Interpress.am-ը գրում է․

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, Սպիտակ տան այցելությունների սրահում ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը, որը 1925 թվականին նրանք նվիրել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջիին՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին օգնելու համար: Այս ցուցադրությունը հնարավոր դարձավ ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկացի կոնգրեսականների համատեղ երկարատև և համառ ջանքերի շնորհիվ: Համաշխարհային և հատկապես ամերիկյան մամուլը անդրադարձավ գորգի ցուցադրմանը:

Associated Press գործակալությունը իր «Մեկ դար վաղեմություն ունեցող տանջանքների սիմվոլը դրվեց կարճատև ցուցադրման» հոդվածում նշում է, որ ամերիկահայ կազմակերպությունների համար գորգի ցուցադրումը Սպիտակ տանը հանդիսանում է մեծ ջանքով ձեռք բերված հաղթանակ իրենց պայքարում ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար: Գործակալությունը անդրադառնում է գորգի պատմությանն ու ցուցադրման հասնելու գործընթացին՝ նշելով, որ 1925 թ.-ին հայ որբերը այն նվիրվել է ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջիին, իսկ 1982 թ. Քոլիջիի ընտանիքը այն վերադարձրել է Սպիտակ տուն որպես նվեր, ուր գորգը պահվել է համապատասխան պահեստում:

Այս ընթացքում այն ցուցադրվել է երկու ոչ հանրային, մասնավոր միջոցառումների ժամանակ՝ մեկը ամերիկացի կոնգրեսմենի համար 1980-ականներին, իսկ մյուսը՝ 1990-ականներին մի կնոջ, ով ներգրավված է եղել գորգի պատրաստման գործում:

Գործակալությունը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ նշելով, որ պատմաբանները այն որակում են որպես ցեղասպանություն, որի ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից սպանվել են մեկ ու կես միլիոն հայեր: Շարունակելով ճանաչման թեման՝ գործակալությունը անդրադառնում է ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը այս հարցի վերաբերյալ, ըստ որի՝ ամերիկյան ղեկավարությունը խուսափում է այս աղետալի իրադարձությունները կոչել ցեղասպանություն, քանի որ չի ցանկանում հարաբերություններ փչացնել իր դաշնակից Թուրքիայի հետ:

Բերվում է նաև նախագահ Օբամայի մոտեցումը, ով մինչև նախագահ դառնալը խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, սակայն նախագահ դառնալուց հետո դրժեց իր խոստումը՝ այն անվանելով «20-րդ դարի ամենաաղետալի ջարդերից մեկը»:

Գործակալությունը մեջբերում է նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոհն Էվանսի խոսքը, ով ներկա էր ցուցադրմանը: Վերջինս քննադատեց ամերիկյան կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ ընդգծելով, որ հայ որբերի գորգի ցուցադրումը չափազանց փոքր ճանաչում է: Այս նույն հոդվածը արտատպվել է The New Zeland HeraldThe Japan Times, Westman Journal և Pasadena Star-News պարբերականների կողմից:

The Fresno Bee պարբերականը իր «Աղետալի անցյալի սիմվոլ հայ որբերի գորգը կարճատև ցուցադրման դրվեց Սպիտակ Տանը» անդրադարձում նշում է, որ հայ որբերի գորգը տեղադրված է ամերիկյան նախագահներին տրված երկու այլ նվերների կողքին՝ Առաջին աշխարհամարտից հետո նախագահ Հերբերտ Հուվերին նվիրած ֆրանսիական վազի ու նախագահ Բարաք Օբամային նվիրած ճապոնական բալի ծառի ճյուղերի և ծաղիկների կողքին: Երեք նվերներն էլ ստացվել են միջազգային աղետներից հետո որպես երախտագիտության նշան ամերիկյան մարդասիրական օժանդակությանը, ասում է պարբերականը՝ ընդգծելով, որ «ցեղասպանություն» բառը չի օգտագործվում գորգի ցուցադրման պաստառներում:

Պարբերականը մեջբերում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնի խոսքը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, ըստ որի՝ այդ իրադարձությունների բնութագրումը նախագահի լիազորությունների ներքո է:

Պարբերականը անդրադառնում է նաև ամերիկահայ հանրության մտահոգություններին՝ կապված այն հարցի շուրջ, թե ինչու էր թաքցվում գորգը այսքան տարիներ: Նույն նյութը տպագրված է նաև The Bellingham Herald պարբերականում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել