Կառավարության նման մոտեցումը դրական ազդեցություն կունենա սահմանամերձ համայնքների բնակիչների ապրուստի վրա. ԳյուղապետերPanorama.am-ը գրում է․

«Կառավարության կողմից ցանկացած օգնություն, աջակցություն սահմանամերձ համայնքների բնակիչներին միանշանակ ողջունելի է, քանի որ այն հեշտացնում է մեր բնակիչների հոգսերը: Միայն գոհունակություն կարող ենք հայտնել այդ որոշումից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը` մեկնաբանելով «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունելու Ազգային Ժողովի պատրաստակամությունը:

Նրա խոսքով` նախագիծը շատ խնդիրներ կլուծի, այդ թվում և արտագաղթի տեմպերի նվազմանը կարող է նպաստել, քանի որ, եթե մարդիկ վիճակի չեն սպառած գազի և էլեկտրաէներգիայի համար վճարել, ապա շատ դեպքերում որոշում են հեռանալ համայնքից: Իսկ եթե դրանց վճարումները զեղչվեն, ապա գուցե միայն հող մշակելով կարողանան ապրեն մարդիկ:

Մովսես համայնքը 75-80 տոկոսով գազաֆիկացված է, այնպես որ` կարելի է ասել, որ համայնքի բնակիչների մեծամասնությունը կօգտվի այս փոխհատուցումից: Ա.Ավալյանի խոսքով` այն կտարածվի շուրջ 450-460 տնտեսության վրա, իսկ դա զգալի ցուցանիշ է:

«Մենք շատ գոհ ենք կառավարությունից, խորհրդարանից, որ նման նախաձեռնությունը առաջ քաշվեց ու այն ընդունվեց»,- ասաց նա ու հավելեց, որ հաջորդ տարվա համար պատրաստվում են մի շարք ծրագրեր ներկայացնել` Մովսես-Նորաշեն ճանապարհահատվածի ասֆալտապատման, ջրագծի և այլնի հետ կապված և հույս ունեն, որ այդ հարցերում ևս կառավարությունը նրանց միայնակ չի թողնի:

Սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես նշեց, որ նման նախագիծը չի կարող չողջունվել, այն սպասված էր ու դժվարին այս պայմաններում լավ ավետիս է բնակիչների համար:

«Իսկապես ուրախ եմ, որ նման նախաձեռնություն եղավ, որովհետև միշտ այն կարծիքին եմ եղել, որ սահմանամերձ համայնքների բնակիչների, համայնքների նկատմամբ վերաբերմունքը պետք է փոքր-ինչ տարբերվի»,- նշեց համայնքապետը:

Միևնույն ժամանակ նա չի կիսում Մովսեսի գործընկերոջ տեսակետը, թե դա կարող է նվազեցնել արտագաղթի միտումները, քանի որ սահմանամերձ համայնքների բնակիչները ավելի շատ անվտանգության նկատառումներից դրդված են արտագաղթում, քան սոցիալական պայմաններից ելնելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել