Առանձնապես կարևոր գրառում չի, բայց եթե հավես ունեք, կարդացեք: Մի չարաճճի պառավ սառնարանի ու իմ ծանոթության մասին է:
Ամուսնուս վիրահատեցինք: Որպեսզի վիրուսներից խուսափեմ, վճարովի սենյակ վերցրեցի: Օրը 10 հազար դրամ արժեր: Ինձ համար մեծ գումար էր, բայց որոշեցի խնայողություն չանեմ կոմֆորտի ու առողջության հաշվին:
Վերակենդանացման բաժնից ամուսնուս սիստեմներ միացրած բերեցինք սենյակ: Ես հոգնած նստել եմ կողքը ու պարապությունից սևեռված՝ նայում եմ դիմացս դրված սառնարանին: Դե որ երկար նայեցի, վերջապես ջոկեցի, որ անտիկվար բան ա: Երկու անկյունային ոտք ուներ: Էն սառնարաններից էր, որ դարը ապրել էր, կողքից եթե անցնում ես, ժանգի կտորներ ա ընկնում գետնին: Տեղ-տեղ սպիտակ ներկով ներկած.... Մոտեցա, ձեռքով պահեցի սառնարանին, որ ոտքերը տակից չփախնեն` շուռ գա ու զգույշ բացեցի դուռը: Բացելուն պես սառցարանի փոքրիկ դռնակը ընկավ ոտքիս: Տեսա որ դարակներ չկա, վրայի կեղտը քերել են ու չեն կարողացել մաքրել, էդպես չանգռոտած թողել են:
Միացրեցի` չաշխատեց: Գնացի հարկի տնտեսուհուն տեղյակ պահեցի: Խոստացավ, որ կսարքեն: Գիշերը ուտելիքները չդրեցի սառնարան, առավոտյան թափեցի բոլորը:
Երկու օր հա հիշեցնում էի, որ առանց սառնարան հնարավոր չի, որ վարպետ ուղարկեն:
Վարպետը եկավ 3-րդ օրը միայն: Իրեն չհետաքրքրեց, որ հիվանդը քնած է, գործիքները շրխկացրեց գետնին, սառնարանը քաշեց առաջ, տակի զույգ ոտքը փախավ, էս վարպետը հազիվ հասցրեց գրկել սառնարանը ու զգույշ դրեց գետնին:
Սարքեց, իրենից գոհ ասեց՝ խոզյայկա ջան, եկեք ընդունեք, ու գնաց:
էս սառնարանը դըռդըռաց-դռդռաց ու մի հինգ րոպե հետո իրեն թափահարելով, ղըռռոց-դըռռոցով, թոզ ու դուման հանելով անջատվեց: Սա հենց անջատվեց, էս աղմուկից ամուսինս վեր թռավ, արթնացավ: Ես ծիծաղեցի, ասում եմ՝ էս սառնարանը քո հաց ուտելու ժամերը ոնց որ թե գիտի....ՃՃՃՃՃ
Դե խոսեցինք, հաց կերավ, մոռացանք մի պահ սառնարանին: Բայց ինքը ոնց որ նպատակ էր դրել՝ միշտ հիշեցնի իր մասին... Ու միացավ ճիշտ էնպես, ոնց անջատվել էր` դռդռոցով, իրեն թափահարելով, թոզ ու դուման հանելով: Մենք ամուսիններով իրար երես նայեցինք: Փորձեցի կատակել` ասում եմ սա սառնարան չի, իսկական բուձիլնիկ ա։ Մնում ա նաստրոյկաները ճիշտ անենք: Ամուսինս էլ ասեց` աչքիս սա հեշտ ենթարկվողներից չի: ))))))
Գնացի նորից հարկի տնտեսուհու մոտ: Ասում եմ՝ էդ սառնարանը անջատած վիճակում ավելի լավ էր մեզ համար: Ո՞ր մեղքիս համար է ինձ փայ ընկել էդ անտերը։ Ասեց՝ մարդ կկանչեմ, նորից կգան, կնայեն:
«Մարդը» էդպես էլ չեկավ, որովհետև շաբաթ-կիրակի էր արդեն: Դե անջատեցի, ինչը չէինք կերել, բաժանեցի, որ չփչանա։ Ու որոշեցի, որ սառնարանի գումարը պիտի հանել տամ սենյակի վարձի միջից: Որ պիտի չվճարեմ էն բանի համար, ինչից չեմ օգտվել։
էսօր արդեն դուրս պիտի գրվեինք, գնացի՝ վճարելու 2 օրվա գումարը ու ասեցի՝ սառնարանի համար ինչքան որ նախատեսված է, հանեք, չեմ վճարելու: Հաշվապահն ուղարկեց ֆինանսների գծով փոխտնօրենի մոտ: Չալարեցի, գնացի, պատմեցի ոնց կար ու ասեցի` չեմ վճարելու սառնարանի համար նախատեսված գումարը։ Ասեց՝ օգտվել վերջացրել եք, նոր ե՞ք բողոքում։
Շատ նեղվեցի ու շներին կապեք, Անուշանահիտին բաց թողեք։ Ասում եմ.
-Դուք ու՞մ տեղն եք դրել մեզ։ Հասկանում եմ, որ ուզում եք ինչքան հնարավոր է շատ գումար պոկեք: Դուք էդ սառնարանը կտանեք ձեր ննջարանում կդնեք ու կքնե՞ք կողքը։ Էդ սառնարանը փորձի համար տարեք գցեք աղբանոց, ոչ մեկ չի տանի: Բացի նրանից, որ ես շատ վիրավորված եմ՝ էդ աղբը ինձ տրամադրելու համար, նաև բարոյական վնաս պիտի փոխհատուցեք՝ էդքան նյարդայնանալու ու կերակուրները դեն գցելու համար: Էս ո՞ր դարն է։ Ու՞մ մտքով ա անցել՝ էդ բուձիլնիկը խցկեք վճարովի սենյակ ու գումար աշխատեք։
Անգամ չի սառցնում, հակառակն ա անում` տաքացնում ա, հենց մոտորը սկսում ա աշխատել... Ես նկարել եմ ձեր էդ թառլանին, կդնեմ համացանցում ու կասեմ բոլորին, թե 21-րդ դարում ինչ կարգի սպասարկում եք իրականացնում: Տարրական բան ա` ու՞մ ա հաճելի, որ ինչ-որ մի անցած դարի սառնարան իրեն հինգ րոպեն մեկ արթնացնի։ Ես քնաբեր եմ սրսկում հիվանդիս, դուք բերել, էդ դռանդուլետը դրել եք ականջի տակ... Ինչքա՞ն պիտի մարդ հիվանդից, մաքրությունից ու բժշկությունից հեռու լինի, որ էսպիսի անկապ բան անի:
Փոխտնօրենը, էս ամենը լսելով, էնքան չզգաստացավ, ինչքան որ ասեցի՝ նկարել եմ, որ դնեմ համացանցում ձեր դռանդուլետը: Մտավ տնօրենի մոտ դուրս եկավ ու ասեց՝ գնացեք ձեր սենյակ, վճարել պետք չի ոչինչ:
Պահո..... ՃՃՃՃՃ: Մտածում եմ... Միանգամից 20 հազար դրամից հրաժարվեցին: Ապրես դու, Անուշանահիտ... Կարգին էլ քաշ ունես ՃՃՃՃՃ:
Բարձրացա մեր սենյակը, որ իրերս հավաքեմ, մեկ էլ եկան ասեցին՝ բաժանմունքի վարիչը ուզում է ձեզ տեսնի, կմոտենա՞ք։
Դե գնացի, մտքում մոտավոր գիտեմ, թե ինչ է ասելու, ու ես ինչ եմ պատասխանելու: Ներս մտա թե չէ, էս կինը լայն ժպտաց ու շնորհակալություն հայտնեց։ Ասում է՝ էն, ինչը մենք չէինք կարողանում անել, ձեզ մոտ ստացվեց:
Պարզվում է՝ տնօրինությունը հրահանգել է, որ էդ սառնարանը կարգին սառնարանով փոխարինեն:
Մենք դուրս եկանք, որ տուն գանք, մեզ հետ զուգահեռ սառնարանն էլ լքեց իր «տերությունը»: ՃՃՃՃՃՃՃՃ