Life.panorama.am-ը գրում է․

Երգահան Մարինա Թագակչյանը արդեն չորս ամիս է՝ վայելու է մայրության բերկրանքը: Փոքրիկն այս տարիների ամենասպասված ստեղծագործությունն է, որ հայտնվել է նրա կյանքում: Ինչպես յուրաքանչյուր մայր՝ պատրաստ է օրվա 24 ժամին ավելացնել ևս մի քանիսը՝ դստրիկի հետ անցկացնելու համար: Սա այն «աշխատանքն» է, որը չի հոգնեցնում և ձանձրացնում: Life.panorama.am-ի հետ երգահանը կիսվեց ընտանեկան հարցերի, ստեղծագործական կյանքի և փոքրիկ Եվայի ներկայի, նույնիսկ ապագայի մասին:
-Մարինա, շնորհավորում ենք մայրանալու կապակցությամբ: Ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկը:
-Շնորհակալ եմ: Իմ աղջիկը սիրում է ուշադրության կենտրոնում լինել: Երբ արթուն է, սիրում է, որ անընդհատ իր հետ խաղան, իրենով զբաղվեն:
-Կարելի՞ է ասել, որ այդ տեսանկյունից մայրիկին է նման:
-Այնպես չի, որ հայրիկը չի սիրում ուշադրություն (ծիծաղում է): Երկուսս էլ սիրում ենք ուշադրության կենտրոնում լինել:
-Իսկ արտաքինո՞վ ում է ավելի շատ նման:
-Երբ նոր էր ծնվել, շատ նման էր ամուսնուս: Հիմա ասում են, որ կամաց-կամաց ինձ է նմանվում: Բայց հետաքրքիրն այն է, որ ես ինձ իր մեջ չեմ տեսնում: Կարծում եմ, դիմագծերով առանձին-առանձին հայրիկին է նման, իսկ ընդհանուր վերցրած՝ ինձ:

-Մայրերը միշտ որդիների, հայրերը՝ դստրերի հետ են կապված լինում: Դուք երազո՞ւմ էիք աղջիկ ունենալու մասին:
-Կարծում եմ՝ հակառակն է, պարզապես հետագայում հայրերն աղջիկների հետ են առավել շատ կապվում: Եթե անկեղծ ասեմ, երբ չափահաս եմ դարձել և գիտակցել, որ պետք է մայր դառնամ, միշտ երազել եմ երեք որդի ունենալ: Ես ընտանիքի միակ երեխան եմ, այդ պատճառով ավելի շատ երեխաներ եմ ցանկացել ունենալ:
-Իսկ ինչո՞ւ աղջիկ բալիկ չէիք ցանկանում:
-Միշտ մտածել եմ, որ աղջիկը մեր հասարակության մեջ մի քիչ «խեղճ» դեր ունի: Որքան էլ ասեն հավասարություն է, հասարակությունը տղամարդուն ավելի մեծ արտոնություններ է տալիս, ավելի շատ է ներում, քան կնոջը, աղջկան: Իսկ ես ցանկանում էի, որ բալիկներս «արտոնյալ» լինեին, չխեղճանային: Բայց Աստված մեզ աղջիկ պարգևեց ու ես հասկացա, որ աղջկանից լավը չկա: Այնքան անուշ բալիկ է ու այնքան ենք իրեն կապված, որ նույնիսկ մտածում ենք, եթե երկրորդ բալիկն էլ աղջիկ լինի, շատ լավ կլինի: Չէ՞ որ աղջկան քույրիկ հաստատ պետք է:
-Քանի որ արդեն իսկ անհանգստանում եք Ձեր դստրիկի «սահմանափակ իրավունքներով», կարո՞ղ է նրան շատ «երես տաք»:
-Գիտեք, դաստիարակությունն ու միջավայրը որքան էլ մեծ նշանակություն ունենան, կարծում եմ, վճռորոշը գենետիկան է: Ես չգիտեմ, ինչ բնավորություն կունենա, բայց անձամբ չեմ կոտրի ու չեմ փոխի իրեն: Պարզապես ընդգծելու եմ իր լավ հատկանիշները և ճնշեմ վատերը: Իր մեջ ոգին երբեք չեմ թուլացնի: Արդեն իսկ զգացվում է, որ «հարիֆ» երեխա չէ (ծիծաղում է): Մեկ-մեկ ասում եմ, երբ աղջիկս մանկապարտեզ գնա, ասելու եմ բոլոր տղաներին ծեծի: Մայրս մանկավարժ է, սկսում է ջղայնանալ և ասել, որ հանկարծ նման բան չանեմ, թե չէ աղջիկս «տղայոտ» կմեծանա:
-Դուք նման բաներ արե՞լ եք մանկապարտեզում:
-Այո, այդպիսին եմ եղել: Եթե ինձ բակում նեղացնեին, գնդակս վերցնեին, ես այդ մեծ տղաների հետ մի լավ կռիվ էի անում: Հետևանքի մասին չէի մտածում: Հիմա էլ այդպիսին եմ: Բանակի օրենքն է գործում, մի հատ «բո» ես անում ու դիմացինը էլ չի մտածում՝ ինչ հնարավորություն ունես, միանգամից վախենում է:
-Ինչո՞ւ որոշեցիք դստրիկին Եվա կոչել:
-Մինչ երեխայի սեռն իմանալը ես վստահ էի, որ պետք է տղա ունենայինք, և մենք տղաների անուններ էինք մտածում: Հետո պայմանավորվեցինք, որ տղա ծնվելու դեպքում՝ ամուսինս, իսկ աղջիկ ծնվելու դեպքում՝ ես անունը կդնեմ: Շատ չեմ մտածել անուն ընտրելիս: Նախ՝ ցանկանում էի, որ կարճ անուն լինի, որպեսզի շատ չաղավաղեն, նաև՝ միջազգային անուն լինի:
-Սովորության համաձայն՝ երբ երգիչ-երաժիշտները ծնող են դառնում, իրենց փոքրիկների համար երգ են գրում: Եվան արդեն ունի՞ իր երգը:
-Այն, ինչն իմ կյանքում կա, իրական է, ես երգի չեմ վերածում: Երգն ավելի մտացածին է: Օրինակ, ամուսնուս նվիրված՝ սիրելիի մասին երգ չեմ գրի, մայրիկիս, բալիկիս նվիրված երգ չեմ գրի: Երգը ձոն է, որը պետք է կամ անցած մեկի մասին լինի, կամ սպասվելիք ինչ-որ բանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



