Armnewstv.am-ը գրում է․
Եղեգիսը սկսում և ավարտվում է պոպոքի ծառերով: Գրեթե մեկդարյա հսկաների բերքն ու խնձորն է գյուղի հիմնական եկամտի աղբյուրը: Լեռնային գյուղում մրգի ու բանջարի այլ տեսակներ գրեթե չեն աճում: Մեկ բուռ պոպոքն անցած տարվանից է մնացել: Ագնեսա տատը սնդուկի մեջ էր պահել, փետրվարին ծառերին նայելով` արդեն գիտեր` ոչ պոպոք է լինելու, ոչ էլ խնձոր: Գյուղում գիտեն Ագնեսա տատի գուշակության մասին, բայց չէին հավատացել:
Պոպոքի հույսով Արամը վարկ էր վերցրել, 35 գլուխ ոչխար գնել: 31 ծառերից նախորդ տարի 6.5 տոնա բերք էր հավաքել, տղային էր ամուսնացրել, տունը նորոգել: Այս տարի պատկերն այլ է, կորուստը` կրկնակի: Բերք չկա, վարկը փակել չի կարող: Մյուս կողմից էլ` մի քանի օր առաջ սարերում գայլը հոշոտել է ոչխարներին: Ճարահատյալ տղային արտագնա աշխատանքի է ուղարկել:
Գյուղացիները պոպոքի բերքի համատարած կորուստ պայմանավորում են 2 հիմնական պատճառով: Առաջին` ծառերը ծեր են, մի քանի տարի անց հանգստանալու կարիք են ունենում: Եվ` Երկրորդ գարնանային ցրտահարությունից հետո ծառերը չծաղկեցին: Լեռան լանջերին գտնվող ծառերը ցրտահարությունից հետո չորացել են, իսկ ձորի ծառերի մի մասը կենդանի է մնացել:
Ռազմիկը գյուղում միակն է, որի բոլոր 58 ծառերը չորացել են: Սեպտեմբերին նոր տնկիներ է հողը դրել: Բայց մինչև բերքատու դառնան, 10-15 տարի է հարկավոր: Մեկ մտավախություն էլ ունի: Պոպոքի համար շատերն էին գյուղ գալիս: Այս տարի ձեռնունայն վերադառնալուց հետո, հաջորդ տարի գուցե մոռանան իրենց գյուղի ճանապարհը:
Գյուղի կնայք էլ պոպոքով կարողանում էին ձմեռվա պաշարը փոխանակել` կարտոֆիլ, լոբի, կաղամբ: Ստիպված պետք է գնեն, բայց դրա համար էլ փող չունեն:
Տիկին Աննան հույսը չի կորցրել` կովի յուղն է հալեցնում, սառեցնում: Մի մասը ուղարկում է Եղեգնաձոր` վաճառքի: Մի մասն էլ պահում է նկուղում: Ասում է` ձմռան ամենավատ օրը, երբ ուտելու ոչինչ չունենան, յուղը կքսեն հացին, շաքարավազ կլցնեն և կուտեն:
Տեսանյութն՝ այստեղ