Երեկ Կառավարության նիստի ընթացքում տեղի ունեցած քննարկումը բավական «լսելի» աղմուկ է բարձրացրել: Ու հատկապես այն դրվագը, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջեց Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի 18 հասցեում գտնվող շինության օտարման հարցը հանել օրակարգից:
«Հիմա էդ մարդկանց պետք է հանե՞նք: Հիմա օտարո՞ւմ ենք, էդ մարդկանց թողնենք փողո՞ց: Ես չեմ հասկանում…»,- զարմացած հարցրեց վարչապետը: Այնուհետև, պարզելով, որ այդ տան բնակիչները «հայտնվելու են փողոցում», նա պարզապես հանեց հարցն օրակարգից: Հետաքրքիրն այն է, որ թեև տան օտարման ընթացակարգն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի տառին, բայց բարոյական առումով շեղվում է օրենքի ոգուց: Վարչապետն էլ նախընտրել է պահել ոգին:
Ինչևէ, խնդիրն այն է, որ առօրյայում բազմաթիվ են այն դեպքերը, երբ պատկան մարմինները, իսկ կենցաղային հարցերում նաև մենք, շարժվելով օրենքին համահունչ, անտեսում ենք խնդրի մարդկային կողմը: Իսկ այս խնդրի պարագայում, որևէ մեկի մեղավորության մասին միանշանակ պնդելը դժվար է:
Խնդրի շրջանակներից դուրս է գտնվում նաև պետությունը, քանի որ այն գտնվում է զուտ միջանձնային հարաբերությունների տիրույթում: Ներսիսյանների ընտանիքը տունը գրավադրել և ստացած գումարը տվել է ամերիկահայ մի գործարարի` ներդրում կատարելու նպատակով, սակայն գործերը չեն ստացվել, գործարարն էլ մահացել է: Այս պարագայում արդյոք արդարացի՞ է, որ Ներսիսյանների ընտանիքը փողոցում հայտնվի:
Պետք է հուսալ, որ նախադեպը, ըստ պահանջի, հիմք կդառնա նաև նոր օրինաչափությունների համար: