Life.panorama.am-ը գրում է.

«Խորհրդավորությունը բնորոշ է ավելի էմոցիոնալ անձանց». Նարինե Սուլթանյան

«Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Նանե» հաղորդաշարի շրջանակներում դերասանուհի-հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մի շարք բացահայտումներ է կատարել կանանց խորհրդավորության վերաբերյալ: Խորհրդավոր հայուհին իր տեսակետն ունի խորհրդավոր կանանց մասին. ինչպիսի՞ կանայք են պատկանում այդ տեսակին, ինչո՞ւ նրան չենք տեսնում ֆիլմերում, ինչպե՞ս է հասցնում համատեղել ընտանիքն ու աշխատանքը՝ Life.panorama.am–ի հետ անկեղծացավ սևահեր գեղեցկուհի Նարինե Սուլթանյանը:

-Որքան հասկացել եմ, կանանց թեման ձեզ համար միշտ անսպառ է: Հաճույքո՞վ եք վարում «Նանե» հաղորդաշարը:

-Կանանց թեման ոչ միայն ինձ համար է անսպառ, այլ առհասարակ, կինը շատ բազմաբնույթ, ինչպես նաև հակասական էակ է: Կնոջը բացահայտելը միշտ հետաքրքիր է ցանկացած դրսևորման մեջ, թեպետ նա հաճախ լիարժեք չի էլ ճանաչում ինքն իրեն: Թերևս, ներքին հակասականության շնորհիվ է, որ կնոջ թեման իսկապես անսպառ է:  Անշուշտ, հաճույքով եմ վարում «Նանե» հաղորդաշարը: Հաղորդման նպատակը ոչ թե կնոջն իր ներքին խնդիրներով ներկայացնելն է, այլ հեռուստադիտողների համար ավելի ջերմ և թեթև մթնոլորտ ստեղծելը:

-Այս ընթացքում տարբեր հյուրերի հետ զրուցելով, ամեն ինչ իմի բերելով՝ կարողացե՞լ եք բացահայտել, ո՞րն է կնոջ խորհրդավորության գաղտնիքը:

-Քանի որ կինը հակասական էակ է, կարծում եմ, խորհրդավորության գաղտնիքն էլ հենց այդ հակասականությունն է: Կանանց մեծ մասն իր տեսակով ավելի էմոցիոնալ է, քան պրագմատիկ, իսկ խորհրդավորությունը բնորոշ է ավելի էմոցիոնալ անձանց: Ըստ իս, պրագմատիզմը փոքր-ինչ մեղմում է խորհրդավորությունը: Իսկ եթե պրագմատիզմին գումարվում է  նաև կենցաղը, որը ներխուժում է կնոջ կյանք, ապա խորհրդավորության շղարշը իսպառ վերանում է: Բազմաշերտ ներաշխարհ ունեցող կինն է խորհրդավոր:

-Նարինե, որպես հաղորդավարուհի, ով եթերից բավականին հանգստություն է ներշնչում ու ոչ ժարգոնային հայերեն հնչեցնում, գո՞հ եք հայկական հեռուստաալիքներից ու հեռուստահաղորդավարների խոսքից:

-Գիտեք, ցանկացած հեռուստատեսային դեմք ունի իր լսարանը և աշխատում է որոշակի լսարանի համար, ովքեր ընդունում են իր մատուցման ձևը, հետևաբար նաև նրա խոսքի մշակույթը: Այդ իսկ պատճառով, ես չեմ պատրաստվում քննադատել իմ գործընկերների խոսքի վարպետությունը: Ես պատասխանատու եմ իմ մատուցած տեղեկատվության համար: Կա այսպիսի խաբկանք, որ ժարգոնային խոսքը ավելի անմիջական է դարձնում հաղորդավարի իմիջը, բայց  համամիտ չեմ այդ մտքի հետ, քանի որ կարելի է խոսել գրագետ, դրա հետ մեկտեղ լինել բավականին անմիջական: Դա խոսքի հետ կապ չունի, դա մարդու տեսակից է բխում: Եվ շատ կարևոր է, որ նույնիսկ գրական հայերենով խոսելիս, կարողանաս անմիջական լինել:

-Դուք մասնագիտությամբ դերասանուհի եք, արդյո՞ք այսօր զբաղվածություն ունեք թատրոնում, բեմում:

-Այդ հարցն ինձ շատ հաճախ են տալիս: Ներկա պահին չունեմ զբաղվածություն թատրոնում: Առայժմ բավարարվում եմ հեռուստատեսությամբ և թատերական ինստիտուտում դասավանդելով:

-Ձեզ նախկինում հանդիպեցինք տեսահոլովակում, նաև ֆիլմում: Այսօր նման առաջարկներ չունե՛ք:

-Բնականաբար ունեմ, այլ հարց է, թե որքանով է ինձ գրավում առաջարկվող ֆիլմի կերպարը:

- Իսկ ինչպիսի՞ կնոջ կերպար կցանկանայիք մարմնավորել:

-Սովորաբար ռեժիսորները նույնացնում են դերասանին կերպարի հետ, բայց ես կարծում եմ, որ դերասանի պրոֆեսիոնալիզմը կայանում է նրանում, որպեսզի նա կարողանա մարմնավորել իր տեսակին հակասող կերպար և այդ կերպարում լինի համոզիչ: Դրանում է կայանում դերասանի վարպետությունը և հանդիսատեսին զարմացնելու կամ նորովի ներկայանալու կարողությունը…Կան, իհարկե, կերպարներ, որ ես կցանկանայի մարմնավորել, բայց ինձ ավելի հետաքրքիր է ուսումնասիրել և հաղթահարել առաջադրվող դերը:

-Կարծում եմ, սերիալներից հաճախակի առաջարկներ ստացած կլինեք: Ինչպե՞ս է, որ ձեզ չենք տեսնում այդ ոլորտում:

-Կար ժամանակ, որ յուրաքանչյուր սկսվող սերիալում ինձ դեր էր առաջարկվում, ես էլ հրաժարվում էի, քանի որ դա ժամանակատար աշխատանք էր, իսկ ես չեմ կարող իմ ողջ ժամանակը տրամադրել աշխատանքիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել