1in.am-ը գրում է․

Կիրակի վաղ առավոտից «Սան տաֆե» սրճարանի անմիջական հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Հակառակ բանվորների հավաստիացումներին, թե տեղում միայն սալիկապատման աշխատանքներ են կատարվում, առաջին հայացքից էլ հասկանալի է, որ ինչ-որ նոր շինություն է կառուցվում, բետոնապատվում է տարածքը, և որն ավարտվելուն պես փակվելու է Կասկադից դեպի օպերա նայող գեղեցիկ տեսարանը:
Երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն առաջիններից մեկն էր ահազանգել շինարարության մասին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ երբ ինքը փորձել է պարզել, թե ինչ է կառուցվում, սպառիչ պատասխան չեն տվել: «Հսկայական հիմք է փորված և պարզից էլ պարզ է, որ տեղում կապիտալ շինարարություն է լինելու: Շինարարությունն ինձ հուշում է, որ այն դառնալու է երկու, եթե ոչ ավելի, հարկանի լափելու տեղ: Բայց դա անթույլատրելի է, քանի որ այդ շինարարությանբ իրենք փակում են Կասկադից դեպի Օպերա նայող տեսարանը: Խեղդում են ամբողջ այդ պողոտան, մինչդեռ Կասկադից դեպի Օպերա տանող այդ ճառագայթը պետք է ամբողջությամբ բաց լիներ»,- ասաց Իսպիրյանը՝ հավելելով. «Սա նշանակում է, որ Երևանի քաղաքապետը, քաղաքաշինության նախարարը աչք են փակում մեր քաղաքի այնտեսակ այլանդակումների վրա»:
Արթուր Իսպիրյանն արդեն իսկ դիմել է Երևանի անագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին՝ այս հարցը ավագանու նիստին բարձրացնելու համար: Բացի այդ, քաղաքացիների ավելի մեծ խմբով կպայքարեն շինարարությունը թույլ չտալու համար՝ չնայած վերջինիս պայքարի մնացած փորձերը ձախողվել են: «Ես պայքարում էի նաև Մոնումենտի, Հաղթանակի զբոսայգու շինարարության դեմ, բայց օր օրի աչքիս առաջ բարձրանում է այդ շինարարությունը, աղբահանությունը չի կատարվում: Դրա պատճառն այն է, որ քաղաքացիները բոլորը ոտքի չեն կանգնում, ու իրենք ինչ ուզում, մտքներով ինչ անցնում, կառուցում են»:
Նշենք, որ վերը նշված շինարարության վայրում չկա նաև քաղաքապետարանի կողմից պարտադրվող «Ավելի բարեկարգ Երևան» մակագրությամբ պաստառը, որը հուշում է նաև, թե ինչ է կառուցվում այդտեղ:
Քաղաքապետարանից, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման, տեղեկացրեցին, որ նշված տեղում որևէ շինարարություն չի կատարվում, ընդամենը բարեկարգման աշխատանքներ են կատարվում: «Հավաստիացնում ենք, որ նշված տեղում նոր շինարարության մասին խոսք լինել չի կարող: Պարզապես բարեկարգման աշխատանքներ են տարվում, սակայն անգամ սրճարանի մասում ծավալային որևէ փոփոխություն չի լինելու»,- ասաց քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են փորվել և արդեն իսկ բետոնապատվել հիմքերը, Գևորգյանը նույն պատասխանը տվեց. «Ընդամենը բարեկարգման աշխատանքներ են»:
Նշենք, որ քաղաքապետարանը ամիսներ շարունակ նույն պատասխանն էր տալիս, երբ Իսահակյան 28/1 հասցեում՝ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ, ծառեր էին հատվում: Քաղաքապետարանը հավաստիացնում էր, որ տարածքը բարեկարգվում է, և որևէ սրճարան այնտեղ չի լինելու, սակայն ամիսներ անց, երբ պաստառները բացվեցին, մենք ականատես եղանք հերթական «գլամուր»՝ The Park սրճարանի, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանին ու նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին:



