1in.am-ը գրում է․
Երեկ անսպասելիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում: Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի իրականացրած լայնածավալ զորավարժությունների ընթացքում ադրբեջանական կողմը խոցել է հայկական ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմի երեք անդամները զոհվել են:
Այս միջադեպը աննախադեպ է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի հաստատումից ի վեր: Ընդհանրապես երևի թե միջազգային հարաբերություններում աննախադեպ է, երբ մի պետությունը խոցում է զորավարժություն իրականացնող մեկ այլ պետության օդուժը:
Ադրբեջանցիները հայտարարել են, որ հայկական ուղղաթիռը խախտել է օդային սահմանն ու գրոհի դիրք գրավել ադրբեջանական բնակավայրերի հանդեպ: Հայկական կողմը հերքել է այս տեղեկությունները և հայտարարել, որ Ադրբեջանի համար պատասխանը ծանր է լինելու և լինելու է ադրբեջանական ղեկավարության խղճին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները միայն ուշ երեկոյան արձագանքեցին դեպքին, որոնք վերջին շրջանում ակտիվացրել էին աշխատանքները հակամարտության կարգավորման ուղղությամբ և կազմակերպել արդեն երեք հանդիպումներ նախագահների մակարդակով: Դրանք հաջորդել էին օգոստոսի սահմանային լարվածությանը, և դեռ այն ժամանակ կանխատեսումներ էին արվել, որ այդ լարվածության թուլացումը երկար չի տևի: Եվ ահա, հերթական միջադեպը, որն աննախադեպ է իր հանդգնությամբ:
Արդյո՞ք Ադրբեջանը կարող էր իրեն հաշիվ չտալ հետևանքների համար, և արդյո՞ք նա իր անպատժելիության հարցում համոզված լինելով չէ, որ գնացել է նման հանդուգն քայլի: Թե՞ ադրբեջանական կողմը ունի ինչ-ինչ երաշխիքներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենայն հավանականությամբ մենք չենք էլ ստանա: Ներկայումս, իհարկե, կարևորագույնը խաղաղության պահպանումն է, Լեռային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության մոտ խուճապ թույլ չտալը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի հնարավոր պատասխանին, ապա հայկական զինուժն, իհարկե, իր մարտունակությունն ու հաստատակամությունը, իր բարձր պատրաստվածությունը հաստատելու կարիք չունի և չպետք է թույլ տալ, որ պատասխանը լինի ինքնանպատակ: Այն պետք է լինի կշռադատված, միևնույն ժամանակ անկասկած է, որ պատասխանը չպետք է դիտարկվի վրեժի կամ հատուցման կոնտեքստում զուտ, այլ նաև ընդհանրապես դիվանագիտական շրջանակում: Այսինքն` հայկական կողմը վերջապես պետք է կարողանա դիվանագիտական դաշտում էլ պատասխան տալ ադրբեջանական սանձարձակությանը` պատասխանը չթողնելով միայն զինուժի ուսերին:
Միջադեպն արժանացել է միջազգային մամուլի և փորձագետների գնահատականներին, որոնցում գերակշռողն ու ընդհանուր միտումն այն է, որ տեղի ունեցածը կարող է սկիզբ դնել նոր լարման և լայնածավալ ռազմական գործողությունների: Ոչ մի կասկած չի կարող լինել, որ լայնածավալ գործողությունները նշանակելու են պատերազմ ողջ Կովկասում, և այս առումով պետք է հնչեցնել, բնականաբար, ավանդական հարցը՝ ո՞ւմ է դա պետք, ո՞ւմ է «ձեռնտու» հանցանքը: Խնդիրն այն է, որ այսօր Կովկասում, ըստ էության, պատերազմի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունի միայն մեկ տերություն՝ Ռուսաստանը: Այսինքն` նման գործողությունների, ըստ էության, պատրաստ է միայն Ռուսաստանը:
Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ խնդիրն այլևս դուրս է միայն հայ-ադրբեջանական, ղարաբաղյան շրջանակից, և հարցերն ու հետագա զարգացումները պետք է դիտարկել հենց լայն շրջանակում` ներառյալ միգուցե նաև հարակից տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները: Խնդիրն այն է, որ նման լարված, գերլարված աշխարհաքաղաքական վիճակներում անգամ չնչին պատահականությունը կարող է առաջ բերել լայնածավալ ռազմական գործողություններ:
Տարածաշրջանը վաղուց ի վեր վառոդի տակառ է և արդեն` բաց բերանով, ու բավական է ընդամենը մի կայծը, որպեսզի այն բռնկվի:



