրքիր հետազոտություն: Պարզվել է, որ հարցման «ուղիղ կեցվածքով» մասնակիցները, ի տարբերություն կծկվածների և անվստահների, առավել վստահ և լավատես են մասնագիտական իրենց հետագա ծրագրերի վերաբերյալ: Այսպիսով՝ գեղեցիկ կեցվածքն ակնհայտորեն խոսում է ինքնավստահության և ուժի մասին, իսկ երբ դու ինքնավստահ ես, առավել գրավիչ և վստահելի ես դառնում մարդկանց համար. սա գիտնականները նույնպես ապացուցել են:
Բնությունը մեզ բնականորեն պարգևում է կատարյալ կեցվածք, սակայն նստակյաց աշխատանքային առօրյան` 6- 8 ժամ աշխատասեղանի առաջ և մեքենայի ղեկին, գումարած ամենօրյա խնդիրներն ու սթրեսը և ամենօրյա հոգսերի բեռը ուսերիդ ստիպում են քեզ կծկվել և կորցնել երբեմնի գեղեցիկ ու վստահ կեցվածքդ: Այն ետ բերելն ու ուղղելը, իհարկե, հնարավոր է, սակայն երկար աշխատանք ու կամքի ուժ է պահանջում:
Հիմա արդեն մի քիչ ավելի ուղի՞ղ ես նստում: Հիանալի է: Cosmo-ն պատրաստել է մի քանի կարևոր խորհուրդ, որոնք կօգնեն քեզ ազատվել մեջքը կորացնելու վատ սովորությունից և ձեռք բերել վստահ ու կանացի կեցվածք:
Յոգա
Հաճախիր Յոգայի ընդհանուր կամ հատուկ կեցվածքի ուղղման դասընթացների: Յոգայի մեջքի ձգման և ուժեղացման վարժությունները կօգնեն ուղղել կեցվածքդ` ողնաշարը ձգելով և երկարացնելով: Ողնաշարը շրջապատող լարված մկանները թուլացնելուց հետո երբեմնի «անհրաժեշտություն» դարձած մեջքը կորացնելու սովորությունը աստիճանաբար կանհետանա: Աշխատանքային օրվա ավարտից հետո յոգան նաև կօգնի քեզ ազատվել ավելորդ լարվածությունից և վերալիցքավորվել նոր էներգիայով:
Բժշկական մերսումներ
Հաճելի լինելուց բացի մերսման հատուկ տեսականեր կարող են օգնել ազատվել մեջքի մկանային լարվածությունից, վերադասավորել ողնաշարի բնական կորերը և ուղղել կեցվածքդ: Մերսման թերապիայից հետո հաճելի փոփոխություններ կզգաս ոչ միայն ողնաշարի հատվածում, այլև ընդհանուր ինքնազգացողությամբ` ավելի թեթևացած և ազատ զգալով:
Ծանրաքարերով վարժություններ
Ծանրաքարեր բարձրացնելու գաղափարը միգուցե տարօրինակ հնչի, սակայն կեցվածքի հետ կապված խնդիրները գրեթե միշտ կապված են նաև թույլ մկանների հետ: Թեթև ծանրաքարերով 2-3 վարժությունը մարզասրահում մեջքիդ և ուսերիդ մկաններին ուժի մեծ հոսք կապահովի: Սակայն մի կարևոր պայման, հիշի´ր, որ ծանրաքարերով վարժությունների արդյունավետությունը պայմանավորված է ոչ թե դրանց ծանրությամբ, այլ վարժության շարունակականությամբ:
Օգտակար գնդակը
Եթե գրասեղանի առաջ կծկվում ու կորանում ես, ապա ձեռքիդ տակ ունեցիր թենիսի գնդակ: Այս փոքրիկ գնդակը հրաշալիորեն օգնում է ճիշտ նստել գրասեղանի մոտ: Ուղիղ նստած դիրքում աթոռի և քո մեջքի միջև թենիսի գնդակ դիր և փորձիր այն պահել մեջքով` պարբերաբար այն սեղմելով: Այս վարժությունը սկզբում, իհարկե, անհարմար և դժվար կթվա, սակայն այս մշտական «մարզումը» օգտակար սովորություն կդառնա վատ կեցվածքից ազատվելու ճանապարհին:
Բարձրակրունկներ vs սպորտային կոշիկներ
Կան բաներ, որոնց մասին դժվար է լսել, ու երբեմն տհաճ ընդունել: Այո´, բայց ամեն օր, առավոտից երեկո բարձրակրունկներ կրելը հսկայական վնաս է հասցնում քո կեցվածքին: Հնարավորության դեպքում խուսափիր բարձրակրունկներ կրելուց, փոխարինիր դրանք ավելի հարմարավետ ամենօրյա կամ սպորտային կոշիկներով: Դրան գումարած, եթե ուզում ես գեղեցիկ կեցվածք ունենալ, ապահովիր օրական գոնե մեկ ժամ արագ քայլք հարմարավետ սպորտային կոշիկներով: