1in.am-ը գրում է․
«Լիահույս ենք, որ չեն ընդունվի ուղիղ չվերթեր Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբեյնիսը՝ անդրադառնալով նախօրեին «Գրոզնի Ավիա» ավիաընկերության իրականացրած «Սիմֆերոպոլ-Երևան» «ուղիղ» չվերթին, որը, Ղրիմի տրանսպորտի նախարարի խոսքով, թռել է Անապայով:
Ուկրաինայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը նախ հստակեցրեց, որ Ղրիմում Ցուրկինը նախարար չէ: Նրա խոսքով՝ Ղրիմում չկան նախարարներ, քանի որ Ղրիմում գործող իշխանությունը ոչ լեգիտիմ է, քանի որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է, և այնտեղ գործող իշխանությունը ինքնակոչ է ամբողջությամբ, քանի որ Ղրիմում լեգիտիմ ընտրություններ չեն անցկացվել: «Ուստի այդ պարոնի բոլոր հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան իր սեփական տեսակետը»,- ընդգծեց Պերեբեյնիսը:
Անդրադառնալով բուն չվերթին՝ ասաց, որ Ուկրաինայի կառավարության որոշմամբ Ղրիմի բոլոր օդանավակայանները, որոնք Ուկրաինայի մասն են կազմում, փակվել են հաղորդակցության համար, այդ թվում՝ Սիմֆերոպոլի օդանավակայանը: Ուստի ցանկացած չվերթ, ըստ նրա, որն իրականացվում է Ղրիմի օդանավակայանից՝ հատկապես Սիմֆերոպոլից, լեգիտիմ չէ, և այն ընկերությունը, որն այդ չվերթերն իրականացնում է, նախ՝ օրենք է խախտում, և երկրորդ՝ ենթակա է ԻԿԱՕ/Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պատժամիջոցներին:
«Որքանով ինձ է հայտնի, չվերթը, որը հայտարարվել էր, կարծես թե Սիմֆերոպոլից դեպի Երևան ուղիղ չվերթ չէ: Ոչ լեգիտիմ կերպով այդ ընկերությունը Սիմֆերոպոլից թռչում է Անապա և այնտեղից միայն Երևան, ուստի սա ուղիղ չվերթ չէ:
Ես այսպես եմ հասկանում, որ հայկական քաղավիացիոն ուժերը այդ չվերթն ուղիղ Սիմֆերոպոլից չէ, որ ընդունում են, այլ Անապայից: Ուստի, եթե խոսքն ուղիղ չվերթի մասին չէ, մենք սա խախտում չենք դիտարկում»,- նշեց Պերեբեյնիսը:
Եզրափակելով խոսքը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրենն ասաց. «Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ մեր բոլոր գործընկերները հստակորեն հավատարիմ կմնան այն մտքին, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է, հավատարիմ կմնան նրան, որ ոչ լեգիտիմ իշխանության կողմից իրականացվող չվերթերը չեն կարող օրինական լինել և չեն ընդունի ուղիղ չվերթեր Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի տարածքից»:
Հիշեցնենք, որ «Գրոզնի Ավիա» ավիաընկերության «Սիմֆերոպոլ-Երևան» չվերթը, որը Ղրիմի տրանսպորտի նախարարը հայտարարել էր որպես ուղիղ, թռել է Անապայով: «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի տվյալներով՝ ինքնաթիռը Երևան կժամանի Անապայից, այլ ոչ թե Ղրիմի մայրաքաղաքից: Սիմֆերոպոլի օդանավակայանի կայքում տվյալ չվերթը` ZG-739, նշված է որպես «Սիմֆերոպոլ-Երևան»: Միևնույն ժամանակ «Գրոզնի Ավիա» ավիաընկերության ZG-745 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանի տեղեկատվական ցուցանակի վրա նշված է որպես Անապայից ժամանող: Ղրիմի իշխանությունները նման սխեմա են գործարկել նաև Սիմֆերոպոլից Ստամբուլ «ուղիղ» չվերթերի վրա: Ավելի վաղ Ցուրկինը հայտարարել էր, որ նոյեմբերի 16-ին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից իրականացվել էր առաջին պարբերական չվերթը դեպի Երևան:



