Մեծ աղմուկ Թուրքիայում. հայ որբերի գործած գորգը՝ Սպիտակ տան ցուցասրահումArmnewsTV.am-ը գրում է.

Միացյալ նահանգների հայկական կազմակերպությունները ցեղասպանության ճանաչման գործընթացում լորջ հաջողություն են գրանցել` Սպիտակ տան այցելությունների կենտրոնում ցուցադրության դնելով հայ որբ աղջիկների գործած գորգը: Այն 1925 թվականին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին էին նվիրել ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին օգնելու համար:

Գրեթե 1 տարի շարունակ Ադամ Շիֆի գլխավորությամբ բազմաթիվ կոնգրեսականներ նամակներ են գրել Բարաք Օբամային գորգը ցուցադրելու հնարավորություն տալու համար: Կոնգրեսական Ադամ Շիֆի համար Ղազիրի որբանոցի գորգը սոսկ գորգ չէ: Կոնգրեսական Ջիմ Կոստայի համար այս գորգը Հայոց ցեղասպանության վկայությունն է: Կոնգրեսականը համոզված է, որ գորգը Հայոց ցեղասպանությունը Միացյալ նահանգներում ճանաչման գործընթացի միայն մի օղակն է, որը կարող է դառնալ հաջողության սկիզբը: 

Անկախ հետազոտող Միսակ Քելեշյանն ուսումնասիրել եւ պարզել է, որ որբերի գորգագործությամբ զբաղվելը նույնպես բարեգործական նախաձեռնություն է եղել: 16 տարին լրանալուց հետո աղջիկները պետք է հեռանային որբանոցից, սակայն պարզ էր, որ օտարության մեջ աղջիկների համար չափազանց դժվար էր լինելու հաստատվելը եւ որոշում կայացվեց գորգագործություն սկսել:

«Հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը նշեց մեկ այլ դրվագ. գորգը տեղափոխելիս 1925 թվականի դեկտեմբերի 6-ին ամերիկացիները խոստացել էին ամբողջ օրը ուտել միայն մեկ կերակուր եւ մնացած գումարը հատկացնել ցեղասպանությունը վերապրածներին:

Կոնգրեսական Ջոն Սարբեյնը հպարտ է, որ Ամերիկան ցեղասպանության տարիներին հայ գաղթականների կողքին է եղել, բայց կոնգրեսականը նորից կհպարտանա, երբ Վաշինգտոնը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: 

Թուրքիայում հայ որբերի գորգի ցուցադրությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Լրատվամիջոցները ԱՄՆ ղեկավարության որոշումը համարում են 2015-ին ընդառաջ Վաշինգտոնի տրամադրվածության ազդակն ուղղված Անկարային: Թուրքական թերթերը մեջբերում են գորգը չցուցադրելու երկար տարիների անարդյունք քննարկումները և ուշադրություն են բևեռում այն հանգամանքին, որ Սպիտակ տունը գորգը հանրային ցուցադրության է դրել հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել