Ինչու՞ են hայաստանցիները կիրթ, բայց աղքատBarometer.am-ը գրում է.

Հայաստանը կրթված է, ապահով, ոչ այնքան առողջ, իսկ տնտեսությունը և քաղաքացիական ազատությունները աշխարհում ցածր տեղերում են:

Այսպիսի կարծիքի են հանգել Բրիտանական Լեգատում ինստիտուտ հիմնադրամի (The Legatum Institute Foundation) փորձագետները ամբողջ երկրի մակարդակով իրականացված՝ բարգավաճման ինդեքս հետազոտության արդյունքում:

Ըստ հետազոտության տվյալների, Հայաստանի տնտեսությունը կաղում է. հետազոտության իրականացման պահին մասնակիցների ընդամենը 15.7 %-ն է կարծում, որ Հայաստանում աշխատանք գտնելը հեշտ է, երկիրը ունի սղաճի համաշխարհային միջինից բարձր ցուցանիշ, բնակչության ընդամենը 57.4 %-ն է  կարծում (համաշխարհային միջին 70.4%), որ իր համար հասանելի է կեցավայր և սննդամթերք, իսկ 18.5%-ը գործազուրկ են: Ընդհանուր առմամբ երկրի բնակչության ընդամենը 25.5%-ն է գոհ իր ապրելակերպից:

Մինչդեռ, ըստ նույն հետազոտության, Հայաստանում մեծ են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները. հարցվածների 56.1 %-ը կարծում է, որ Հայաստանը լավ վայր է բիզնես սկսելու համար, բավականին ցածր են բիզնես սկսելու ծախսերը, ինտենետի և բջջային հեռախոսների հասանելիությունը մեծ է:

Հայերը կրթված են: Երկրի լավագույն ուղղությունն ըստ սույն հետազոտության համարվում է կրթությունը, բնակչության մեծ մասը գոհ է կրթության մատչելիությունից, կրթությունը հասանելի է թե՛ երեխաների, թե՛ երիտասարդների համար: Երկրորդ լավագույն ուղղությունը անվտանգությունն է, մարդիկ իրենց պաշտպանված են զգում, սեփականության անձեռնմխելիությունը նույնպես համեմատաբար բարձր մակարդակի վրա է:

Ստացվում է, որ կրթված հայաստանցիները, որոնք ունեն ձեռնարկատիրության ոչ այնքան վատ հնարավորություններ, ապրում են շատ թե քիչ անվտանգ երկրում, ունեն խիստ ցածր տնտեսական ցուցանիշներ:

Սույն հետազոտության համաձայն, Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 95-րդ տեղը (2012-ին՝ 98-րդ,  2013-ին կրկին 95-րդ): Իսկ ահա կրթությամբ, մեղմ ասած աչքի չընկնող Ադրբեջանը, տնտեսական դրական ցուցանիշների շնորհիվ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 79-րդ, իսկ Վրաստանը՝ 80-րդ տեղը: Վարկանիշով Հայաստանին զիջում են հիմնականում հետամնաց աֆրիկյան երկրները և հարևան Իրանը, իսկ Թուրքիան և Ռուսաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 86-րդ և 68-րդ հորիզոնականները:

Պատճառները թերևս բազմազան են և արժանին են վերլուծության, սակայն եթե հիմնվենք նույն այս հիմնադրամի հետազոտությունների տարբեր արդյունքների վրա, կարող ենք տեսնել Հայաստանի բարգավաճման ինդեքսի թույլ կողմերը: Դրանք են՝ պետական կառավարման հիմնականում անարդյունավետ համակարգ, կոռուպցիայի բարձր ցուցանիշ, հիմնարար ազատությունների վատ ցուցանիշ և մարդկային՝ սոցիալական կապիտալի բացասական ցուցանիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել