Esem.am-ը գրում է․
Երգիչ Անդրեն արդեն 4 օր է, ինչ Ստամբուլում է, որտեղ ստամբուլահայ երգչուհի Սիբիլի հետ նկարահանում են նոր տեսահոլովակ՝ «Սեր» երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Մաժակ Թոշիկյանն է, ով նաև «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգի հեղինակն է: Խոսքերը գրել է Մաքրուհի Բ. Հակոբյանը: Տեսահոլովակը պատրաստ կլինի մինչև ամսվա վերջ, իսկ պրեմիերան կլինի տեղի CNN հեռուստաընկերությամբ և հայկական ալիքներով:

ESem.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ իրենց նպատակը հայկական երգը թուրքական ալիքներով ցուցադրելն է: «Ուզում ենք՝ գոնե 1-2 երգ մտնի իրենց մեջ: Արդեն քանի տարի է՝ Սիբիլը ջանքեր է գործադրում, որ հայկական երգերն այստեղ եթեր տրվեն: Թուրքերի երգերը մտնում են մեր երկիր առանց թուրք երգիչների ջանքերի, որովհետև հայ երգիչների մի մասը այդ երաժշտության համար գրված հայերեն խոսքերով երգեր է կատարում, իսկ մեքենանրի 80%-ից լսվում է թուրքական կլկլոց»,- շեշտեց Անդրեն՝ ավելացնելով, որ սա Սիբիլի 4-րդ հայալեզու տեսահոլովակն է, որ եթեր է գնալու թուրքական ալիքներով:

Տեսահոլովակի ռեժիսորն ազգությամբ թուրք Օզքան Աքսուլարն է, ով նկարահանել է նաև Սիբիլի նախորդ 3 տեսահոլովակները: Անդրեի փոխանցմամբ՝ իրենց հետ աշխատել է այն թիմը, որի հետ երգչուհին մշտապես համագործակցում է: Երգիչը հայտնեց, որ տեսահոլովակի նկարահանումներից առաջ ստացել են Հայր Սուրբ Թաթուլ Անուսյանի օրհնությունը, հետո միայն գործի անցել:
Տեսահոլովակում Անդրեն մարմնավորում է ջուրը, Սիբիլը՝ կրակը: «Շատ գեղեցիկ ու զգացմունքային է ստացվել: Միաձուլվում են երկու տարերքները, որոնք հանուն զգացմունքի իրենց չեն խնայում ու իրենց վնասելով լսում են սիրո հրամանը»,- ասաց երգիչը, ով Հայաստան կվերադառնա 2 օրից:

Անդրեի փոխանցմամբ՝ այս աշխատանքները պետք է անեին դեռևս ամռանը, սակայն «X Factor»-ում ունեցած զբաղվածության պատճառով չի կարողացել ավելի շուտ մեկնել:
Անդրադառնալով Թուրքիայում տեսահոլովակ նկարահանելու վերաբերյալ բացասական կարծիքներին՝ Արդրեն ասաց, որ կցանկանար դատարկ քննադատությամբ զբաղվողները նախ տեղեկանային՝ ինչն ինչոց է, քանի որ Սիբիլի նպատակը հայկական երգը Թուրքիայում տարածելն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



