Գոյություն ունի մի չգրված օրենք. չի կարելի այլ մարդկանց երեխաների լուսանկարները տեղադրել «Facebook»-ում։
Ես դա գիտեի, բայցևայնպես 2012 թ.-ին ես անգիտակցաբար խախտեցի այս չգրված օրենքը։ Ես ոգևորված էի իմ երեխայի ծննդով և մի փոքր էլ քնի պակաս ունեի։ Իմ ընկերուհին, ում այստեղ պայմանականորեն Քեթի կանվանեմ, հրավիրեց ինձ իր փոքրիկին տեսնելու։ Նրա տղան իմ տղայից մի ամսով էր փոքր։
Ես լուսանկարեցի կողք կողքի պառկած մեր երկու փոքրիկներին։ Տուն դառնալիս ես նայեցի լուսանկարը և հպարտության զգացումով համակվեցի։ Դա այնքան խոսուն լուսանկար էր, որ ես առանց երկար-բարակ մտածելու հանեցի հեռախոսս ու «Facebook» ներբեռնեցի լուսանկարը՝ այնտեղ թեգ անելով ընկերուհուս։ Մարդիկ սիրում են նորածինների լուսանկարներ, ուստի զարմանալի չէ, որ մի քանի ժամում լուսանկարը բազում «like»-եր ու մեկնաբանություններ հավաքեց։

Որոշ ժամանակ անց ես հաղորդագրություն ստացա ընկերոջիցս, որում նա սիրալիր կերպով խնդրում էր ինձ հեռացնել լուսանկարը։ Բանն այն է, որ լուսանկարի տեղադրումից հետո Քեթիին սկսել էին անթիվ-անհամար շնորհավորական նամակներ գալ որդու ծննդյան առթիվ, մինչդեռ նա իր ֆեյսբուքյան ըննկերներից շատերին անգամ չէր էլ տեղեկացրել իր հղիության ու որդու ծննդի մասին։
Սմարթֆոնների տարածմանը զուգընթաց մենք սկսել ենք ավելի քիչ մտածել այս կամ այն լուսանկարը սոցցանցերում հրապարակելուց առաջ։ Մենք ժամանակ առ ժամանակ սխալներ ենք գործում՝ բարկացնող լուսանկար կամ զայրացկոտ մեկնաբանություն դնելով, սակայն մենք գիտակից մեծահասակներ ենք, ու սրանք մեր սխալներն են։ Իսկ ի՞նչ անել, երբ հարցը վերաբերում է երեխաներին։ Ծնողների մեծ մասը սոցցանցերում իրենց երեխաների լուսանկարներն են տեղադրում կամ նրանց մասին գրառումներ կատարում, սակայն արդյոք էթիկապես ճի՞շտ կամ անվտա՞նգ է ինչ-որ մեկի մասին ինչ-որ բան հրապարակել, եթե նա անգամ չի կարող իր համաձայնությունը տալ։ Հնարավո՞ր է արդյոք, որ որոշ ժամանակ անց այս անմեղ լուսանկարները վնաս հասցնեն մեր երեխաներին։

Որոշակի կանոններ սահմանիր քեզ համար։
Վերջերս կատարված ամերիկյան հետազոտությունը ցույց է տվել, որ մայրիկների 63 տոկոսն օգտվում է «Facebook»-ից։ Նրանց 63 տոկոսը նշել են, որ հրապարակում են իրենց երեխաների լուսանկարը «Facebook»-ում, 89 տոկոսը՝ ստատուսներ գրում իրենց երեխաների մասին, իսկ 46 տոկոսը՝ հրապարակում երեխաների մասնակցությամբ տեսանյութեր։
Ես ինքս էլ անում եմ դա, սակայն զգուշորեն։ Կան լուսանկարներ, որոնցով ես նախընտրում եմ չկիսվել սոցցանցերում, օրինակ՝ երեխաներիս մերկ լուսանկարները, նկարներ, որոնցում ես կամ երեխաներս տարօրինակ դիրքերով ենք և լուսանկարներ, որոնցից ակնհայտորեն պարզ կլինի, թե մենք որտեղ ենք բնակվում։ Ես երբեք չեմ խորացել այս կանոնների մեջ, այլ ավելի շատ բնազդորեն եմ հետևել դրանց։
Ես հրապարակում եմ երեխաներիս լուսանկարները «Facebook»-ում, որովհետև ցանկանում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ կիսվել երեխաներիս մանկության պահերով և թույլ տալ նրանց տեսնել, ինչպես են երեխաներս մեծանում (ընկերներիցս շատերը հեռու են բնակվում): Թվում է, թե սա անվտանգ է, քանի որ ես անվտանգության այնպիսի կարգավորումներ եմ դրել, որ այդ լուսանկարները միայն ընկերներիս հասանելի լինեն, սակայն արդյոք ճի՞շտ է հրապարակել երեխաների լուսանկարները։

Օքսֆորդի Ինտերնետ ինստիտուտի աշխատակից Վիկտորիա Նեշն այս թեմայի շուրջ խոսելիս ասել է.
«Երկու բան կա, որոնց նկատմամբ պետք է մասնավորապես ուշադիր լինել.
-
Հրապարակվող տեղեկատվության ծավալը, որում կարող է ներառվել ծննդյան ամսաթիվը, ծննդյան վայրը, երեխայի ամբողջական անունը կամ լուսանկարների վայրի նշումը, կարող է օգտագործվել ինչ-որ մեկի կողմից, ով կցանկանա «գողանալ» Ձեր երեխայի ինքնությունը։
-
Երկրորդ գործոնն ավելի շատ կապված է երեխայի համաձայնության հետ։ Հետագայում ի՞նչ տեսակի տեղեկատվություն երեխաները կուզեն տեսնել իրենց մասին օնլայն»։
Դու վտանգի՞ ես ենթարկում երեխայիդ
Կիսվել նշանակում է հիշվել, սակայն երբեմն մենք չափից ավելի շատ ենք կիսվում։
Լոնդոնի տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Սոնա Լինվինգսթոնը նշել է, որ, անշուշտ, ոչ բոլոր նկարներն են խնդրահարույց, սակայն որոշ լուսանկարներ կարող են խնդիրների պատճառ դառնալ։ Արտասահմանյան որոշ երկրներում ընդունելության քննությունների հանձնաժողովի անդամները «Google»-ում տեղեկատվություն են որոնում դիմորդների մասին, էլ չասած գործատուների որոնումները։
«Երեխայի մասին տեղեկատվություն տեղադրելով ինտերնետում՝ հնարավոր է, որ Դուք վտանգի տակ դնեք Ձեր երեխային ներկայում կամ ապագայում», - նշել է Լիվինգսթոնը։

Ուշադրությո՛ւն դարձրեք գաղտնիության կարգավորումներին
Եթե Դուք 5000 ընկեր ունեք, որոնց մեծ մասին անգամ չեք էլ տեսել իրական կյանքում, ապա լուսանկարները միայն ընկերների համար դարձնելը ապահովություն չի երաշխավորում։ Հնարավոր տհաճություններից խուսափելու համար կարելի է զտել ընկերների ցանկը։ Բացի այդ, երեխայի մասին ինչ-որ գրառում կատարելիս կարելի է ոչ թե երեխայի ամբողջական անունը գրել, այլ ինչ-որ փաղաքշական անուն։ Ինչպես ընկերներիցս մեկն է ասում, կատարյալ անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե առհասարակ ոչինչ չհրապարակես, սակայն ծնողների մեծ մասը կարողանում են գտնել ոսկե միջինը։

«Facebook»-ը և այլ կայքեր օգտագործում են օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի օգնեն գովազդատուներին հասնել իրենց թիրախային սպառողներին։ Նրանք այս կերպ են փող աշխատում։
Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի «Facebook»-ը 15 կամ 20 տարի անց։
Վիրտուալ ալգորիթմի զարգացումը
«Facebook»-ն արդեն այսօր դեմքերը ճանաչող ավտոմատ համակարգ ունի, որն աշխատում է՝ օգտվելով նախկին լուսանկարների թեգերից։ Մինչ նորածինները դեռահասներ կդառնան, այսպիսի ալգորիթմները շատ ավելի զարգացած կլինեն։ Ժամանակի ընթացքում երեխաներն արտաքնապես կփոխվեն, սակայն տեխնոլոգիաներն այնքան արագորեն են զարգանում, որ անգամ այդ փոփոխությունները չեն խանգարի կայքերին ճանաչել նրանց դեմքերը։
Իրենց և իրենց երեխաների տվյալների գաղտնիության մասին հոգացող մարդիկ շատ տխրելու առիթ չունեն։ Կան «Facebook»-ի այլընտրանքային ցանցեր, որոնք թույլ են տալիս, որ օգտատերերը ժամանակավոր կիսվեն այս կամ այն լուսանկարով կամ գրառումով (օրինակ՝ «Snapchat»-ը, «Whisper»-ը «Secret»-ը)։
Բացի անվտանգության նկատառումներից, մեկ այլ հարց էլ կա։ Ի՞նչ կմտածեն մեր երեխաները մեր հրապարակումների մասին, երբ նրանք մեծանան։ Եթե նրանք լավ հարաբերություններ ունենան ծնողների հետ, նրանք հավանաբար սիրով հետադարձ հայացք կգցեն և սոցցանցերի լուսանկարներին նայելով՝ կհպարտանան իրենց ծնողներով, իսկ եթե սրված հարաբերությունների մեջ լինեն իրենց ծնողների հետ, նրանք վերջիններիս մեղադրելու ևս մեկ առիթ կունենան և գուցե իբրև գաղտնիության իրավունքի ոտնահարում դիտարկեն նրանց՝ իրենց հետ կապված հրապարակումները։
Հնարավո՞ր է մեկընդմիշտ ջնջել սոցցանցից այս կամ այն լուսանկարը։

Ես ջնջեցի Քեթիի փոքրիկի հետ նկարը, սակայն ես չգիտեմ, թե ինչ է լինում այսպես կոչված մետատվյալների հետ (լուսանկարի վայրը, որը նշել էի «Facebook»-ում, թեգերը)։ Հնարավոր է՝ այդ լուսանկարը մինչ օրս էլ մնացել է կիբերտարածության ինչ-որ մթին անկյունում, գուցե ոչ հենց «Facebook»-ում։ Ուստի երեխաների լուսանկարներով կիսվելուց առաջ մի լավ մտածեք։ Հնարավոր է, որ պահի տակ հրապարակված լուսանկարը զգալի ազդեցություն ունենա երեխայի ապագայի վրա։
Հեղինակ՝ Լինդա Գեդես



