Newmag.am-ը գրում է.
Արմեն, ինչո՞ւ դու այսօր չունես որևէ կոչում:
Հենց այդտեղից սկսեցինք, հա՞: Ճիշտն ասած, չգիտեմ, չեմ կարող ասել, որովհետև դա այնպիսի պրոցես է, որն առանձնապես չի առնչվում իմ գործունեության հետ:
Այսինքն` կարծում ես, որ չպետք է աշխատել այդ ուղղությամբ, հիշեցնել քո մասին, որ կաս, դերասան ես, տաղանդավոր ես, ունես այնքան վաստակ, որ քեզ կարող են տալ պետական պարգև: Ուզում ես, որ քեզ հիշեն ու նկատեն առանց քո հիշեցման:
Այդպես է կարգը: Դու պետք է չընկնես այդ գործարքների մեջ: Դու պետք է աշխատես որպես արվեստագետ, իսկ գնահատողները պարզապես գնահատեն: Ինչքան ես գիտեմ, այսպես է ընդունված: Բայց, ցավոք սրտի, այսօր տեսնում ենք, որ որոշ մարդիկ գտնում են դրան հասնելու ճանապարհը: Բայց ես իմ տեսակով այնպիսի մարդ չեմ, որը կարողանա թողնել իր արվեստագետի կոչումը: Առաջին կոչումը հենց արվեստագետն է: Մարդ, որը զբաղվում է իր սիրած աշխատանքով: Սա հասարակական աշխատանք է:
Վստահաբար ճիշտ ես: Քանի՞ տարի է` թատրոնում ես:
Միակ թատրոնը, որտեղ աշխատում եմ, Սունդուկյանն է, աշխատում եմ 24 տարի: Ես երբեք չեմ փոխել իմ աշխատավայրը և չեմ դավաճանել մայր թատրոնին:
Իսկ ե՞րբ որոշեցիր դերասան դառնալ:
Որքան ինձ հիշում եմ դերասանի մասնագիտությունն ինձ հարազատ է: Պատանեկան տարիներից հայտնվեցի գեղագիտական կենտրոնում և այդտեղից սկսեց այդ հրաշքը` իմ սերը դեպի հեքիաթը:

Հետադարձ հայացք ձգենք, ու մի քիչ հիշես քո խաղացած դերերը: Դու ավելի շատ թատրոնում ես, քան կինոյում: Կինոյում ավելի շատ վերջին տարիներին ես: Բայց քո ամբողջ կյանքը կապված է հենց Սունդուկյանի բեմի հետ: Ո՞ր դերերն են, որ հատկանշական են քեզ համար, և դու փայփայում ես այդ դերերը քո մասնագիտական կենսագրության մեջ:
Եթե ասեմ, որ բոլոր կերպարներն ինձ հարազատ են, գուցե շատ կրկնված տեսակետ լինի, բայց փաստն այն է, որ դա, իրոք, այդպես է: 30-ից ավելի դերեր եմ խաղացել` փոքր, մեծ: Բեմ դուրս գալն ինձ համար արդեն մեծ երևույթ է: Այդտեղ ես այլևս չեմ նայում, թե այն հոգեհարազատ է, թե ոչ, իմ կոմից ըմբռնված, թե չէ: Այո, ամեն դեպքում կան կերպարներ, որոնց ես ավելի նրբանկատորեն եմ մոտենում, շատ ավելի լրջախոհ: Ես թատրոն մտա դերով, որը շատ սիրում էի: Խորեն Աբրահամյանի հրավերով եկա թատրոն: Իմ կուրսի ղեկավարը հենց այդ մեծագույն արտիստն էր: Ցավոք սրտի, նա այսօր մեզ հետ չէ: Գլխավոր դերերում Արմեն Խոստիկյանն էր Գալյա Նովենցը, շարքը կարելի է շարունակել: Այսինքն` ես այն բախտավորներից եմ, ով նրանց տեսել է բեմում:
Փաստորեն միջանկյալ օղակ ես նոր և ավագ սերունդների միջև:
Այո, այդպես ստացվեց:
Ամեն դեպքում դու ոչ թե միջին, այլ նոր սերնդի ներկայացուցիչ ես, որովհետև միջին սերունդն ինձ ու քեզանից ավելի տարիքով է:
Արվեստագետի համար մի ցավալի հանգամանք կա: Մենք հայտնվեցինք վակուումային ժամանակահատվաաածում: 89, 90-ական թվականներն էին: Արդեն սկսեց նոր ժամանակներ: Եկան նոր մոտեցումներ:
Ի՞նչ էր կատարվում այն ժամանակ: Սունդուկյան թատրոնը լուծարվեց, Մի մասը գնաց ԱՄՆ ու հետ չվերադարձավ: Խորեն Աաբրահամյանը մնաց այնտեղ, թատրոնն անկման եզրին էր, հետո, քո կյանքում ի՞նչ կատարվեց:
Հրաչ ջան ես շատ երիտասարդ էի, որպեսզի մտածեի թե ինչ է տեղի ունենում թատրոնում: Այն ժամանակ ոգևորված, թատրոնով ապրող և շնչող մի մարդ, որին ոչինչ բացի թատրոնից չէր հետաքրքրում: Եթե ես զբաղված չէի, ապա թատրոնում էի, միջանցքներում, բուֆետում,… Նայում էի դերասանների, տեսնում էի թե ինչպես են վերաբերվում թատրոնին: Թատրոնի ժամանակը չէր, թատրոնի մասին մտածելու պահը չէր, մարդիկ շատ ավելի ուրիշ բաների մասին էին մտածում այդ ժամանակ: Կարծում եմ այդ բացթողումն էր պատճառը, որ մեծ արտիստը ստիպված որոշ ժամանակ լքեց թատրոնը:

Իհարկե, ափսոս այդ տարիները, որ ծանր տնտեսական պայմաններում հայտնված մեր երկիրը փաստորեն զոհողության գնաց նաև արվեստի մասով: Արդյոք դու քեզ համարում ես այն սերնդի ներկայացուցիչներից, ում համար այդ ժամանակը եղավ ճակատագրական: Դու կարո՞ղ էիր ավելին անել, քան արել ես:
Կարծում եմ այո, որովհետև դերասանի համար այդ տարիքն էլ շատ կարևոր տարիք է: 20-30 տարեկան շրջանի համար կան լավ դերեր, որոնք պետք է հենց այդ ժամանակ խաղալ: Բայց ասեմ, որ այդ հատվածում այնքան էլ պարապուրդի չէի մատնված, որովհետև աշխատել եմ, շատ եմ խաղացել: Ես զբաղված դերասաններից էի համարվում: Ինձ հնարավորություն է տրվել լինել թատերախմբի հիմնական կազմում: Մինչև հիմա էլ ինձ համարում եմ թատրոնի նվիրյալ` իմ աշխատանքային գրաֆիկը հաշվի առնելով նաև: Ցուրտ օրերին, երբ թատրոնը չէր ջեռուցվում, ես բեմում եմ եղել: Ցերեկային ներկայացումների գլխավոր դերակատարն էի: Դա 2-3 տարի էր, բայց դա էլ բավական ժամանակ էր ներկայանալու համար:
Հետաքրքիր բան ասացիր հնարավորությունների մասին: Սովորաբար քչերս ենք խոսում մեզ տրված հնարավորությունների մասին: Միշտ ուրախանում եմ, երբ լսում եմ արտահայտությունը, որ ինձ հնարավորություն տրվեց: Ուզում եմ` մի փոքր խոսես այդ մասին: Կարծես թե բախտը քո հանդեպ շատ բարեգութ է, քեզ տրվել են բավականաչափ գեղեցիկ հնարավորություններ, և կարծում եմ, դու լավագույնս կխոսես այդ հնարավորությունների մասին:
Այո, «հնարավորություններ տրվել» հասկացությունը միշտ ընկալվում է տարբեր կերպ: Մեկին` ավելի շատ, մյուսին` ավելի քիչ: Այս դեպքում, կարծում եմ, ամենակարևորը պատասխանատվության զգացումն է: Մարդ կա, ով իրեն տրված շատ փոքր աշխատանքին այնքան պատասխանատվությամբ է մոտենում , որ մեծ հնարավորություններ ունեցողները լիովին չեն կարողանում օգտագործել:
Սուբյեկտիվ ու միակողմանի թող չհնչի, բայց կարող եմ փաստել, որ քո մասնակցությամբ յուրաքանչյուր ներկայացում, համենայն դեպս, նրանք, որոնք դիտել եմ, քո խաղն առանձնանում է: Մեր բոլոր կոլեգաները թող ինձ ներեն, բայց դու քո էներգետիկայով և դերասանական տեխնիկայով, տված էմոցիաներով տարբերվում ես մնացածից:
Հիմա շատ պրոֆեսիոնալներ կարող են ասել գուցե դա լավ չի, թատրոնը ներկայացնում է մի ամբողջություն, որտեղ պետք է լինել մի պատկերում: Իհարկե, պետք է կերտել նաև քո կերպարը, այնպես չի, որ բոլորը պետք է մի գծով գնան: Չգիտեմ, գուցե շատ բաներ կարելի է վերագրել ռեժիսորներին: Մի քիչ ուզում եմ համեստություն անել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ