Վերջերս լայն տարածում են գտել տարբեր եղանակներով ջրի որակի ստուգման մեթոդները, հատկապես էլեկտրոլիզի (էլեկտրական հոսանքի) միջոցով ջրի որակական հատկությունների որոշման փորձերը: Շատացել են նաև ջրի մաքրման տարբեր տեսակի ֆիլտրերի կիրառման գովազդները և առաջարկները:

Դրանք հիմնականում իրականացվում են հեռախոսազանգերի միջոցով, այնուհետ ծորակի և առօրյայում օգտագործվող խմելու ջրի որակի անվճար «ստուգման» եղանակով: Այդպիսով քարոզվում է, որ ամեն օր օգտագործվող տարբեր տեսակի ջրերը «պիտանի» չեն խմելու համար, գովազդվում են անհասկանալի ծագում ունեցող ջրի ֆիլտրացման համակարգերը: Ոմանք, հավատալով այդ «փորձարկումներին», ենթադրելով, որ հոգում են իրենց առողջության մասին, սկսում են օգտվել նման ֆիլտրացման համակարգերից:
«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, ունենալով 12-ամյա փորձ խմելու ջրի արտադրության ոլորտում, քաջատեղյակ լինելով արդյունաբերական ֆիլտրացման սկզբունքներին և օգտագործելով այդ համակարգերն իր արտադրական գործընթացում՝ վստահեցնում է, որ նման «փորձարկումները» չեն համապատասխանում խմելու ջրի որակական հատկանիշները որոշելու իրական և ճշգրիտ մեթոդներին (որոնք կիրառվում են մասնագիտացված և արտոնագրված լաբորատորիաների կողմից), ստեղծում են թյուր կարծիք և, որպես հետևանք, մոլորեցնում սպառողներին:
Իրականությունն այն է, որ ցանկացած ջուր, լինի դա քաղաքային ջրամատակարարման ցանցի, թե արտադրական եղանակով շշացլված, հարուստ է աղերով և պարունակում է կալցիում, մագնեզիում, նատրիում և այլ բնական աղեր: Գովազդվող «ֆիլտրացման» ժամանակ ջրի մեջ իջեցվում է մի սարքավորում, որն իրականում նախատեսված չէ ջրի որակի ստուգման համար: Դա սովորական էլեկտրոլիզի սարքավորում է, որը, բնականաբար, չի կարող որոշել ջրի բաղադրությունը և, հետևաբար, նրա մեջ պարունակվող վնասակար նյութերի կազմը: Էլեկտրոլիզի ժամանակ տեղի է ունենում մի գործընթաց, որին դեռևս ծանոթ ենք դպրոցական տարիներց՝ էլեկտրական հոսանքը ջուրը կազմալուծում է նրա բաղադրիչ մասերի՝ ջրածնի և թթվածնի: Հիշյալ սարքն ունի 2 մետաղյա էլեկտրոդ յուրաքանչյուր կողմից, որի գործարկման ժամանակ էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջրում պարունակվող աղերը կարծրանում են և առաջացնում նստվածք: Միաժամանակ ջուրը սկսում է փոխել գույնը, նույնիսկ կարող է սևանալ և դառնալ անթափանց, ինչը բնական քիմիական ռեակցիա է: Կարող են առաջանալ նաև գորշ կամ կանաչ փաթիլներ, որոնք իրականում այն մետաղի իոններն են, որից կազմված են սարքավորման էլէկտրոդները: Սարքավորմանը նայելով կարելի է նկատել, որ էլէկտրոդները հետզհետե բարակում և մգանում են, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում էլեկտրոլիզի սովորական գործընթաց, որի արդյունքում մետաղական անոդը քայքայվելով առաջացնում է ժանգ և նստվածք: Հենց դա էլ ջրի ֆիլտրեր գովազդող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ անվանում են թունաքիմիկատներ և վնասակար նյութեր: Հետևաբար, վերոնշյալ «փորձարկումը» ոչ մի դեպքում չի կարող համարվել ջրի որակի ստուգում և փորձաքննություն. այն ուղղակի ոչ մասնագիտացված, կոմպետենտության բավարար հիմք չունեցող մոտացում է, որը, խեղաթյուրելով իրականությունը, մոլորեցնում է սպառողներին: Էլեկտրոլիզի միջոցով հնարավոր չէ տեսնել և պարզել ջրում պարունակվող վնասակար նյութերն ու միկրոբները. սա անհերքելի փաստ է:
Այն իրականությունը, որ ջուրը պարունակում է հանքային աղեր, բացառապես բնական երևույթ է, և դա չի կարող վնասել մարդու օրգանիզմին, եթե չասենք ավելին, որ դրանք կենսական նշանակություն ունեն: Ջրի հնարավոր վնասակար հատկությունների համալիր փորձաքննության և առավելագույն ճիշտ պատկերը տեսնելու համար, որպես կանոն, պահանջվում է մի քանի օր և համապատասխան լաբորատոր պայմաններ և արտոնագրված սարքավորումներ: Այնպես որ, միանշանակ է, որ էլեկտրոլիզի միջոցով հնարավոր չէ որոշել ջրի օգտակարության ցուցիչները:
Այսպիսով, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ փորձարկումների արդյունքում ստացված և ոչ մասնագիտացված մարմինների կողմից արված եզրակացություններից և ուղղորդվել Ազգային Ստանդարտների Ինստիտուտի կողմից արտադրողին տրված ՀՀ Համապատասխանության Հավաստման Վկայականով (ՀՍՏ վկայական):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել