Սառցախցիկի հիմնական օրենքը հետևյալն է՝ այնտեղ գտնվող ցանկացած ուտելիք այլևս չի ունենա նույն համը, իսկ որոշ ուտելիքների դեպքում նույնիսկ ահավոր համ կստանա, սրտխառնոց կառաջացնի կամ կպայթի ու կաղտոտի ամբողջ խցիկը: Ուստի առաջարկում ենք ծանոթանալ այն սննդամթերքների ցանկին, որոնք երբեք, ոչ մի դեպքում չի կարելի պահել սառցախցիկում:

Ձուն իր կճեպով

Սառցարանում սրանք դառնում են փոքրիկ ռումբեր սննդային թունավորումների համար: Բացասական ջերմաստիճանը հանգեցնում է ձվի հեղուկ մասի ընդարձակմանը, ինչը կարող է ճաքեցնել կճեպը և ներս թողնել բակտերիաներին: Նույնիսկ եթե չպայթի և ձեր մաքուր սառցախցիկը չվերածի աղետի գոտու՝ հում կամ խաշած ձվի սպիտակուցը կվերածվի մածուցիկ ռետինանման զանգվածի, որը, մեղմ ասած, հաճելի չէ ուտել:

Թարմ բնամթերքը

Խոսքը վերաբերում է այն ամենին, ինչը ջրային մաս է պարունակում, հատկապես՝ ձմերուկը, խնձորը, նեխուրը, կանաչեղենը, կարտոֆիլն ու վարունգը: Նրանց մեջ պարունակվող ջուրը վերածվում է սառույցի, իսկ երբ այն հալվում է, այս բնամթերքները վերածվում են փափուկ, լպրծուն զանգվածի: Նույնը վերաբերում է դեղաբույսերին՝ սառցախցիկից հանելուց հետո դրանք կարող են վերածվել մուգ շագանակագույն, լխկած մի կծիկի:

Կաթնամթերք

Կաթը, թթվասերը, փափուկ պանրի տեսակները՝ ռիկոտա, հալած պանրիկներ, ինչպես նաև յոգուրտը, դառնում են կաթնաշոռանման զանգված, ինչի հետ հաճելի չէ գործ ունենալ:

Հալեցված միս և ծովամթերք

Մի բան է սառցարանում հավի կրծքամիս դնել, մեկ այլ բան՝ հանել, ընթրիք պատրաստելու համար հալեցնել, ապա միտքը փոխել ու նորից դնել սառցախցիկը: Այդ տեղափոխումները բակտերիաներին հիանալի ժամանակ են ընձեռում վերարտադրվելու ու բազմանալու համար, ինչը սննդային թունավորման վտանգ է առաջացնում:

Ձվի հիմքով սոուսներ

Մայոնեզը, հոլանդական սոուսը, ձվային հիմքով նման այլ սոուսները տեղ չունեն սառցախցիկում, քանի որ ջրային մասն առանձնանում է, և դրանք ստանում են տհաճ համ ու հոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել