Վերջերս երկու լուսանկարներ հայտնվեցին սոցիալական ցանցերում մեկը հայ սպային տմարդորեն սպանող Սաֆարովի եւ մյուսը նույն մարդասպանի պետության ղեկավար՝ Իլհամ Ալիեւի: Երկուսն էլ կանացի շպարով:
Նկարներում ֆոտոշոփի օգնությամբ Սաֆարովի շուրթերն ու մազերը ներկված են կարմրով իսկ աչքերը կապույտ ստվերաներկով , ականջներից էլ կախված են ոսկե օղեր: Հեղինակը նույն կերպ է վարվել Ալիեւի նկարի հետ միայն թե այս մեկի գլխին ավելացրել է հարսի ծամակալ:
Ալիեւի ու Սաֆարովի կանացի կերպարով լուսանկարներին «լայք» տվողներից շատերը կանայք ու աղջիկներ են, հետեւյալ կոմենտներով՝ «յախկ», «թու» :
Հասկանալի չէ թե «յախկ» ու «թու»ն ու՞մ հասցեին է ուղղված: Սաֆարովի ու Ալիեւի թե՞ նրանց կանացի կերպարների:
Ամեն դեպքում լուսանկարներն ուզում են մեզ համոզել, որ սրանք ոչ թե տղամարդ այլ կին են:
Լուսանկարների հեղինակը այդպիսով ցանկանում է ասել. «նրանք եթե տղամարդ լինեին այդպիսի ստոր արաք չէին կատարի ու քանի որ ստոր արարքների ընդունակ են միայն կանայք, ուրեմն նրանց հարմար է կանացի շպարը»:
Կնոջը նվաստացնելու այս քայլը, որը տեղի է ունենում մի տղամարդի կողմից ընդդեմ կանացի ինքնասիրության, ցավոք հավանության է արժանացել շատ կանանց կողմից:
Հարց է ծագում: Տղամարդն իրոք ինչպիսի՞ յուրահատկություններով է օժտված, որոնցից զուրկ են կանայք:
Խիզախությու՞ն, քաջությու՞ն, խելացիությու՞ն: Ո՞վ կարող է փաստել, որ նման առանձնահատկություններից զուրկ են կանայք ու դրանք հատուկ են միայն տղամարդկանց:
Որպեսզի հակառակը փաստվի միայն նայեք ձեր ընտանիքների մայրերին ու հաստատ նրանց մոտ կգտնեք ե՛ւ խիզախություն ե՛ւ քաջություն ե՛ւ խելացիություն ու դրանց գումարած համբերություն ու նվիրվածություն: Իսկ մեր երկրում չեմ կարծում քիչ լինեն քծնող, վախկոտ ու տգետ տղամարդիկ:
Տղամարդուն վեհացնելու եւ կնոջը նվաստացնելու փորձերը նույնիսկ առկա են մեր կինոարվեստում ու սերիալներում, որտեղ տղամարդը միշտ մարմնավորում է խոհեմ ու քաջ մարդու կերպարը , իսկ կինը թույլ,բամբասկոտ ,հլու հնազանդ եւ խեղճ մարդու:
Սակայն ցավալին այն է, որ այդ փորձերը շարունակվում են նաեւ մեր օրերում, 21-րդ դարում, երբ կնոջ եւ տղամարդու հավասար իրավունքների հարցը քաղաքակիրթ մարդկության օրակարգում է:
Կասեք վերոնշյալ նկարների հրապարակումը ընդամենը հումոր էր: Թող այդպես լինի:Միայն թե հուսով եմ, որ ծիծաղ չառաջացնող ու սեւ հումորին հետեւող աղջիկներն ու տղաները վաղը չեն դաստիարակի տղամարդապաշտ աղջիկներ ու կանանց նվաստացնող տղաներ:
Հուսով եմ վաղվա սերունդի հայ աղջիկների ամենագովելի առանձնահատկությունը չի համարվի նրանց տղամարդամեծար լինելն ու տղաներն էլ այլեւս կանանց չեն գնահատելու որպես կիսատ պռատ էակներ:
Ու վերջապես հուսով եմ վաղը խելացի ու գոծունյա կանանց չեն բնորոշի որպես «տղամարդ կին», այդպիսով արհամարելով կնոջ արժանապատվությունը:
Օրը կգա բարին էլ հետը:Իսկ մինչ այդ լավ կլինի բացենք մեր աչքերն ու տեսնենք ճշմարտությունն այնպես, ինչպես որ է: Իսկ ճշմարտությունը մեզ հուշում է, որ Ալիեւն ու Սաֆարովը տղամարդ են, միլիոնավոր հանցագործ, լկտի, բռնատեր, ինքնամեծար ու տգետ տղամարդկանցից երկուսը ողջ աշխարհում:
Ուրեմն հարգելի կանայք ու աղջիկներ առաջարկում եմ հարգելով ձեր ինքնասիրությունը ետ վերցնեք ձեր «լայքերն» այդ նկարների տակից , ընդունելով մի շատ պարզ ճշմարտություն՝ կին թե տղամարդ նախ պետք է արդարամիտ մարդ լինել:
Ետ վերցրեք ձեր «լայքերն» ու ընդմիշտ հրաժարվեք տղամարդամեծարությունից, քանի որ տղամարդը աշխարհը կործանում է, կռիվ է հրահրում, սպանում է, կոտորում ու միլիոնավոր երեխաների մատնում սովի՝ հանուն իր փառամոլության:
Իսկ վերջում միայն մի խոսք՝ ներողություն սիրելի կանայք ու երեխաներ բոլոր այն տղամարդկանց փոխարեն, ովքեր աշխարհը վերածել են դժոխքի ու հպարտանում են տղամարդ կոչվելու համար: