Այսօր կարծես մոդայիկ է դարձել Հայ Առաքելական եկեղեցին քննադատելու հարցում այնքան հեռու գնալ, որ գլոբալ եզրահանգումներ անել, թե արդյոք ճի՞շտ ենք արել ժամանակին, որ Քրիստոնեության ուրույն ուղղության հետևորդ ենք եղել, կամ էլ եթե Քրիստոնեություն չընդունեինք գուցե այսքան դաժան պատմություն չունենայինք: Ցավալի է, որ նման եզրահանգումներ մեզ փորձում են նրբորեն ներարկել որոշ մտավորականներ՝ մարդիկ, ովքեր մինչև վերջերս մեզ համար անվերապահ հեղինակություններ էին, մինչդեռ իրենց գիտելիքն ու փորձն այժմ ծառայեցնում են մեր եկեղեցու նկատմամաբ «հիմնավորված» հարձակման համար՝ մոռանալով, որ աշխարհի երեսից ջնջվեցին ժամանակի որոշ հզորներ ամենևին ոչ այն պատճատով, որ այս կամ այն կրոնական կոնֆեսիայի հետևորդ էին: Ու եթե նման տրամաբանությամբ շարժվենք՝ թե քանիսը փրկվեցին ու քանիսը վերացան և դրա պարզունակ բացատրությունը գտնենք՝ անխուսափելիորեն հանգելու ենք «Նեսոյի քարաբաղնիսի» զավեշտալի «տեսությանը»:
Հարկ եմ համարում նշել, որ ոչ կյանքիս փորձը, ոչ էլ կուտակածս գիտելիքներն ինձ իրավունք չեն տալիս խորը վերլուծություն կատարել մեր դավանաբանական պատկանելության ու դրա ազդեցության մասին երկրի զարգացման վրա: Պարզապես մի բան կարող եմ ու, հավանաբար, պարտավոր եմ ինձ թույլ տալ ասել, որ որքան էլ փորձենք, մխրճվելով պատմության խորխորատներում, հեռակա ու հետմահու դատապարտել մեր անցյալն ու հերոսներին, թե ինչու է մեզ բաժին հասել մեր պատմական հայրենիքի ընդամենը մեկ տասներորդ մասը, միևնույն է, պետք է հանգենք մի պարզ ճշմարտության, որ անցյալի հետ կռիվ տալով մենք ընդամենը փորձում ենք արդարացնել ներկայիս սխալներն ու դրանք ուղղելուն չլծվելու մեր կրավորական կեցվածքը. եթե մեծ ու հզոր երկիր ունենայինք, հիմա միանգամայն այլ կլիներ մեր վիճակը, բայց քանի որ չունենք ու սա է մեզ բաժին հասել, ուրեմն նստենք ու քննադատենք մեր հայրենիքը փոքրացնողներին: Մինչդեռ վաղուց արդեն քաղաքակիրթ աշխարհը անցյալի սխալներն ուսումնասիրել է, գիծը քաշել ու առաջ անցել, ոչ միայն տեր է կանգնել իր հաջողություններին, այլև պատասխանատուն դարձել սխալների ու կորսուստների: Կարծում եմ այս մոտեցումը հավասարապես վերաբերում է նաև մեզ, սակայն չգիտես ինչու, ուզում ենք տեր կանգնել միայն ծովից-ծով Հայաստանին, իսկ ներկայիս ունեցածի համար մեղադրել ուրիշներին:
Ակնհայտ է, որ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների արդի սկզբունքների հարգումն ու պահպանումը ընդունված է անվանել Արևմտյան ժողովրդավարության մոդել, որի հիմքում էլ համարում են, որ ընկած է քրիստոնեակական արժեհամակարգը: Մինչդեռ մենք առաջին պետությունը լինելով, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, փոխանակ հպարտանանք դրանով, սկսել ենք արդարանալ կամ էլ մեղավորներ փնտրել, թե արդյոք մենք ժամանակին ճիշտ ենք վարվել: Սակայն եթե անգամ կորուստներ ենք ունեցել, ապա դա չպետք է սասանի մեր հավատը ընտրած ուղղության ճշմարտացիության նկատմամբ: Մինչդեռ գտնվում են մարդիկ, ովքեր, եթե փաստերի ճնշման տակ ընդունում են, որ քրիստոնեությունը մեր դեպքում ճիշտ է ընտրված, ապա, այնուամենայնիվ, փորձում են իրավիճակի քաղաքական նպատահակարմարությունից ելնելով, նշել, թե եթե ժամանակին քրիստոնեական պետությունների մեջ մեծերի ուղղությունը ընտրեինք. կաթոլիկ լինեինք կամ էլ բողոքական, հավանաբար մենակ չէինք մնա ու այս վիճակում չէինք հայտնվի: Բայց դա առնվազն թյուրըմբռնման արդյունք է, քանի որ պատմության ընթացքում հին աշխարհը կաթոլիկ երկրների միջև այնպիսի դաժան ու արյունահեղ պայքարների թատերաբեմ է պարբերաբար դարձել, որ անգամ հիշելն է սարսափ առաջացնում: Իսկ մեր ժամանակներում, երբ Եվրոպայի սրտում սլավոնական Սերբիայի գլխին անասելի փորձանք եկավ. երկիրը մասնատումների ու ռմբակոծությունների տեսքով, Ռուսաստանն այդ ժամանակ իր անզործությունը փաստելուց բացի ոչինչ ավելին չկարողացավ անել:
Տասներորդ դարի վերջին Բյուզանդիայի կայսրն էր Մակեդոնական ծագմամբ ազգությամբ հայ Բարսեղ 2-րդը: Երբ նրա դեմ ապստամբեց իր զորավար Վարդաս Փոկասը, Բարսեղին գահընկեցությունից փրկեց Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչը՝ օգնելով ճնշել խռովությունը: Դրա դիմաց՝ որպես «փոխհատոցում», խնդրեց Բարսեղից իր քրոջ՝ Աննայի ձեռքը: Բայց անգամ այդպիսի մեծ լավության պարագայում Բարսեղը մերժեց Վլադիմիրին: Եվ թեպետ նրան կյանքով էր պարտական, բայց ոչ մի կերպ չհամաձայնվեց իր քրոջը կնության տալ հեթանոսին: Եվ նրա կամքն այնքան անկոտրում էր, իսկ Աննային կնության առնելու Վլադիմիրի մտադրությունը նույնքան հաստատակամ, որ վերջինս վերադարձավ Ռուսաստան ու առանց չափազանցության՝ հրով ու սրով քրիստոնեությունը պարտադրեց իր հայրենակիցներին: Եվ միայն դրանից մեկ տարի անց, արդեն որպես հավատացյալ քրիստոնյա, ամուսնացավ Աննայի հետ: Այսինքն, մեզնից 687 տարի հետո անգամ Ռուսաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու համար պարտական է Բարսեղի՝ հայ տղամարդուն վայել պատվախնդրությանը: Այո, կործանմամ եզրին կանգնած մեր հայրենակից կայսրն իր կրոնական հավատամքը վեր դասեց սեփական անվտանգությունից: Եվ այդ հավատն այնքան անսասան էր, որ նույնիսկ իրեն մահից փրկածն ընդունեց նրա պայմանը:
Սրանից ուզում եմ հանգել մի եզրակացության, որ այժմ մեզ գուցե «բարսեղյան» համոզմունքն ու վճռականությունն է պակասում, որի առջև գլուխ կխոնարհի ինչպես հզոր դաշնակիցը, այնպես էլ՝ հակառակորդը: