Life.panorama.am-ը գրում է․

Երեխաների մոտ նկատվող հոգեբանական խնդիրների, դրանց լուծումների և ծնողների մոտեցումների թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է «Բանալի ընտանիքի կենտրոն»-ի հոգեբանական գծով տնօրեն Նարինե Իսրայելյանի հետ:
-Տիկին Իսրայելյան, մինչև դպրոցահասակ տարիքի երեխաների մոտ որո՞նք են առավելշատ տարածված հոգեբանական խնդիրները կամ ծնողներն ինչ խնդիրների են բախվում:
-Այստեղ նախ կցանկանայի մի հանգամանք նշել, ցավոք, երեխաները գնում են դպրոց 6 տարեկանում, ես համաձայն չեմ դրան: Նրանք դեռ խաղով ուսանելու տարիքային շրջանում են: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա ասեմ, որ 3-7 տարեկան երեխաների մոտ տեսանելի հոգեբանական խնդիրներն են վախերը, հասակակիցների հետ շփման անկարողությունը և իրենց սեռին համապատասխան վարքի դրսևորման դժվարությունը:
-Նշեցիք խնդիրները, սովորաբար նման պարագայում ծնողների մոտեցումը ո՞րը պետք էլինի:
-Այստեղ ծնողների խնդիրը և շատ հեշտ է, և շատ դժվար: Հեշտ է որովհետև երեխաները նմանակում են ծնողներին: Եթե ծնողը կարողանում է լինել այն օրինակը, որը կցանկանա տեսնել իր երեխայի մեջ, ուրեմն այդ դեպքում և՛ երեխան է շահում, և՛ ծնողը: Եթե ծնողը իր վարքով, զգացմունքներով շատ ավելի ազատ է ընտանիքում և այդ նույնը երեխային արգելում է կամ նույնի համար պատժում է, ուրեմն շատ բարդանում է ծնողի և երեխայի հարաբերությունը: Այս դեպքում երեխաները խուճապի են մատնվում, որովհետև այդ տարիքում իրենց համար ամենակարևոր մարդիկ ընտանիքի անդամներն են, իսկ նրանցից օրինակ վերցնելու դեպքում գոնե այսպիսի եզրակացության են գալիս, եթե մեծանանք կարելի է, բայց քանի փոքր ենք չի կարելի:
-Երբ երեխան ագրեսիվ է դառնում, ծնողի խրատն արդեն ազդեցություն չի թողնում, դաինչի՞ հետևանք է:
- Առաջին կարևոր հետևանքն այն է, որ երեխայի մոտ չի ձևավորվում ընդհանրապես ճիշտ վարքի գաղափար: Երեխան կարծում է, որ մեծերին կարելի է, փոքրերին՝ ոչ: Երկրորդը՝ մենք ունենք այսպիսի ազգային մշակույթ, երբ երեխային մինչև որոշակի տարիք ամեն ինչ թույլատրում ենք, հետո ինչ-որ տարիքից սկսում ենք դաստիարակել, բայց արդեն արգելելով: Եվ երեխաները նորից խուճապի են մատնվում՝ այստեղ արդեն հակառակը մտածելով՝ փոքր էինք կարելի էր, հիմա մեծանում ենք՝ չի կարելի: Այդտեղից առաջանում է երեխաների մոտ վախերով պայմանավորված երկու դրսևորում կամ դեպերեսիվ, երբ երեխան մեկուսանում է, փակվում է, խեղճանում կամ հակառակը՝ ագրեսիվ, դա պաշտպանվելու բնությունից տրված պարզ տարբերակ է: Բայց դա իր մոտ կիրառվում է՝ ելնելով նրանից, որ ինքն իրեն դուր չի գալիս և հասակակիցների հետ շփվել չի կարողանում: Ո՞ւմ պետք է մեղադրի դրա համար, բնականաբար, ընտանիքի անդամներին՝ ծնողներին: Եվ այստեղ սկսում է նրանց հետ էլ կոնֆլիկտի մեջ մտնել: Ի դեպ, մենք ունենք այնպիսի մի տարիք, այսպես ասած, նեգատիվ շրջան, երբ երեխան պետք է ասի՝ ես ինքս: Այդ տարիքն ինքն իրենով արդեն հակասական է: Եթե երեխային այդ տարիքում և դրանից հետո չեն կարողանում օգնել, որ ինքն իրեն ճիշտ ճանաչի, պարզ է, որ ինքը ստիպված է պաշտպանվել, բնազդով եկած կամ խեղճությամբ կամ ագրեսիվությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



