Կուզենայի Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման կապակցությամբ մի հավելում անել:
Սրբերն այն անձիք են, որոնց դիմում ենք մեր նեղության օրերին, որպեսզի մեզ պատերազմակից լինեն իրենց աղոթքներով:
Հետևաբար՝ Մեծ Եղեռնի բոլոր զոհերին անխտիր սրբադասելուց հետո հարկ կլինի դիմել նրանց բարեխոսությանը, այսինքն՝ Եփրեմ Ասորուն և Շնորհալուն հավասար պետք է դիմենք նաև Դանիել Վարուժանին, ով հայտնի է իր «Հեթանոս երգեր»-ով կամ Սիամանթոյին, ով հայտնի է իր «Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ» երկերով: Էլ չխոսենք հայ ամիրաների, կուսակցական առաջնորդների, Փանջունու նմանների և այլոց մասին: Այսինքն՝ մենք չենք կարող սրբադասել ամբողջ Արևմտյան Հայաստանը, որքան էլ այն սիրենք, այլ միայն բարեպաշտներին:

Եկեղեցին Հոգեհանգստյան կարգ կատարում է միայն Եկեղեցու իրական զավակների համար, և ոչ թե նրանց համար, ովքեր սոսկ ծագումով են հայ, կամ էլ նրանց, ովքեր մկրտվել են Հայ Եկեղցում, սակայն հոգևոր կյանքով չեն ապրել, կամ որ ավելի վատ է, հարստություն են կուտակել ժողովրդի թշվառության վրա, էլ ուր մնացին աթեիստական կամ հեթանոսական քամիներով տարվածները:

Սրբադասումն առավել պատասխանատու գործ է, քան Հոգեհանգստյան կարգը: Մենք իրավունք ունենք սրբադասելու միայն նրանց, ովքեր իսկապես Աստծու աջում են՝ լուսեղեն խորանում են մյուս սրբերի հետ, և շարունակաբար աղոթում են զինվորյալ Եկեղեցու համար, և նրանց մասունքներով և աղոթքներով այստեղ մեր կյանքում փոփոխություններ են լինում դեպի բարին: Եթե մենք չսրբադասենք էլ, միևնույն է, նրանք արդեն դասված են սրբերի մեջ և աղոթում են մեզ համար:

Իսկ վերը նշված անձանց համար մենք չենք կարող նույնիսկ հոգեհանգստյան կարգ կատարել, ուր մնաց, որ սրբադասենք: Բացի այդ հարկ կլինի նաև շարականներ, տաղեր և գանձեր հյուսել նորօրյա սրբերի համար:
Ես արևմտահայ գրականությունը մանկուց ի վեր սիրել եմ, շատ քաղցր լեզու ունեն, սակայն ոչ մի «հնազանդության» կոչ չի կարող ինձ ստիպել դիմել Սիամանթոյի և Վարուժանի բարեխոսությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել