Ո՞վ է Սմբատ Ցականյանի մարմինը տեղափոխել դեպքի վայրիցArtsakhpress.am-ը գրում է․

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է՝ ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:

Այսօր կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է Շահումյանի շրջանի անչափահաս  բնակիչ Սմբատ Ցականյանի սպանության վայրի զննության և դիակի դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները՝ լուսանկարչական հավելվածով: Այնուհետև արձանագրություններն ուսումնասիրելու և ծանոթանալու համար  ներկայացվել է մեղադրող և պաշտպանվող կողմերին:

Դատախազ Կարեն Գաբրիելյանի այն հարցին, թե,  ի վերջո, ո՞վ է սպանված պատանու մարմինը տեղափոխել  դեպքի վայրից, ամբաստանյալներ Գուլիևն ու Ասկերովը փոխադարձաբար մեղադրել են միմյանց՝ ինչպես սպանության, այնպես էլ դիակը դեպքի վայրից տեղափոխելու հարցերում:  

Մասնավորապես, ամբաստանյալ Ասկերովն իր ցուցմուքներում մի դեպքում պնդել է, թե իր ինքնաձիգը, որով իրագործվել է Ս. Ցականյանի սպանությունը, խմբի մյուս անդամների ինքնաձիգերից տարբերվում էր նրանով, որ բռնակը կոտրված էր, իսկ մյուս դեպքում, որ ինքնաձիգի ծալովի մասն է կոտրված եղել, որն էլ հետագայում փոխել է հանցախմբի մյուս անդամների հետ: Սակայն շարունակել է պնդել, որ սպանության գործում ինքը մասնակից չի եղել, ինչին հակադարձեց Գուլիևը՝ նրանից պահանջելով դատարանին պատմել ճշմարտությունը:

Հակառակ Ասկերովի ցուցմունքների՝ մեղադրող կողմը հանդես է եկել փորձագիտական եզրակացության հրապարակմամբ, ըստ որի, սպանության գործիքը չի փոխվել, և այն հայտնաբերվել է Ասկերովի մոտ,  որի վերաբերյալ վերջինս հստակ պատասխան չկարողացավ տալ:

Նշենք, որ Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ ևս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել