Shabat.am-ը գրում է.
Հարաբերություններում ամենասարսափելի բան կարծրատիպերն են: Դրանք սպանում են զգացմունքները, հիմնավորում զուգընկերոջ մասին ունեցած կարծրատիպային պատկերացումները եւ այս ամենն ավարտվում է սեփական պատրանքների կործանմամբ, բայց հաճախ մենք չենք գիտակցում այդ պատրանքները եւ, մեր Ես-ին մեղադրելու փոխարեն, մեղադրում ենք մեր զուգընկերոջը:
Նոր հարաբերությունները միշտ նույն բառով են սկսվում. «նա պետք է»։ Եվ յուրաքանչյուր բաժանություն տեղի է ունենում «նա չի կարող ապահովել ինձ» պատճառով: Ինչ-որ մեկը մշտապես ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտք է: Միշտ սիրել, միասին լինել եւ անպայման հարաբերությունները պաշտոնականացնել:
Հարաբերությունների առաջին փուլ. սկիզբ
Հարաբերությունների սկզբնական շրջանում տղամարդու պարտականությունների մեջ է մտնում սիրահետելը: Աղջիկները հաճախ իրենց հաշվարկն են անում. երբ եւ ինչ նվիրեց, ուր հրավիրեց եւ այլն: Հարց. որքա՞ն պետք է տղան ծաղիկներ, կոնֆետներ նվիրի, սրճարաններում ընթրիք կազմակերպի, որպեսզի աղջիկը հասկանա, արդյո՞ք այդ է «սերը»:
Իրականում. իրենց այդպես են դրսեւորում բիզնես-կանանց շարքին պատկանողները։ Ուժեղ եւ անկախ լինելով՝ նրանք չեն կարողանում հավատալ, որ արժանի են սիրո եւ իրենց կարելի է հենց այնպես սիրել: Ահա եւ ստիպված են տղամարդկանցից մշտական ապացույցներ պահանջել: Տղամարդու վրա մշտապես ճնշում գործադրելը ոչ մի դրական արդյունքի չի բերի, եւ կինը «կոտրած տաշտակի» առջեւ կհայտնվի:
Տղամարդը պետք է նվաճի: Դասական կարծրատիպ է. սերը կարելի է միայն նվաճել: Սակայն փորձելով նվաճել՝ արդյունքում քանդում ենք այն: Կինը համբուրվում է, հանդիպում, շփվում, միայն եթե տղամարդն ինչ-որ նվեր է մատուցում, սերենադ է երգում, բանաստեղություններ գրում, մի խոսքով՝ հանուն նրա ինչ-որ արարք է կատարում: Երբ հարաբերությունները դեռ նոր են զարգանում, կինը տղամարդուց որոշակի պահվածք է ակնկալում, ինչից հետո միայն պատրաստ կլինի թուլացնել իր սահմաններն ու ավելի հասանելի լինել:
Իրականում. այդ ինչ-որ մեկի կողմից մտածված խաղ է, որտեղ մրցանակի դերում հենց կինն է: Նրա համար կարեւոր է հաղթողին գեղեցիկ հանձնվելը: Եվ ամեն անգամ յուրաքանչյուր հարաբերություն երկուսի համար հայտնի որոշակի սցենարով է կառուցվում: Ոչ ոք չի փորձում փոխել այդ կանոնը։
Համատեղ կյանք
Եթե հարաբերություններ կան, ապա դրանք պետք է պաշտոնապես գրանցվեն: Հիմա այդ հատկապես արդիական է, հարաբերությունները հիանալի են, բայց տղամարդը չի շտապում առաջարկություն անել: Եվ, բնականաբար, կինը սկսում է մտածել. «Եթե ամուսնության առաջարկ չի անում, ուրեմն չի սիրում», իսկ մնացածը՝ կախված կնոջ երեւակայությունից: Բայց այդ հասարակական կարծրատիպ է՝ մեզ հասած բարեկամներից, ընկերներից, ընկերուհիներից, հասարակությունից: Հարսանիքին վերաբերվող իրենց հարցերով նրանք կնոջը ստիպում են անհիմն որոշումներ, ինչ-որ հիմար հետեւություններ անել: Նրանց համար այդ նորմալ է, քանի որ այդպես է ընդունված:
Իրականում. ձեր հարաբերությունները նորմալ են, թե՝ ոչ, միայն դուք երկուսդ պետք է որոշեք։ Միշտ փոխհամաձայնություն փնտրեք. կա՛մ քաղաքացիական ամուսնությամբ եք ապրում եւ համակերպվում եք, որ հարսանիք չի լինելու, կա՛մ փնտրում եք նրան, ում հետ ընտանեկան հարաբերությունների մասին ձեր պատկերացումները համընկնում են: Փորձել փոխել մարդուն եւ ստիպել նրան կամքին հակառակ ինչ-որ բան անել, անիմաստ է ու միշտ բաժանությամբ է ավարտվում:
Ընտանիքում տղամարդը որսորդ է։ Կարծրատիպ, որը հին արմատներ ունի: Նախապատմական շրջանում, երբ կանայք անօգնական էին եւ կարողանում էին միայն երեխա լույս աշխարհ բերել եւ տնտեսությունը վարել, տղամարդիկ պարտավոր էին նրանց սնունդով ապահովել: Բայց հիմա կանայք անօգնական չեն, բայց շարունակում են համարել, որ տղամարդու պարտականությունների մեջ է մտնում իրենց ֆինանսական դրությունը կարգավորելը: Կարծրատիպը շարունակում է ապրել, քանի որ շատ կանայք չեն ցանկանում վստահել իրենց եւ հենվել սեփական ուժերի վրա:
Իրականում. նորմալ է, երբ կինը փորձում է իրեն ընտանիքում իրացնել, իսկ տղամարդը՝ բիզնեսում։ Բայց դա ոչ բոլոր կանանց համար է: Եթե նախկինում աղջիկն աշխատանք ուներ, բայց ամուսնանալով՝ որոշում է իրեն ընտանիքին նվիրել, ճիշտ ընտրություն չէ: Եվ տղամարդն այստեղ մեղավոր չէ, քանի որ այդ կնոջ ընտրութունն է եղել:
Տղամարդը պետք է որոշում կայացնի: Նախորդ դարերում այս կարծրատիպն արդարացված էր, տղամարդը պետք է գործեր, որպեսզի կարողանար ապրել եւ ընտանիքին կերակրել: Մեր ժամանակներում այդ որպես խաղ է ընկալվում. մեկը մյուսին թույլ է տալիս իր փոխարեն որոշումներ կայացնել, դրա հետ մեկտեղ, երկուսն էլ հասուն մարդիկ են: Ընտանիքում այս ձեւն ընդունելի է, եթե երկու կողմն էլ համաձայն են:
Իրականում. տղամարդիկ, ովքեր լուծելու են բոլոր խնդիրներն ու հարցերը, այնպիսի կանանց են փնտրում, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում ինքնուրույն որոշում կայացնել: Նրանք նույնիսկ չեն կարողանում իրենց մասին հոգ տանել: Իսկ տղամարդը, ով ցանկանում է ամեն ինչ հսկողության տակ պահել, հոգեկան շեղումներ ունի: Նա ստիպված է մշտապես ապացուցել իր առաջնորդ լինելու հանգամանքը, ապրել մշտական վախի մեջ, թե կյանքը կանգ կառնի, եթե նա չմիջամտի:
Նորմալ ընտանիքը լավագույն սեռական կյանք է ունենում: Արմատացած կարծրատիպ։ Այդպիսի կարծրատիպերը քայքայում են նույնիսկ ամենաանթերի ընտանիքները։ Ինչպես միշտ՝ քննարկում են մարդիկ. «Եթե ես սեքսից հաճույք չեմ ստանում, ուրեմն կա՛մ զուգընկերն է մեղավոր, կա՛մ պետք է բազմազանություն փնտրել»: Արդյունքում կա՛մ բաժանվում են, կա՛մ մտովի իրենց սեռական անբավարարվածության են դատապարտում: Սեքսոլոգների կարծիքով, սեքսի եւ սիրո համար պատասխանատու են ուղեղի տարբեր հատվածները: Այդ նշանակում է, որ սիրելի մարդու հետ կարող է սեքսը սարսափելի լինել, իսկ ոչ սիրելիի հետ՝ հիանալի:
Իրականում. յուրաքանչյուր մարդու խառնվածք, այդ թվում՝ սեքսում, անհատական է: Եվ սխալ է կարծել, որ եթե սեռական կյանքում խնդիրներ ունեք, ուրեմն պետք է բաժանվել: Հակառակը, եթե մնացած հարցերում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, փոխհամաձայնության եկեք: Յուրաքանչյուր խնդիր ենթակա է լուծման, փորձեք պայմանավորվել: Հավատացեք, սերն արժե դրան։ Երբ մարդիկ սիրում են միմյանց, ժամանակի ընթացքում նրանց ինտիմ հարաբերությունները կարգավորվում են: Գլխավորը կարողանաք վստահել միմյանց, հատկապես՝ անկողնում: