Այսօր Երևան-Վեդի, Երևան-Արարատ ուղևորափոխադրող ավտոբուսների ուղեվարձը մինչև Նոր Կյանք գյուղ ավելացվել է 50 դրամով: Եթե մինչև այսօր գանձվում էր 250 դրամ, այսօրվանից գանձվում է 300 դրամ: Այս առիթով ոչ մի բացատրություն վարորդներից չկարողացա ստանալ: Ուստի զանգահարեցի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և համապատասխան վարչությունից տեղեկացա, որ իրենք ոչ մի թանկացումից տեղյակ չեն և կճշտեն, թե ինչի մասին է խոսքը: Մի քանի ժամ անց համապատասխան մարմինները տեղեկացրին, որ թանկացում չի եղել, նաև ավելացրին, որ թանկացման հետ կապված ոչ մի հայտ չեն ստացել և չեն քննարկել, առավել ևս չեն հաստատել: Փաստորեն, անօրինական գործողություն է կատարվում՝ փորձելով հիմարացնել ժողովրդին: Խնդիրը ոչ թե գանձվող 50 դրամն է, այլ այն, որ մարդկանց դնում են կատարյալ հիմարի տեղ և կարծում են՝ կարող են վարվել, ինչպես կցանկանան:
Սիրելի՛ ընկերներ, որքան հնարավոր է տարածեք, որպեսզի ովքեր օգտվում են այդ ուղևորափոխադրող միջոցներից, իրազեկ լինեն թանկացման անօրինականության մասին: Ավելացնեմ, որ նման դեպքերի ժամանակ պետք է առանց վարանելու կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, որպեսզի միասին կանխենք գործող անօրինականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել