Ուրեմն, նախանցած շաբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, շատ մունդառ ավտովթարի մեջ ընկա, որից, կարելի է ասել, հրաշքով եմ ողջ ու հարաբերականորեն առողջ դուրս եկել, բայց թեման բուն ավտովթարը չի, ոչ էլ իմ առողջականը, այլ այն, թե ինչպես այս միջադեպը, որը միանգամայն ողբերգական հետևանքներ կարող էր ունենալ ու շատ կոնկրետ առողջական-նյութական-հոգեբանական հետևանքներ ունեցել է ինձ և իմ մտերիմների վրա, Շամշյանն օգտագործեց՝ բռնաբարելով լրագրողական ու մարդկային էթիկայի ամենահիմնարար կանոնները։

Ուրեմն, վթարից անմիջապես հետո, երբ ինձ արդեն հիվանդանոց էին բերել, ընտանիքիս անդամներից միայն եղբորս էի ասել ու չէի ուզում, որ մինչև առավոտ ծնողներս իմանան, որովհետև հասկանում էի, որ թեև կոտրվածքներ ունեմ, բայց ողնաշարս վնասված չի, ու չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց ու սաղ գիշեր ռեանիմացիայի մոտ սպասեցնել։ Հետո արդեն, երբ ես ռեանիմացիայում էի ու արդեն հաստատվել էր՝ կյանքիս վտանգ չի սպառնում, ոչ էլ հաշմանդամության վտանգ կա, եղբայրս տեղեկացրել էր ծնողներիս, բայց արդեն հաջորդ առավոտյան Շամշյանի կայքում հայյտնվում է նյութ՝ «մեգասենսացիոն» 3 տողանոց վերնագրով.
«Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ. վիրավորների մեջ է նաև նրա ուղևոր` BlogNews ինտերնետային կայքի աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ»
Եվ ինչն է ամենասքանչելին. գրառման մեջ տեսնում եմ, որ բացի նրանից, որ հրապարակվել են վարորդի ու մեքենայի ուղևորների անուն-ազգանունները, այլև բնակության վայրերի ու աշխատավայրերի մասին տեղեկություններ, որոնք Շամշյանը կարող էր ստանալ միայն ու միայն ոստիկանությունից։ Էդ էլ հերիք չի, երկարուձիգ նկարագրից հետո, վերջին պարբերությունում Շամշյան ապերը մի հրաշագեղ «թաքնված գովազդ էր» դրել (տես նկարում), որը կարդալուց հետո ես ինձ լրիվ գովազդային բաններ զգացի։

Հիմա՝ ըստ էության։ Իսկ Շամշյանին ծանո՞թ է անձնական տեղեկությունների գաղտնիության իրավունք ասվածը։ Անգամ վերջին բռնաբար-մարդասպանի դատավարության մասին նյութ հրապարակելիս, սովարաբար նրա անունն ամբողջությամբ չեն գրում, առավել ևս, նրա բնակության վայրի ու աշխատատեղի։ Փաստորեն, ես ու իմ ընկերները մի բռնաբարի չափ էլ իրավունք չունեինք Շամշյանի աչքերում։
Լավ, ասենք ես հարաբերականորեն հանրային դեմք եմ ու այլ պարագայում կարող էի թեթև վերաբերվել նրան, որ իմ աշխատատեղն ու անունը շահարկելով՝ ինչ-որ կայյքում փորձեն ավել քլիք հավաքել, բայց սենց դեպքերում որքանո՞վ է դա ճիշտ։ Ասենք, ախպերս էր ու մամայենց բան չէր ասում էդ գիշեր ու սպասում էր, որ հաջորդ օրն ասի, երբ արդեն ինձ գոնե ռեանիմացիայից հանած կլինեին։ Բա որ էդ ժամանակ ծնողս մտներ ու Շամշյանի մոտ կարդար եղածը, ու մի բան լիներ էդ հողի վրա, Շամշյանը ո՞նց էր պատասխան տալու։
Ու հարցը ստեղ ես չեմ, հարցը հենց երևույթն ա։ Հազար հատ այլ իրավիճակ կարելի ա պատկերացնել, երբ ուղևորի համար ցանկալի չէր լինի նման լայն լուսաբանումն ու հրապարակայնացումը։ Ասենք թե ես էի, պսակված էի ու կնգաս ասել էի, որ քաղաքում չեմ լինելու, բայց գնացել էի սիրածիս մոտ ու բինգո՜, Շամշյանի թեթև ձեռքով ես պալիտ եմ լինում...
Հետո, ախպոր պես, պետք չի ինձ պատմել մարդկանց զգոնությունը բարձրացնելու մասին մոմենտը։ Ինչպես ես նշեցի ու ցույց տվեցի, Շամշյանը թեթևի մեջ էլ գովազդ էր խցկել տեքստի մեջ... Թե բա եթե ԿԱՍԿՈ արած լինե՜ր... Որն ընդամնեը 48000 դրա՜մ էր... Լավ ա մի հատ էլ ապահովագրական ընկերությունների գրասենյակների հասցեները չէր գրել, որտեղ կարելի ա էդ ԿԱՍԿՈ-ն անել... Ամեն դեպքում, արձանագրում ենք, որ տվյալ նյութը, որում իմ ու ընկերներիս անձնական տվյալներն էին ապաշքյարա օգտագործվել, այդ թվում նաև՝ վերնագրում, մոտ 17000 դիտում էր ունեցել։
Մեկ էլ մի սենց բան. ոստիկանություն ջան, ձևը տենց չի էլի, ձեր ցավը տանեմ, իմ ու ցանկացած այլ մեկի տվյալները, որոնք ձեզ ենք վստահում, վստահում ենք ձեզ ու ամենևին ցանկություն չունենք, որպեսզի ձեր թեթև ձեռքով դրանք հասնեն լրատվական դաշտի գլխավոր стервятник-ի մոտ, բերեք թարգեք, կամ էլ որոշակի ձևաչափ մտցրեք տեղեկատվական էն արտահոսքի մեջ, որ դուք Շամշյանին եք տրամադրում (ՀԱ՛, հենց դուք եք դա անում) ու հարգեք մեր քաղաքացիական իրավունքները, սիրուն չի։



