Այս օրերին բոլորս ենք լցված ցասումով. մեր խոցված ուղղաթիռի անձնակազմի արյունը վրեժ է պահանջում: Այս հարցում միասնական ենք, բայց բաժանված ենք երկու ճամբարի: Մի մասը պահանջում է անհապաղ, առանց երկար-բարակ սպասելու պատժիչ գործողություններ սկսել, իսկ մյուս մասը՝ սպասել, սառնասիրտ հաշվարկել, անսպասելի ու դաժան պատժել: Հիմնական քննարկումները և վեճերը այս երկու կարծիքների մեջ են։ Քննարկումները թեժ են լինում, իսկ կարծիք արտահայտողները տարբեր հիմնավորումներ ունեն, ոմանք զգացմունքային, իսկ ոմանք հաշվարկելով ու վերլուծելով: Օրինակ՝ երբ մի ազատամարտիկ կամ զինվորական է ասում, որ պետք է անհապաղ պատժել, առանց սպասելու կամ հաշվարկելու, էլի ինչ-որ տեղ հասկանում եմ, բայց որ սկսում են անհապաղ պատժելուց խոսել այն մարդիկ, ովքեր զինվորական համազգեստի օձիգ անգամ կարել չգիտեն, բանակից խուսափել են կամ իրենց զավակներին են ազատել բանակից կամ տարրական պատկերացում չունեն զինվորական գործից կամ արտասահմանում տաքուկ անկյուններում նստած անհապաղ պատերազմ սկսելու կոչեր են անում, այ դա արդեն, մեղմ ասած, չեմ հասկանում: Իսկ որ պատժել հաստատ պետք է, դա ասում են բոլորը, բայց պետք չէ իրար վիրավորել կամ թշնամանալ շտապ կամ հաշվարկված պատժելու կարծիքների պատճառով: Եթե թուրքն այդքան կա, որ իրեն պատժելու ժամանակի շուրջ իրար հետ վիճենք, ուրեմն վիճենք ու թշնամանանք: Բայց կա՞ այդքան:



