Life.panorama.am-ը գրում է․

Աղջիկս ինձ համար 100 տղա արժի, բայց… .ռեփեր Համո

Ասում են, երջանկությունը միայնակ չի այցելում, այն իր հետ բերում է բազում հաջողություններ: Դերասան Համո Ադիյանի կամ ռեփեր Համոյի ընտանիքը օրեր առաջ երջանկացավ՝ ևս մեկ զավակ, այս անգամ՝ արու զավակ ունենալով: Իսկ թե ի՞նչ հաջողություններ է իր հետ բերել փոքրիկ Էդգարը, Life.panorama.am-ին պատմեց մեր հյուրը: Ի դեպ, նրա հետ զրուցեցինք նաև երաժշտության մեջ դրսևորած «պարապուրդի» և այլ հարցերի շուրջ:

-Ի՞նչ նորություններ ունեք, որ կցանկանայիք մեզ հետ կիսվել:

-Ամենակարևոր նորությունն այն է, որ տղա ունեմ:  Իսկ գործնական առումով ասեմ, այսօր և վաղը Էդգար Էլբակյան թատրոնում ներկայացում ունենք, պրեմիերա է: Ներկայացումը կոչվում է «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը»: Էդուարդ Օլբիի «Ի՞նչ էր պատահել գազանանոցում» պիեսի հիման վրա է: Վերնագիրը փոխել ենք, քանի որ ռեժիսոր Արմեն Էլբակյանը մի քիչ այլ մոտեցում է ցուցաբերել բեմադրությանը՝ առանց պիեսի ընդհանուր գաղափարից շեղվելու: Նաև Խամաճիկների պետական թատրոնում եմ հանդես գալիս որպես դերասան և տիկնիկավար:

-Ձեզ տեսնում են նաև Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալում՝ Ռշտունի կերպարում: Այլ ֆիլմերից, սերիալներից առաջարկներ չունե՞ք:

-Ֆիլմերից առաջարկներ ունեմ, պարզապես ժամանակի առումով չեմ հասցնում: Նախ, թատրոններում ամենօրյա զբաղվածություն ունեմ: Եվ հետո, մեր ընտանիքում նոր բալիկ, նոր անդամ ունենք, և որքան էլ կնոջս՝ Լիլիին, մայրիկը օգնի, ես էլ փորձում եմ ինչ-որ չափով օգտակար լինել: Այնպես որ, գրաֆիկը մի քիչ խտացել է, չեմ հասցնում: Հաջորդ տարի ավելի հանգիստ կլինեմ ու կմտածեմ գործնական առաջարկների շուրջ:

-Դուք  նաև ռեփային երաժշտությամբ էիք ներկայանում: Այդ առումով կարծեք նույնպես հանգստանում եք, այո՞:

-Ճիշտն ասած՝ 10-12 նոր երգեր ունեմ գրած, որոնք շատ եմ ցանկանում հանդիսատեսին հանձնել: Բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում այդ ամենը ձայնագրել: Նաև, հիմա այն դարն է, որ մարդիկ կարողանում են իրենց ցանկացած երգը ինտերնետից քաշել և չեն ձգտում օրիգինալ սկավառակը գնել: Եթե այլ երգիչ-երգչուհիներ կարողանում են սկավառակ թողարկել ու այդ գումարը հետ բերել ռեստորաններում կամ հարսանիքներում երգելով, ապա ես իմ ռեփը ոչ հարսանիքին, ոչ կնունքին, ոչ էլ այլ վայրերում կարող եմ երգել: Այսինքն, այն ֆինանսը, որը պետք է ներդնեմ, հետո չեմ կարող հետ բերել: Անիմաստ է ստեղծել մի սկավառակ, որը ոչ ոք չի գնելու, այլ համացանցից է ձեռք բերելու: Այդ պատճառով եմ այս դաշտում լռում… Բայց միևնույն է, գրում եմ, ստեղծագործում: Նաև սովորում եմ հեռուստառեժիսուրայի ֆակուլտետում և հուսով եմ որոշ ժամանակ հետո կկարողանամ իմ երգերից գոնե մի քանիսի վրա տեսահոլովակ նկարահանել: Այդ ժամանակ կկարողանամ ստեղծագործություններս հանձնել հեռուստադիտողի դատին: Հույս ունեմ դա իրականացնել 2015 թվականին:

-Համո, դուք դստրիկ ունեք, օրեր առաջ լույս աշխարհ եկավ նաև Ձեր որդին: Երկրորդ անգամ հայր դառնալը Ձեր մեջ ի՞նչ փոխեց:

-Ինձ համար աղջիկս 100 տղա արժի, բայց ամեն դեպքում նաև տղա ունենալը և պատասխանատվության ավելացում է, և երջանկություն: Երբ աղջիկ ունեցա, հասկացա, որ սիրտս անմահ է, կապրեմ հավերժ, տղայիս ծնվելուց հետո հասկացա, որ և սիրտս է անմահ, և հոգիս: Հավանաբար, գաղտնիքը նրանում է, որ սերունդ տաս ու այդ սերունդը քեզ փոխարինի: Այն ինֆորմացիան, որը ստացել ես այս տարիների ընթացքում, փոխանցում ես երեխային ու փորձում իր ճանապարհն ավելի կանաչ ու հարթ դարձնել: Զգացողությունն անբացատրելի է, չգիտեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել