Շատերը կորած գանձերը պարզապես հեքիաթ են համարում, իսկ ոմանք էլ պատրաստ են հանուն այդ «հեքիաթների» վտանգել սեփական կյանքը։

Թուր «Կունիմիցու»

Ազգային արժեք համարվող իրերի գողությունը մեծ խնդիր է բազում երկրների համար։ Մշակութային աշխատանքների ճապոնական վարչության տվյալներով՝ ազգային ժառանգություն համարվող 109 կարևոր արտեֆակտ անհայտ կորել են։ Դրանց մեծ մասը գտնվում էր մասնավոր հավաքածուներում։ Այդ պատճառով գործնականում անհնար է պարզել, թե դրանք ներկայումս որտեղ են։ Անհայտ կորած իրերի թվում կար 52 թուր, 17 քանդակ և 10 գեղանկար։ Վարչության հրապարակած զեկույցում նշվում է, որ դրանք կամ գողացվել են, կամ դրանց տերերը տեղափոխվել են, կամ ոչ ոք չի հետևել այդ իրերին տերերի մահից հետո։
Կորած իրերի թվում կար «13-րդ դարի տանտո (կարճ թուր), որը կոչվում է «Կունիմիցու»։ Այս զենքի սեփականատերը մահացել է, սակայն ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել Ճապոնիայի մշակութային վարչությանը։ Արդյունքում ազգային արժեք համարվող այդ առարկան կորել է։ Ներկայումս վարչության անդամները ծրագրում են կանոնավորապես այցելել արտեֆակտների ողջ տերերին ու այս կերպ իրազեկ լինել դրանց գտնվելու վայրին։
Պաիտիտի քաղաքը

Այս կորսված քաղաքի հետ կապված բազում առասպելներ կան։ Ասում են, որ հենց այս վայրում են ինկերը փորձել թաքցնել իրենց գանձերը եվրոպացի հրոսակներից։ Իր դիրքի ու հարաբերական անհայտության համար այս քաղաքը ժամանակի ընթացքում դարձավ Էլ Դորադոյի հոմանիշը։ Երկու առասպելական վայրերը վերջապես վերածվեցին մեկ վայրի։
Հաջողակ հետազոտողն այս վայրում կարող է մեծ հարստություն գտնել։ Միայն թե նախ պետք է գտնել այս քաղաքը։ Բազում հետազոտողներ փնտրել են այս քաղաքը Պերուի ջունգլիներում։ Այս տարածքում նրանք բազում բնակավայրեր հայտնաբերեցին, սակայն դրանցից և ոչ մեկը նման չէր այս կորսված քաղաքին։
Պատիալայի մանյակը

Պատիալայի մանյակը հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող իր է։ Այն ստեղծվել է «Cartier» ընկերության կողմից 1928 թ.-ին։ Այն նվեր էր մահառաջա Բհուպինդեր Սինգհին։ Այս մանյակը կազմված էր հինգ շարք պլատինե շղթաներից, որոնք զարդարված էին 2930 ադամանդներով։ Մանյակը դրվագված էր նաև բիրմանական սուտակներով, իսկ դրա կենտրոնական հատվածում դրված էր աշխարհի յոթերորդ ամենամեծ ադամանդը՝ հայտնի «Դե Բիրս Դայմոնդը»։ 234,6 կարատ քաշով այս ադամանդը մոտավորապես գոլֆի գնդակի չափի է։
Մանյակն անհետացավ 1948 թ.-ին։ Հայտնի է, որ վերջին մարդը, ով կրել է այս մանյակը, մահարաջայի որդի Յադավինդրա Սինգհն է եղել։ «Cartier» ընկերության լոնդոնցի ներկայացուցիչները 50 տարի անց վերականգնել են կորած մանյակը, սակայն դրանից պակասում են ամենատպավորիչ թանկարժեք քարերը։ Մանյակի վերականգնման ընթացքում օգտագործված քարերն այնքան թանկարժեք չէին, որքան բնօրինակինը։ Համարվում է, որ բնօրինակ մանյակի քարերը հատ-հատ հանվել են ու վաճառել։ Դրանց արժեքը ներկայումս 20-30 մլն դոլար է։
Կարմիր փայտից նավ

Երբ նավը խորտակվում է ափից մեծ հեռավորության վրա, իսկ հետազոտողները հնարավորություն չունեն այդ վայրում հասնել մինչև հատակը, նավը գտնելու համար կազմակերպված որոնողական աշխատանքները կարող են տասնամյակներ տևել։ Անգամ տասնամյակների որոնումների դեպքում էլ երաշխաորված չէ, որ այն երբևէ կհայտնաբերվի։ Այնուամենայնիվ, կարմիր փայտից նավը բոլորովին այլ պատմություն է։ Այն ափից կիլոմետրերի հեռավորության վրա չէ, այն օվկիանոսի հատակին չէ։ Այն նավահանգստում է՝ Ավստրալիայի Վիկտորիա քաղաքի ավազաբլուրների տակ։
Առասպելական նավն իսկապես մուգ գույնի փայտից է կառուցվել, ենթադրաբար կարմիր գույնի։ Ասում են, որ այն անհետացել է 1522 թ.-ին՝ պորտուգալացիների կողմից իրականացվող մի գաղտնի առաքելության ընթացքում, որի նպատակն էր հետազոտել Ավստրալիան։ Ասում են, թե խորտակման փաստը հայտնի է դարձել 350 տարի անց՝ 1847 թ.-ին, ապա նավի փլատակներն անհետացել են։
Այս բոլոր մանրամասները հիմնված են կետորսների ու տեղի բնակիչների պատմությունների վրա, ովքեր ապրել են ավելի քան 150 տարի առաջ։ Ոչ ոք չի կարող ապացուցել, որ այս նավն առհասարակ գոյություն է ունեցել, սակայն ոչ ոք չի էլ կարող գիտականորեն ապացուցված հերքումներ ներկայացնել։
Շարունակելի...



