Լավ լուր. քաղաքակիրթ աշխարհում մարդը գործնականում հաղթել է բնությանը, և կենդանիները նրա համար վտանգ չեն ներկայացնում։ Վատ լուր. խիտ բնակեցված զարգացող երկրներում, որտեղ բնակչությունը ջունգլիների, ճահիճների և սավաննաների կողքին է ապրում, կենդանիները նախկինի պես սպանում են մարդկանց, իսկ դեղեր, հակաթույներ կամ հակաբիոտիկներ այնտեղ չկան։ Քանի որ սպանությունների մեծ մասը տեղի է ունենում երկրագնդի հեռավոր անկյուններում, բերված վիճակագրությունը հարաբերական է, զոհերի թվերը` մոտավոր և դժվար թե երբևէ հստակ դառնա։
Շնաձկներ. 1 տարում 10 մարդ

Շնաձկները և հատկապես սպիտակ շնաձուկը բացարձակ վախի ժամանակակից խորհրդանիշն է։ Նա մարդկանց վրա հազվադեպ է հարձակվում և սպանում է մոտավորապես 10 մարդ տարում։ Ածելիի պես սուր ատամները, սարսափելի արագությունն ու հզոր ուժն այս դեպքում անզոր են, և նա աղյուսակի ստորին հորիզոնականն է զբաղեցնում։
Գայլեր. 1 տարում 10 մարդ

Միապաղաղ կլիմայի ամենասարսափելի գիշատիչը, բոլոր եվրոպական հեքիաթների գլխավոր թշնամի գայլը տարեկան սպանում է 10–ից ոչ ավել մարդ, քանի որ հիմնականում բնակվում է արգելոցնելում և խուսափում մարդկանցից։
Վագրեր. 1 տարում 80 մարդ
Հյուսիսային Հնդկաստանում և Պակիստանում ծեր և հիվանդ վագրերը առաջվա պես մտնում են գյուղեր և ուտում մարդկանց։ Մարդակեր վագրերի դեմ որս է հայտարարված, և դա մեծ առաջընթաց է։ Օրինակ՝ 19–րդ դարի կեսերին վագրերը տարեկան 1000 մարդ էին սպանում։
Առյուծներ. 1 տարում 100 մարդ

Աֆրիկյան առյուծները առաջվա պես հարձակվում են մարդկանց վրա Քենիայում և Տանզանիայում։ Հիմնականում նրանք ապրում են խմբերով և խուսափում են մարդկանց հետ հանդիպումից։ Բայց միայնակ և ոչ այդքան առողջ առյուծները կարող են իրական վտանգ դառնալ մարդկանց համար։
Ավստրալիական մեդուզաներ. 1 տարում 100 մարդ
Փոքրիկ արարածներ, որոնք լցված են կաթվածահար անող թույնով։ Մեդուզայի առաջացրած այրվածքն առաջացնում է անտանելի ցավ և զուգորդվում ցնցումներով, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել խորը ջրերում, ապա զոհը կարող է խեղդվել։
Փղեր. 1 տարում 150 մարդ

Փղերը` մեծ, ուժեղ, խելացի և շատ հիշաչար կենդանիներ են։ Նրանք մարդուն կարող են վայրկյանական սպանել։ Հերիք չէ, որ մարդիկ Հնդկաստանում որսում են նրանց (փոքրիկ փղերից լավ ծանր աշխատանք կատարողներ են դուրս գալիս), այլև անընդհատ ջունգլիներ են հատում և տարածքներ գրավում։ Այդ պատճառով էլ այնտեղ մարդ–փիղ պատերազմ է ընթանում, որում մարդկությունը, բնականաբար, հաղթում է, բայց ոչ առանց կորուստների։
Աֆրիկական գոմեշ. 1 տարում 200 մարդ

Աֆրիկյան գոմեշները մեկ տոննա են կշռում և շատ արագ են վազում։ Բացի դրանից, նրանք լավ կազմակերպված են և վտանգի դեպքում մարտական դիրք են ընդունում (թույլերն ու երիտասարդները` մեջտեղում, իսկ ուժեղ արուներն ու էգերը` շրջանաձև պաշտպանական գծում)։ Իսկ թե ի՞նչն են նրանք վտանգ համարում՝ հայտնի է միայն իրենց։
Գետաձիեր. 1 տարում 500 մարդ
Ձևականորեն գետաձիերը բուսակեր են։ Փաստացի` ամենավտանգավոր կենդանիներից մեկը Աֆրիկայում։ Ծանր քաշ, բավական արագություն, սարսափելի ժանիքներ և լավ զարգացած տարածքային զգայարան։ Պետք չէ գործ բռնել գետաձիերի հետ։
Կոկորդիլոսներ. 1 տարում 1000 մարդ

Կոկորդիլոսների բոլոր տեսակներն էլ վտանգավոր են. և՛ նեղոսյանը, և՛ նրանք, որոնք ապրում են Լուիզիանայի ճահիճներում, և՛ ամազոնյանը։ Ամենամահաբեր տեսակը` ծովային կոկորդիլոսները, ապրում են Ավստրալիայի հյուսիսային և Նոր Գվինեայի հարավային ափերին։ Զոհերի հստակ թիվն անհայտ է։ Ամեն անգամ, երբ կոկորդիլոսները որոշում են սերֆեր ճաշակել, այդ դեպքերը տեղ են գտնում մամուլում, բայց երբ նրանք ուտում են գվինեական ձկնորսների, դա ոչ ոք չի նկատում։
Կոկորդիլոսները, որպես կանոն, բռնում են մարդուն, արագ պտտվում, ջրասույզ անում նրան և կոտրում ողնաշարը։ Սարսափելի տեսարան է։
Տափակ որդեր (սոլիտեր). 1 տարում 2000 մարդ

Այս արարածներն ապրում են մարդու և մի շարք կենդանիների մարսողական համակարգում։ Նպաստավոր պայմանների դեպքում տափակ որդի թրթուռներն ընկնում են թոքեր, և սկսվում է ցիստեցերկոզ հիվանդությունը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է մահվան։
Կլոր որդեր (ասկարիդներ). 1 տարում 2500 մարդ
Եվս մեկ աղիքային մակաբույծ, որի թրթուռները կարող են ընկնել և՛ թոքեր, և՛ ուղեղ, և՛ սիրտ։ Բացի դրանից, ասկարիդները մեծ հաճույքով ապրում են արյունատար անոթներում, սնվում արյան կարմիր գնդիկներով և արդյունքում հանգեցնում սակավարյունության (անեմիա)։
Քաղցրահամ ջրերի խխունջներ. 1 տարում 10.000 մարդ
Մարդասպանները համարվում են ոչ այնքան քաղցրահամ ջրերի խխունջները, այլ շիստոմոզը, որը խխունջները տարածում են։ Մակաբույծ տափակ որդերը մաշկի միջոցով թափանցում են մարդու օրգանիզմ, ընկնում արյունատար անոթներ և տեղավորվում կամ աղեստամոքսային համակարգում, կամ միզապարկի և սեռական օրգանների շրջանում։ Այս որդերի թրթուռներին տեղափոխում է հենց քաղցրահամ ջրերի խխունջը։ Ստացվում է, որ այս փոքրիկները ավելի շատ մարդ են սպանում, քան առյուծները, փղերը, կոկորդիլոսներն ու գետաձիերը միասին վերցրած։ Շնաձկների մասին էլ խոսք չկա։
Ցեցե ճանճեր. 1 տարում 10.000 մարդ
Հիշու՞մ եք Ժյուլ Վեռնին։ Սովորական աֆրիկյան ճանճը տարածում է քնաբեր հիվանդություն` մարդու աֆրիկյան տրիպանոսմոզ։ Սա շատ վտանգավոր մակաբուծային հիվանդություն է՝ տարածված Հասարակածային Աֆրիկայում։ Սրա բուժումը անասելի դժվար և թանկ է։ Չնայած որոշակի հաջող փորձեր եղել են։ Այժմ տրիպանասմոզից մահացության ցուցանիշը տարեկան 10 հազար մարդ է։ Իսկ 90–ականների սկզբին հասնում էր մինչև 30 հազարի։
Շներ. 1 տարում 25.000 մարդ
Վիճակագրությունն անխնա է. մեր ամենահին և հավատարիմ բարեկամները մահացու վտանագավոր են մեզ համար։ Շները բավական հաճախ են հարձակվում իրենց տերերի վրա։ Կարող են վնասել երեխային` զբոսանքի ժամանակ, դե իսկ թափառող շների մասին, որոնք թափառում են խմբերով, էլ չասած։ Չնայած որ հիմնական վտանգը ոչ այնքան կենդանին է, որքան կատաղության վիրուսը։ Եթե ժամանակին ձեռնարկվեն պրոֆիլակտիկ միջոցառումներ, կատաղությամբ վարակված մարդը ողջ կմնա։ Իսկ եթե վիրուսը սկսի տարածվել, ապա մահացության ցուցանիշը 100 տոկոս է։ Ընդհանուր առմամբ, կատաղությունը Երրորդ աշխարհի հիվանդություն է. մահանում է նա, ով ի վիճակի չէ դիմել բժշկի։ Զարգացած երկրներում դրա դեմ պայքարում են շների մասսայական պատվաստումներով։
Օձեր. 1 տարում 50.000 մարդ

Թունավոր օձերը սպանում են ամբողջ աշխարհում։ Ոչ բոլոր թույների դեմ կա հակաթույն, և ոչ բոլոր հակաթույներն են հասանելի մարդուն. որոշ շրջաններում բժշկական հիմնարկներն այնքան հեռու են, որ թույնն ամեն դեպքում ավելի շուտ կսպանի։
Մոծակներ. 1 տարում 1.000.000 մարդ
Մեզ քաջ ծանոթ մոծակները ամենասարսափելի մարդասպաններն են։ Մոծակները տարածում են երկու հիվանդություն։ Առաջին հերթին մալարիա։ Տարեկան արձանագրվում է մալարիայով վարակվելու 350-500 միլիոն դեպք։ Վարակվածներից 1 միլիոնը մահանում է։ Երկրորդ հիվանդությունը Դենգեի տենդն է` բավական բարձր մահացությամբ։
Կա ևս մի տեսակ, որը չի մտել մեր վիճակագրության մեջ։ Մարդիկ։ Մենք ամեն տարի ավելի քան կես միլիոն սեփական ցեղի ներկայացուցիչ ենք սպանում։ Պարզ հաշվարկներով միայն մոծակներին ենք զիջում։ Չնայած որ «հաջողակ» տասնամյակը 30-ականների վերջ 40–ականների սկիզբն էր, երբ թիվը հասնում էր տասնյակ միլիոնների։ Այդ պարագայում նույնիսկ մոծակները ի վիճակի չէին լինի գործը գլուխ բերել։


