Այս ցուցակի իրերից գոնե մեկը տարիներ շարունակ մեզնից յուրաքանչյուրի պահարանի անբաժան մասն է կազմում։ Ինչպե՞ս է այն այնտեղ հայտնվել։ Ինչո՞ւ այն մինչ օրս աղբամանում չէ։ Այս հարցերի պատասխանները դուրս են էմպիրի գիտելիքի դաշտից։

«Չափազանց երեկոյան»  երկարափեշ զգեստ

Դե իհարկե պարտադիր չէ, որ զգեստը հատակին հասնի, սակայն այն պարտադիր կերպով պետք է մարմնի այս կամ այն մասը մերկացնող տարր ունենա, օրինակ՝ գրգռաճեղք, լանջաբացվածք,  համապատասխան մասերում թափանցիկ ժապավեններ և այլն։ Դու հսկայական գումար ես վատնել այդ զգեստի վրա ու  կրել ես այն ընդամենը մեկ անգամ, ասենք՝ ինչ-որ միջոցառման ժամանակ, որտեղ այն «չափազանց երեկոյան» է եղել։ Միայն այնտեղ գնալուց հետո ես պարզել, որ դու միակն ես, ով այդքան պճնված տեսք ունի։ Այդ ժամանակից ի վեր զգեստը կախված է մնացել պահարանումդ ու տարիներ շարունակ սպասում է իր աստղային ժամին, որն ուր որ է պետք է գա, սակայն այդպես էլ չի գալիս։ Բայց դե կյանքը լի է անակնկալներով. գուցե բախտը ժպտա քեզ, և դու Օսկարի արժանանաս։ Մրցանակաբաշխությանը հենց այդ զգեստը կկրես։

«Նոյի թվի» ջինսը

Ոչ մի ուրիշ ջինսե անդրավարտիք այդքան լավ չի նստել վրադ, որքան հին ու բարի ջինսե անդրավարտիքդ։ Միայն թե այն այնքան հին է, որ դրա լավագույն բառարանային սահմանումը «Նոյի թվի ջինս» է։  10 տարի առաջ դու աննման էիր այդ անդրավարտիքով և հիմա էլ աննման կլինես, եթե միայն մի փոքր նիհարես, ընդամենը մի տասը կիլոգրամ, և դու նախկին նրբիրան աղջիկը կդառնաս։  Իսկ մինչ այդ ավելի լավ է դրանք մնան իրենց տեղում կամ գուցե արժե պարզապես դեն նետել դրանք ու կուշտ փորով հաց ուտել։ Ախր որքան կարելի է տանջել ինքդ քեզ հալումաշ անող, բայց այդպես էլ չնիհարեցնող դիետաներով։

Հին ու բարի կոշիկներ

Մենք լավ գիտենք, թե դրանք ինչպես հայտնվեցին քո տանը։ Մի օր խանութի հմուտ վաճառողուհին համոզիչ տոնով ասաց. «Դե հո ֆիզկուլտուրայի չե՞ք գնալու այս կոշիկներով»։ Այդժամ դու կրծքիդ սեղմեցիր կոշիկները, տուն բերեցիր, հագար... Հետո դու գլխի ընկար, որ հմուտ վաճառողը մի փոքր խորամանկել է։ Այդ կոշիկներով ոչ միայն չեք կարող վազել կամ ցատկել, այլ դրանցով առհասարակ տնից դուրս գալ չեք կարող։ Դրանցով անգամ նստել է անհարմար, կանգնելու ու քայլելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Թեպետ կանգնել գուցե հաջողվի, եթե իհարկե ինչ-որ հենարան ունենաք։  Այդպես էլ չկարողանալով բաժանվել սիրելի կոշիկներից՝ դու տարին մեկ անգամ հանում ես դրանք դարակից, փորձում ու կրկին տեղը դնում։ Այնուամենայնիվ, դու չես կարողանում բաժանվել դրանցից, իսկ կոշիկները խանութին վերադարձնելը մտքովդ էլ չի անցել։

Դժոխային բլուզ

Դու այսպիսի «տեքստիլե հրեշներ» գնում ես կա՛մ խոր դեպրեսիայի շրջանում, կա՛մ երբ քեֆդ հազար է։ Սովորաբար անդուր գույներով աչքի ընկնող այսպես կոչված «դժոխային բլուզը» գնելիս մարդիկ նշում են, որ ցանկանում են վառ գույներ ավելացնել իրենց զգեստապահարանում։ Իրականում դժոխային բլուզը բողոքի արտահայտչաձև է մռայլ իրականության դեմ և հզոր հոգեթերապևտիկ ազդեցություն ունի։ Դու երբեք չես կրում այն, սակայն դրա առկայությունը քո զգեստապահարանում հիշեցնում է այն մասին, որ դու ուժեղ կին ես։

Արձակուրդային գլխարկ

Արձակուրդային գլխարկը սովորաբար գնվում է ամառային արձակուդի ժամանակ, երբ թվում է, թե առջևում վառ ու հագեցած օրեր են սպպասվում, իսկ գումարդ էլ անսպառ է։ Դու այնքան էլ սթափ չես, արևը գլխիդ է տվել, մի փոքր խենթացել ես, իսկ շուրջբոլորդ երկար սարաֆաններով կանայք են։ Արձակուրդի երկրորդ օրը դու գնում ես ծովափնյա վաճառակետը, փորձում ես հավանածդ գլխարկը ու գնում այն։ Արձակուրդի ընթացքում հասցնում ես մի երեք անգամ կրել գլխարկդ, իսկ հետո ճամպրուկն ես դնում, հրաժեշտ տալիս հեքիաթային հանգստիդ ու դժկամորեն վերադառնում միապաղաղ առօրյային։ Այն այդպես էլ մնում է զգեստապահարանի մի անկյունում, ինչպես տոնածառը ամանորից հետո։

Գուլպաների ժապավենաձև գոտի

Ցանկանում էիր սիրելիին անակնկա՞լ մատուցել ու գուլպաների գոտի՞ գնեցիր։ Ծանոթ իրավիճակ է։ Միայն թե ցավալի է, որ մեկ անգամից ավելի չես կրում այն։ Նույնիսկ այդ մեկ անգամվա համար ես փոշմանում։ Ախր մանրակրկտորեն ընտրում ես ամենասեքսուալ գոտին, հետո հագնում, շտկում այն, գրավիչ դիրքով պառկում անկողնուն, իսկ այդ տխմարը գալիս է ու երեք վայրկյանում հանում այն վրայիցդ։ Այնուամենայնիվ, դու հավատում ես, որ մի օր սիրելիդ կհասկանա, թե ինչպես է պետք վարվել կնոջ հետ, ու այդպես էլ չես բաժանվում սիրելի աքսեսուարից։ Մոտ հարյուր տարի պահում ես այն զգեստապահարանումդ, իսկ հետո երևի դրանով էլ կթաղեն քեզ։ Դե լավ, տխրելու պատճառ չկա. չէ՞ որ այդ դեպքում դու անգամ գերեզմանում անբաժան կլինես սիրելի աքսեսուարիցդ։  

Ծիծաղելի պայուսակ

Հի-հի-հի։ Ինչպե՞ս կարող էի ես սա գնել։ Լավ ոչինչ։ Ո՞ւմ հետ չի պատահում։

Շատ գործնական կոստյում

Բանն այն է, որ կոստյումը չափից ավելի գործնական է։ Դու գնել էիր այն վերջապես ներկայանալի կնոջ պես հագնվելու բարի մտադրությամբ։ Դու հոգնել էիր տհաս դեռահասի տեսք ունենալուց։ Այնուամենայնիվ, դու այդ կոստյումով նման ես Հիմլերի թոռանը և մի քիչ էլ Սաշա Գրեյին։ Դե թող առայժմ զգեստապահարանում կախված մնա, գուցե մի օր պետք գա։

Ճակատագրական կիսաշրջազգեստ

Դրանով ոչ մի տեղ գնալ չի լինի, ավելի ճիշտ՝ դրանով առհասարակ քայլել չի լինի. Ճակատագրական կիսաշրջազգեստը չափազանց նեղ է կամ չափազանց կարճ, կամ էլ չափազանց համարձակ գրգռաճեղքով, որից երևում են բոլոր բարեմասնություններդ ու դեռ մի բան էլ ավելի։ Բայց դու ինքդ էլ համարձակ ես։ Այդ իսկ պատճառով շաբաթը մեկ փորձում ես այն, իսկ հետո հասկանում, որ չէ, այսօր էլ բավականաչափ ճակատագրական օր չէ, թող մնա մի ուրիշ անգամ։  

«Բաբոյական թումբան»

Ի՞նչ կա որ։ Շատ էլ լավ թումբան է և ամենակարևորը մեծ։ Եթե մի փոքր վեր քաշես, մինչև ուսերդ կարող ես ծածկվել դրանով։ Ու ամենակարևորը, այս թումբանը քեզ կապահովագրի անցանկալի էրոտիկ արկածներից։ Այնպես որ ոչ մի դեպքում դեն մի՛ նետիր այն։ Այն պետք է սերնդեսերունդ փոխանցվի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել