«Փաստն այն է, որ վեց օր մեր ուղղաթիռն ու նրա անձնակազմը գտնվում են հայկական ու ադրբեջանական դիրքերի արանքում, ու մենք չենք կարողանում ոչինչ անել: Տվյալ դեպքում էականը ոչ թե ուղղաթիռն է, այլ անձնակազմի երեք անդամները: Վեց օր նրանց գտնվելու ստույգ վայրը և վիճակը մեզ անհայտ չեն: Ենթադրվում է, որ նրանք գտնվում են անկած ուղղաթիռի մեջ, ու չնայած գտնվում են մի քանի հարյուր մետրի վրա, մենք նրանց չենք կարողանում դուրս բերել դեպքի վայրից: Ադրբեջանական կրակահերթերը թույլ չեն տալիս դա անել: Ինչպե՞ս վարվել, ուրեմն, այս վիճակում: Հարցը պարզերից չէ, և նրա պատասխանն էլ հեշտ չէ գտնել: Կարելի է շարադրել այն տարբերակները, որ ունենք ձեռքի տակ: Մինչ այդ, պետք է ընդգծել, որ մեր անձնակազմի տղաներին կրակագծից հանելը՝ կենդանի կամ զոհված, ոչ միայն մեր պատվի հարցն է, այլև ինչ-որ առումով պարտավորություն նրանց ու նրանց ընտանիքների նկատմամբ: Եվ ուրեմն, սա անելու ի՞նչ տարբերակներ կան:
Տարբերակ 1 - Մասշտաբային գրոհ ձեռնարկել ադրբեջանական կրակակետի վրա, նրան ստիպել լռել թեկուզ այն գրավելու գնով, և իրականացնել դեպքի վայրից մեր անձնակազմի դուրսբերման օպերացիան: Նման օպերացիա իրականացնելու հրաման տալը հեշտ չէ, որովհետև պետք է հաշվարկել, թե արդյո՞ք տեղային մարտը կբորբոքվի և կդառնա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Տարբերակ 2 - Իրականացնել հետախուզական գործողություն մեր տղաներին կրակագծից դուրս բերելու համար: Այս նպատակն իրագործելու համար հատուկ նշանակության ջոկատը հակառակորդից ծածուկ ուետք է ներթափանցի ուղղաթիռի անկման գոտի և փորձի մեր տղաներին դուրս բերել այնտեղից: Մեր բանակի ներկայացուցիչները պետք է որ մտածած լինեն այս մասին, և եթե նման բան չեն անում, նշանակում է իրավիճակը թույլ չի տալիս:
Տարբերակ 3 - Միջազգային հանրության միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ նա դադարեցնի կրակը, որպեսզի հայկական կողմը որոնողական աշխատանքներ անցկացնելու հնարավորություն ունենա: Ներկայումս հայկական կողմը հենց այս տարբերակի վրա է աշխատում, բայց երեկվա դրությամբ անարդյունք»,–գրում է թերթը։



