Ամենագեղեցիկ և հեքիաթային տոներից մեկին հաշված օրեր են մնացել, և շատերն արդեն լի են տոնական հրաշքի սպասումներով: Սա այն տոնն է, որի ընթացքում մարդիկ լրացնում են հույսի և սպասումների իրենց պաշարը, վերհիշում բարության խորհուրդը, ի սրտե ուրախանում և մի մեծ հրաշք տոն կազմակերպում ու նվիրում իրենց բալիկներին՝ չմոռանալով անակնկալ, յուրօրինակ նվերների մասին:
2014թ. դեկտեմբերի 1-ին կմեկնարկի «Սուրբ Ծննդյան հեքիաթ» բարեգործական աճուրդը, որի ընթացքում կվաճառվեն ձեռքի աշխատանքի հայ վարպետների ստեղծագործությունները: Դրանով կփորձենք հնարավորինս յուրօրինակ խորհուրդ հաղորդել Ամանորյա տոնակատարություններին՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն՝ ձեռք բերելու շատ գեղեցիկ և տարբերվող նվերներ տոներին ընդառաջ ձեզ և ձեր ընկերների համար: Եթե երբևէ մտածել եք, թե ինչու են ձեռքի աշխատանքներն այդքան գնահատելի, ապա ձեզ համար գաղտնիք չէ, որ ցանկացած փոքրիկ զարդ, հելյունով գործված հագուստ, ձեռքով կարված կոշիկ կամ տարբեր նյութերի համադրությունից ստացված այլ ձեռքի աշխատանք չկրկնվող է: Յուրաքանչյուր վարպետ ունի իր ձեռագիրը և ոճը:
Արդեն ավանդույթ դարձած այս աճուրդի շրջանակներում այս անգամ կփորձենք մի գեղեցիկ հեքիաթ գրել չորսամյա Հայկի և երկամյա Դանիելի համար: Մեր նպատակը նրանց բուժման համար անհրաժեշտ գումարի հավաքման գործին աջակցելն է: Երկու բալիկների մոտ էլ ծննդյան պահից ախտորոշել են մանկական ուղեղի կաթված, բացի այդ, Հայկն ունի կոնքազդրային ոսկորի խնդիր, ինչի պատճառով էլ ունի լուրջ վիրահատության կարիք:
Աճուրդը կտևի մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ մասնակցել և ընթացքին հետևել կարող եք այս հղմամբ: Բոլոր աշխատանքների մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ է: Ելնելով աճուրդի կանոններից՝ ընտրված աշխատանքի համար յուրաքանչյուր մասնակից պետք է առաջարկի նախորդ առաջարկված գնից առնվազն 500 ՀՀ դրամով բարձր գին: Դեկտեմբերի 20-ի երեկոյան՝ աճուրդի փակման պահին, ամենաբարձր գներն առաջարկող մասնակիցները կճանաչվեն հաղթող և կդառնան աճուրդի գնորդները:
Միասին ևս մեկ անգամ կմիավորվենք մի բարի նպատակի շուրջ և, ջերմությամբ լի սրտերով նրանց շուտափույթ ապաքինում մաղթելով, հույսերով լի մուտք կգործենք նոր տարի:
Հարգանքներով՝ Սուրբ Ծննդյան հեքիաթասացներ
Սուրբ Ծննդյան հեքիաթ - բարեգործական աճուրդ 2014
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել