1in.am-ը գրում է.
Երևան-Գյումրիի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հրաշքով փրկվել են նաև Զարուհի Հովհաննիսյանը և նրա 14-ամյա որդին՝ Էդմոն Սիմոնյանը:
14-ամյա Էդմոն Սիմոնյանին երեկ Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունք: Կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Էդմոնի վիճակը ծանր է, գիտակցությունը՝ տեղը: Երեխան շփվում է, պատասխանում հարցերին:
«Վերջույթներն անշարժացված են գիպսակապերով, քանի որ երեխայի մոտ երկու բազկոսկրերը կոտրված են, կոտրված է նաև անրակոսկրը ձախից: Վաղը կվիրահատենք, պլանավորել ենք կատարել երկու բազկոսկրերի փակ համադրում: Երեխայի մոտ կան նաև դեմքի, ձեռքերի երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներ: Մենք մտածում ենք մինիմալ միջամտություն կատարել այս պարագայում՝ առանց վերքը բացելու»,- ասաց Գևորգ Ալոյանը:
Նրա խոսքերով՝ բավական բարդ վիրահատություն է սպասվում, իրենց աշխատանքը բարդանալու է այնքանով, որ վիրահատությունը փորձելու են կատարել փակ եղանակով:
Որքան ժամանակ է հարկավոր հետվիրահատական բուժման, սպիների վերացման համար, բժիշկը նկատեց՝ քանի որ երկրորդ և երրորդ կարգի այրվածքներ են, մակերեսային սպիներ դեմքի վրա կմնան, մի որոշ ժամանակ արտահայտիչ կարող են լինել. «Այս դեպքում որևէ վիրահատություն չենք անելու, այրվածքների հետ կապված ուղղակի վերքերը մշակվելու են, կլավանան, հետագայում ինչ աստիճանի սպիեր կմնան, ֆունկցիայի խանգարում ձեռքերի մատների կմնա, թե ոչ՝ այդ դեպքում մենք կորոշենք պլաստիկ վիրահատությամբ այն շտկելու գործողությունները»:
Իսկ ընդհանրապես 14 տարեկան երեխաների մոտ բազկոսկրը միջին ժամկետում երկու ամսում նոր սերտաճում է, միջին ժամկետը երկու ամիս է, որից հետո ամիսը մեկ ռենտգեն հետազոտություն են իրականացնում. «Երրորդ ամսում եթե սերտաճումը տեսնենք, ապարատները կհանվեն, վեց ամիս անցնելուց հետո մենք վերջնական կտեսնենք ոսկրի սերտաճումը»,- հավելեց Գևորգ Ալոյանը:



