Երեկ նստած եմ մեքենայիս մեջ, ծանոթիս եմ սպասում։ Մոտենում է մի տղա՝ 10-12 տարեկան, ձեռքում շիշ և կտոր.

—Քեռի, լվանա՞մ մեքենայի անվադողերը։ Ինչքան տաք՝ տաք, ուղղակի ինձ շատ է փող պետք։ 

Նայում եմ՝ ճոխ հագնված չէ, բայց մուրացկան էլ չէ։  Տակնուվրա արեցի գրպաններս, գտա 50 ռուբլի (մոտ 450 դրամ), մեկնում եմ դեպի տղան։

Չի վերցնում։

— Ինձ հենց այնպես փող պետք չէ։ Ես մուրացկան չեմ,- նեղացած ասում է տղան և շրջվում, որ հեռանա։ Հետ եմ կանչում։

— Ապակիները ու լուսարձակները սրբի, խնդրում եմ,- արդեն հարգանքով եմ նայում նրան։

— Ես այս շորով անվադողեր ու անվահեծեր եմ լվանում, այն կարող է քերծել Ձեր մեքենայի պատուհաններն ու լուսարձակները

—Լավ,-ասում եմ,- մաքրի անվադողերը։

Մինչ նա մաքրում էր, հարցնում եմ ծնողների մասին, առանց անցնելու հաճախորդ-սպասարկողի հարաբերությունների սահմանը։ Պատմում է։ Ապրում է մոր հետ։ Հայրը մահացել էր կես տարի առաջ, իսկ մայրը հիվանդ էր և մի քանի ամիս աշխատել չէր կարող, ինքն էլ ստիպված էր աշխատել դեղեր և սնունդ գնելու համար։

—Մուրացկանություն չեմ անի։ Ես առողջ եմ, ձեռքերս էլ, ոտքերս էլ տեղն են։ Ես տղամարդ եմ, ինչ կարողանում եմ, դա եմ անում, բայց փող պետք է աշխատեմ։ Առավոտյան դպրոց, երեկոյան աշխատում եմ։ Երբեմն խանութում եմ օգնում. աղբն եմ թափում, կամ էլի ինչ-որ բան։

Հանում եմ գրպանիցս 300  ռուբլի (մոտ 2600 դրամ), տալիս եմ նրան։ Նորից չի վերցնում։

— Շատ եք տալիս։ Իմ արածն այդքան չարժե,- նորից զարմացնում է ինձ տղան։

Հազիվ համոզում եմ վերցնել 300 ռուբլին, ասում եմ, որ այսքան եմ գնահատում նրա աշխատանքը։

Վերցնում է գումարը, շնորհակալություն հայտնում ու մոտենում հաջորդ մեքենային։

Նայում եմ հետևից, մտածում եմ. տա աստված առողջություն այն կնոջը, ով ծնել և դաստիարակել է այսպիսի տղամարդու։ Թող նա առողջանա, և նրանց մոտ ամեն ինչ լավ լինի։ Երեխաների ձեռքում պետք է խաղալիքներ լինեն, այլ ոչ թե անվադողեր լվանալու շոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել