ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ. Տուն, հարազատ տուն

Վերջապես եկավ իմ փափագած օրը, վերադառնում եմ հայրենիք: Հիմնականում, իհարկե, կարոտի պատճառն իմ սիրած աղջիկն էր, ում հետ նշանվելուց շատ կարճ ժամանակ անց մեկնել էի ԱՄՆ: Կար նաև սիրելի եղբորիցս և արդեն իմ սիրելիների ցուցակում գլխավոր տեղ զբաղեցրած փոքրիկ եղբորորդուցս բաժանվելու ցավն ու թախիծը: Ցավոք, դա հայի համար սովորական դարձած երևույթ է ու մենք մի տեսակ իմունիտետ ենք ձեռք բերել այդ ցավի դեմ: Լինելով աշխարհի ամենաբարեկամասեր ամենաազգասեր ժողովուրդներից մեկը՝ միևնույն ժամանակ ամենացրված, աշխարհով մեկ սփռված ազգությունն ենք: Արդեն ինքնաթիռում հասկացա, որ բացի եղբորիցս ու զարմիկիցս ես, իրոք, ետևում ոչինչ չեմ թողել, ինչի համար ափսոսեմ ապագայում:
Մոսկվայում ինձ ու թոռնիկի կարոտից դեռևս արտասվող մորս դիմավորեց հայրս և շտապեց հայտարարել, որ իրավիճակը շատ լարված է, և որ մենք քանի դեռ օդում ենք եղել, Մոսկվայում թերևս վերջին յոթանասուն տարվա ամենաաղմկալից դեպքերն են տեղի ունենում: Օգոստոսի տասնինն էր. 1991 թվականի Գորբաչովին տնային կալանքի տակ պահելով՝ մի խումբ բարձրաստիճան կոմունիստներ որոշել էին փրկել հոգեվարքի մեջ գտնվող իմպերիան: Հետո ամեն ինչ ընթացավ իր հունով-հարսանիք, անկախություն, կոմերցիոն խանութներ, անկախությունից բարգավաճած սպեկուլացիան իր նոր առևտուր անունով, ալան-թալան, մորուքավոր հայրենասեր տղերք, որ առանց զենք Ղարաբաղ էին մեկնում և նրանցից տեսքով չտարբերվող մորուքավորներ, որ զենքերով մեր քաղաքում ֆռֆռում ու մարդկանց վախեցնում: Մի խոսքով անկախությունն իր բոլոր հետևանքներով, բացի նրանից, ինչի համար այն կոչված է: Հաջորդեց նման պարագայում մեր երկրի համար անխուսափելին՝ պատերազմը: Եղբայրս, անհանգստանալով, որ կրկին առանց որևէ մեկին զգուշացնելու կմեկնեմ Ղարաբաղ, ամեն օր զանգում և փորձում էր համոզել: 1990 թվականի Բաքվի դեպքերից հետո մեկնել էի Ղարաբաղ՝ պաշտպանելու համարյա անտեր մնացած մոտ 14 գյուղ, ուր միայն ծերեր ու կանայք էին մնացել: Մի խումբ շատ անձնվեր երիտասարդներ արդեն վաղուց այնտեղ կռվում էին թուրքերի և այն ժամանակ դեռևս թուրքերի կողմը բռնած սովետական բանակի՝ Ղարաբաղում տեղակայված զորքերի դեմ: Թեթև վիրավորվելուց հետո վերքը բորբոքվել էր և կարող էր տխուր հետևանք ունենար, եթե չլիներ մեր հոգացավ հրամանատարի խելամիտ որոշումը՝ ինձ ուղարկել Երևան և շտապ: Հետդարձը չեմ հիշում, քանզի բարձր ջերմելուց զառանցել եմ և՛ ուղղաթիռի, և՛ Գորիսից Երևան սլացող մեքենայի մեջ: Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց ինձ փրկել արյան վարակումին հետևող մահվան ճիրաններից: 
Ես շարունակում էի մերժել եղբորս՝ ԱՄՆ վերադառնալու բոլոր առաջարկները: Կռիվը գնալով թեժանում էր, և ես արդեն մտածում էի Ղարաբաղ վերադառնալու մասին: Վազգեն Սարգսյանի հրավերը մահապարտների ջոկատ ընդունեցի ցնծությամբ: Առանց հապաղելու երեկոյան կազմ պատրաստ Օպերայի հրապարակում էի մասնակցելու մահապարտների հավաքագրությանը: Ընկերներիցս երկուսն էլ պետք է գային հետս հավաքագրվելու: Գրիպով հիվանդ էի ու քաղաքակրթությունից դրդված՝ հագա գլխարկս, որ հատուկ ցրտին քիթ բերանը ծածկելու համար նախատեսված փողկ ուներ: Մասսայական հավաքատեղում ոչ մեկին չվարակելու միտումով հանրահավաքին մասնակցում էի գլխարկով և քիթ բերանս ծածկած:
Իմ նման անսովոր տեսքը գրավեց կողքս կանգնած վաթսունն անց տղամարդկանցից մեկի ուշադրությունը: Նա կտրուկ մոտեցավ ինձ ու պահանջեց անմիջապես հանել գլխարկս: Նրա վիրավորական տոնին ես փորձեցի հնարավորինս մեղմ պատասխանել՝ հետաքրքրվելով, թե ինչ կապ կա իմ, իմ գլխարկի, հանրահավաքի և այդ անծանոթ տղամարդու մեջ: Նա առանց բացատրություն տալու ավելի կոպիտ ու գռեհիկ ձևով կրկնեց իր պահանջը: Բարձրացող աղմուկից, որ իմիջայլոց հենց այդ տղամարդն էր բարձրացնում շրջապատի մարդիկ, հիմնականում տարեց կանայք սկսեցին խտանալ մեր շուրջը, իսկ ում հետաքրքրում էր հանրահավաքի բուն իմաստը, ընդհակառակը, հեռացան մեր կողքից ելույթ ունեցողներին լսելու միտումով: Մեր բանավեճը հետզհետե վերածվում էր Հայ թուրքական պատերազմի: Չորս կողմիցս սկսեցին հնչել կանանց բարձրաձայն կարծիքները իմ սեռական, ազգային, կուսակցական պատկանելիության մասին...
-Չի ուզում երեսը տեսնենք, հաստատ թուրք ա... Տո չէ հա կոմունիստ շուն ա... Կագեբեյշիկ ա կամ էլ էն գ***երից գործ տվող... Չէ, հաստատ թուրք ա...
Ակամայից հիշեցի իմ սիրած մուլտֆիլմերից «Հայելի» -ն
-Այ ժողովուրդ, որ բերանս բացեցի, ինչ ա՝ բեղերիս տեղը գրած ա լինելու թու՞րք, շպիո՞ն կամ մի ուրիշ բա՞ն...- փորձում էի առարկել ինձ մեղադրողներին, բայց իզուր: Ամբոխն, ավելի շատ հենց իրենց հայտարարություններից, քան թե իմ առարկություններից ոգևորված, գոռգոռոցից անցավ հարձակման: Չգիտեմ, որևէ մեկիդ, իմ սիրելի ընթերցող, վիճակվել է ընկնել կատաղած «ղզողլանատենչ» կանանց ամբոխի ձեռքը, բայց դա խոսքերով դժվար է նկարագրել: Ես ավելի մեծ հաճույքով կհամաձայնվեի կռվել մի խումբ հուժկու տղամարդկանց դեմ: Նույնիսկ այն հանգամանքը, որ կանանցից մեկը հենց սկզբից մի ճանկով թռցրեց գլխարկս ու հիմա արդեն ոչ թե բերանս, այլ ամբողջ բաց գլուխս էր նրանց ուշի-ուշիմ տրամադրության տակ, նրանց չկանգնեցրեց: Ինչ-որ մեկը հնչեցրեց. -Տարեք գցեք մաշնի տակ թող սատկի, կասենք՝ ինքն ա ընկել- «փառահեղ» միտքը, և բոլորը միանգամից անխոս համաձայնվելով անցան դատավճռի իրականացմանը: Կառչելով մարմնիս բոլոր հնարավոր տեղերից՝ ինձ սկսեցին քարշ տալ դեպի Թումանյան-Պռոսպեկտ խաչմերուկ այն ժամանակներում շատ հայտնի «ժամացույցի տակ»։ Ինչպիսի ճակատագրի իրոնյա, ես իմ մահկանացուն կկնքեմ իմ ամենասիրած վայրում, ուր այդքան հաճելի ժամադրություններ և հանդիպումներ եմ ունեցել: Նայելով ինձանից «փաղաքշաբար» կառչած կանանց՝ արյունի կարոտ աչքերին, ես կասկած չունեի, որ նրանցից շատերն այսօր կստանան իրենց հետաքրքրող հարցերից մեկի պատասխանը - ի՞նչպես է մարդը մահանում մեքենայի տակ ընկնելիս: Փորձում էի «Չարենցի ամբոխի» մեջ գտնել էս մի կաթիլ մեղրը թափող բիձուկին: Ուշագրավն այն էր, որ նա, սկսելով այս ամբողջ քաշքշուկը, իսպառ կորավ: Մինչ այդ ես ուշադրություն չէի դարձրել, որ կենտրոնով բեռնատարներ չեն անցնում: Կանանցից ոմանք նույնպես ծանոթ չէին այդ օրենքին, քանզի սպասում ու բողոքում էին այդ առիթով: «Սպասեք, սպասեք, թող մի հատ զիլ-միլ գա նոր...» Երևի ցանկանում էին ավելի հետաքրքիր ավարտել իրենց սարքած տրագիկոմեդիան: Պռոսպեկտի վրա երևաց տրոլեյբուսը՝ ակնհայտորեն բարձրացնելով իմ ուղեկցորդուհիներից շատերի տրամադրությունը: Հանկարծ նրանցից մեկի գլխում մի հանճարեղ միտք ծագեց: «Այ կնանիք, հլա սպասեք, բալքի էս տղեն իրոք հայ ա, տղա ջան պասպորտ բան չկա՞ մոտդ» Այդ կինն ինձ հիշեցրեց իմ բուսաբանության դասատուին և ես շատ զղջացի, որ ժամանակին այդ առարկան լավ չեմ սովորել: Իմ դատավճռի իրականացումը հետաձգողի ինձ տված վերջին խոսքի իրավունքից չօգտվել նշանակում էր մի քանի վայրկյանից մոտիկից ծանոթանալ մոտեցող տրոլեյբուսի անիվների և «խադավոյի» հետ: Ես սկսեցի բացատրել, թե արդյոք չի՞ թվում ինձ գերեվարողներին, որ իմ նման «փորձված ադրբեջանցի կագեբեյշիկը» եթե ֆայմել էր Հայաստանում դիվերսիոն օպերացիա իրականացնելուց առաջ մաքուր հայերեն սովորել, սափրել բարակ բեղերը և ջնջել ճակատին դաջված «ես շպիոն Ախմեդն եմ» արտահայտությունը, ապա կֆայմեր նաև մի հայի անունով անձնագիր գրպանում պահել: Ցավոք, ես այնքան ախմախ լրտես էի, որ բացի ամբոխի մեջ աչքի ընկնելու համար տարօրինակ գլխարկ դնելուց, նաև չէի մտածել հայկական անձնագիր պահել գրպանումս: Իմ սրամտությունը շատերին դուր չեկավ, ավելին՝ իմ խեղճ դասատուին հիշեցնող տիկնոջը դավաճանության մեջ մեղադրելով՝ հրմշտելով հեռացրեցին իրենց շարքերից: Հուսահատությունը մեծ էր, հաջորդ տրոլեյբուսին սպասելն այդ օրերին նշանակում էր բավականին համբերատար լինել, ինչը չէր կարելի ասել իմ պոտենցիալ դահիճների մասին: 
Հանդիպումից ուշացած ընկերներս, ի ուրախություն ինձ, բավականաչափ հետաքրքրասեր գտնվեցին և անտարբեր չանցան հենց նոր սատկած ձիու վրա քեֆ անող անգղներ հիշեցնող սևազգեստ կանանց կողքով: Պետք էր տեսնել նրանց դեմքերը, երբ տեսան ու հասկացան՝ ով է այդ աղմուկի հիմնական պատճառն ու ինչում է մեղադրվում: Վհուկների խումբը ինչպես մի ակնթարթում հավաքվել էր, այդպես էլ չքացան: Կարծում եմ՝ գնացին նոր շպիոն գտնելու իրենց արյունախում պահանջը բավարարելու համար: 
Մահապարտերի ջոկատ մեզ չընդունեցին: Աֆղանստանում կամ դեսանտում չէինք ծառայել, ուժային սպորտով չէինք զբաղվել, մի խոսքով սովորական տղերք էինք և քանի որ դիմողների պակաս չէր զգացվում, ընտրում էին ամենալավերին: Մեզ առաջարկվեց հավաքագրվել մեկ այլ ջոկատում: Դրա ընտրությունը նույնպես հեշտ չէր: Ոմանք ծանոթով էին ընտրում, ոմանք միայն իրենց շրջանից կամ թաղից, ոմանք ընդհարապես Ղարաբաղ մեկնելու նպատակ չունեին: Վերջնական ընտրությունս կանգնեց ՀՀՇ-ի նորաստեղծ ջոկատներից մեկի վրա, ուր «ծանոթ» ճարեցի: Խոստացել էին՝ շատ շուտով մեկնել Ղարաբաղ:
Խոստումը տարբեր պատճառներով հետաձգվում էր, միևնույն ժամանակ Հայաստանի տարածքում բազմակի տարօրինակ հանձնարարություններ կատարելու հրամաններ էինք ստանում: Ես արդեն սկսում էի կասկածել, որ մեր հրամանատարի նախաձեռնության շնորհիվ էր մեր մեկնումը հետաձգվում: Ես ինքս էի սկսում վերածվել իմ չսիրած «հերոսներից» մեկի՝ քաղաքում շրջող զինված մորուքավորի: Վերջապես հրամանատարը կանչեց ինձ հետ առանձին զրուցելու: Նրա տրամադրության կտրուկ անկումն ինձ հույսեր տվեց: «Երևի հրամայել են Ղարաբաղ մեկնել», մտքումս թաքուն ուրախացա ես: Պարզվեց, որ իրոք մեկնում ենք, բայց միայն Ադրբեջանի սահման և այն էլ միայն երեքով՝ ես, հրամանատարն ու մի դավաճան կին: Ես սկզբում նույնիսկ չհասկացա՝ ինչ դավաճան կին և ինչու ենք երեքով մեկնում: Հրամանատարս շատ սպասելու առիթ չտվեց: 
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

Մաս առաջինը կարդացեք՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել