Ավելի քան մեկ ու կես տարի աշխատանքի բերումով առիթ եմ ունեցել ծանոթանալու տարբեր գերատեսչությունների գործունեությանը, իսկ ավելի ուշ նաև վերլուծելու և գնահատելու վերջիններիս կողմից իրականացված աշխատանքները: Առիթ եմ ունեցել նաև շփվելու տարբեր պետական պաշտոնյաների հետ: Այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը. եթե մամուլով լսենք պետական պաշտոնյաներին, ապա բոլորը պատրաստակամ են համագործակցության, բոլորն էլ համագործակցում և գնահատում են հասարակական սեկտորի կատարած աշխատանքը, ընդունելի են համարում առողջ քննադատությունն ու հասարակական սեկտորի զարգացումը գնահատում են դրական՝ համարելով, որ դրանից շահում է պետությունը, իսկ եթե շահում է պետությունը, ուրեմն շահում են նաև իրենք: 
Սրանք ասվածի մասին, իսկ հիմա անցնենք իրականությանը:
Համենայն դեպս մեր գործունեության մասով կարող եմ ասել, որ շատ քչերն են պատրաստ եղել համագործակցության, իսկ ոմանց մոտ համագործակցության ցանկությունը շատ արագ վերացել է, երբ հանդես ենք եկել քննադատական գնահատականներով: Այս հարցում ամենապատրաստակամը, համենայն դեպս մեր մասով, միշտ եղել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղոլորտում առկա խնդիրների մասին խոսել եմ, խոսում եմ և շարունակելու եմ խոսել: Հաճախ քննադատել եմ, քննադատում եմ, բայց հույս ունեմ՝ չեմ քննադատի (հույսը վերջինն է մեռնում, հուսանք՝ մի օր քննադատելու բան չի լինի): Բայց ամենասուր քննադատությունից անգամ Սերգո Կարապետյանը չի դադարել համագործակցել:
Հիմա ինչո՞ւ պատմեցի այս ամենը, որովհետև նախարարն էլ ավելի զարմացրեց. գյուղնախարարությանը եկել էր հրավեր Իտալիայում կոնֆերանսի մասնակցության: Նախարարը, տեսնելով թեման, որոշել էր տեղերը տրամադրել հասարակական սեկտորին, մեկն էլ բաժին է հասել ինձ: 
Նենց որ, նախարարիս հաշվին գնում ենք Իտալիա։ 
Ավելացնում եմ ընդամենը երկու բան. իմ Իտալիա գնալը չի նշանակում, որ չեմ քննադատելու նախարարության գործելաոճը կամ հենց նախարարի որևէ արարք, որի հետ համաձայն չեմ: 
Բայց մյուս կողմից նշանակում է հաստատ, որ եթե մեկը նախարարին անիմաստ քննադատեց, իմ հետ էլ է պրոբլեմ ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել