Օծանելիքի ընտրություն. մաս 1Cosmo.am-ը գրում է․

Օծանելիք ընտրելիս յուրաքանչյուրս առաջնորդվում ենք, անկասկած, սեփական ճաշակով, որը ձևավորվել է մեր կյանքի ողջ ընթացքում` սկսած մեր բույրընկալման առաջին վայրկյաններից: Այն բազմիցս փոփոխվել է մեր ապրած տպավորություններից և նոստալգիկ հիշողություններից և դեռ շատ անգամներ կփոփոխվի` ճիշտ այնպես, ինչպես փոխվում են մեր հայացքները, զգացմունքները:

Մասնագետ-պարֆյումերները բույրի արարման գործընթացում հաճախ առաջնորդվում են մանուկ հասակում ավելի հաճախ զգացած բույրերի վերարտադրության սկզբունքով, քանի որ դրանք, որպես առաջնային, մնում են մեր հիշողության մեջ ընդմիշտ:
Այսօր բույրերի բազմազանությունը ուղղակի ապշեցնող է, դրանց տարատեսակ դասակարգումը ևս:

Շատերին շփոթեցնում են օծանելիքի խանութ-սրահի խորհրդատուի բազմաքանակ հարցերը. բույրը նախատեսում եք կրել տա՞ք սեզոնին, առավոտյա՞ն, թե՞ երեկոյան, օրվա մեծ մասն անցկացնելու եք փա՞կ տարածության մեջ, հաճախո՞ւմ եք մարզասրահ, տա՞ք բույրեր եք նախընտրում, թե՞ սառը և այսպես շարունակ: Իսկ դու ընդամենը ուզում էիր ընտրել քեզ հաճելի բույր: Թվում է` օրեր շարունակ պետք է զբաղվես այդ ոչ այնքան դյուրին ընտրությամբ: Իսկ եթե ժամանակ չունե՞ս, ուրեմն ի՞նչ, պետք է զրկե՞ս քեզ օծանելիք կրելու հաճույքից: Կատակը մի կողմ: Մենք ունենք հարցի լուծումը: Կարդա և մտապահիր:


Օծանելիքների ամենագլխավոր դասակարգումներից մեկը սեզոնայնությունն է: Գարուն, ամառ, աշուն, ձմեռ. յուրաքանչյուր սեզոն ունի իր առանձնահատկությունը օծանելիքի բույրը տարածելու հարցում, և, բացի այդ, մարդ արարածն էլ դարեր շարունակ սովոր է զգալ ամեն եղանակին հատուկ բույրը իր ժամանակին: Դա նման է հագուստին. ձնաբուքին չես կարող զբոսնել սանդալներով, կամ ամռան տապին, որքան էլ մեծ լինի ցանկությունդ, չես կարող փողոց դուրս գալ մոռթե բաճկոնով զուտ այն պատճառով, որ այն նոր ես գնել: Ձմեռային օծանելիքով ևս ամռանը « կշոգես»:

Շատ կարևոր է նկատի ունենալ բույրի սեզոնայնությունը, որը կհուշի անգամ սրվակի երանգը: Մուգ սրվակները հուշում են բույրի ցուրտ սեզոնի համար նախատեսված լինելը, կապույտը վկայում է ծովային նոտաների առկայության մասին, վառ դեղինը` ցիտրուսային, վարդագույնը` վարդի... Հատուկ ուշադրության են արժանի տուփի ոսկեգույն գծերը, որոնք վկայում են բույրի հարուստ և բազմատարր լինելու մասին: Խոսքն իհարկե միջին և բարձր դասի բրենդերի մասին է, որոնց արտաքինը առավելագույնս իրական ներկայացնում է բույրի տեսակը և դասակարգումը:

Գարուն


Գարնանը մեր հոտառությունը վերածնվում է. հաճելի է զգալ ձնծաղկի, նարգիզի բույրերի պես թարմ, մի փոքր սուր, բայց և թեթև բույրեր: Այս գիտելիքը հիմքում ունենալով`գարնանը նախընտրությունը կարելի է տալ թարմ, ծաղկային, թեթև բույրերին, որոնցում հիմնական հնչողություն ունեն հասմիկը, լոտոսը, վարդը, մագնոլիան, ջրաշուշանը և այլն:

Ամառ


Ամռանը բոլորս տենչում ենք ծով, լողափ, հյութալի մրգեր և այդ սեզոնի բույր կարող ես ընտրել ծովային, ծաղկային-մրգային, ցիտրուսային բույրերը, որոնց հիմնական նոտաները կլինեն նարինջը, լիչին, բերգամոտը, պաչուլին և այլն:

Աշուն


Աշնանը ամեն ինչ վառ է, բնությունը շքեղ գույներով է ներկայանում մեզ, եռման աստիճանի վրա են մեր զգացմունքայնությունը և կիրքը: Այստեղ արդեն հարկավոր է ծայրահեղի սահմանին կանգնած մաքսիմալիստական մոտեցում: Առանց կամուկացի ընտրում ենք վառ, գրավիչ, տարատեսակ բնական աֆրոդիզիակներով հարուստ բույրեր: Լարում ենք քիմքային զգացողությունը և փորձում որսալ դեղձի, ակացիայի, տանձի, սանդալի, մանդարինի, իլանգ-իլանգի բույրերը, որոնց փունջը ասես կհագեցնի քիմքի քաղցը և կարտահայտի քո զգայական աշխարհը:


Ձմեռ

Ձմռանը բոլոր կրքերը հանդարտվում են, դու զգում ես ջերմության պակաս, քեզ տիրում է քնաթաթախ հանգստությունը: Բայց բնությանը հակառակ` մենք ստիպված ենք եռանդուն աշխատել, պահպանել մեր գրավչությունը և լինել առույգ: Օգնության են հասնում մեր հոգեվիճակին քաջատեղյակ պարֆյումերները և տալիս են մեզ հրաշագործ էլիքսիրներ մուգ երանգի մոգական սրվակների մեջ: Մեկ հպում և սկսվում է կախարդանքը: Ձմեռային տաք բույրերը պարուրում են մեզ անտեսանելի փափուկ շղարշով, դարձնում ավելի քնքուշ և հոգատար: Այս բույրերը հագեցած են դարչինի, մեխակի, դափնու, պղպեղի, վանիլի, մշկընկույզի հնչեղությամբ և միախառնվելով ծաղկային ակորդներին` օծանելիքը դարձնում հագուստի չափ ջերմ ու անհրաժեշտ:

Ընտրությունը ճիշտ կատարելու համար պակաս կարևոր չէ նաև այն սեփական մաշկի վրա զգալը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրիս մաշկը ունի իր անկրկնելի բույրը, որը օծանելիքի բույրին միախառնվելով, դառնում է մեկ այլ բույր, ինչը արդյունքում կարող է մեզ այնքան էլ դուր չգալ: Օծանելիքը մաշկին տարածելուց 30 րոպե անց կարելի է արդեն զգալ վերջնական արդյունքը: Եթե դուր է գալիս, դու այն շնչում ես նորից ու նորից, ուրեմն, շնորհավորում եմ, դու գտար քո բույրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել