Հայ գործարարները ոսկեգործության ոլորտում ունեն զարգամցան մեծ պոտենցիալ: Օրինակ՝ Ռուսաստանում հայ ոսկերիչների տարեկան շրջանառությունը կազմում է 500 մլն դոլար: Հայ գործարարների ցուցանիշները Միացյալ Նահանգներում ավելի մեծ է, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դոլարը:
Հայաստանում ձևավորվում է ազատ տնտեսական գոտի: Վերջինս նպատակ ունի այս կարողությունների մի մասը բերել Հայաստան, որը կանխատեսում է տարեկան 200-250 մլն դոլար արտադրական շրջանառություն: Ձևավորվող նոր հնարավորությունների պայմաններում այս կանխատեսումը լիովին իրատեսական է համարվում:
Հայաստանում արտադրական գործունեություն կազմակերպելու առումով ոսկեգործության ոլորտի հայկական կապիտալն արդեն որոշակի հետաքրքրություններ ունի: Մասնավորապես՝ մինչև տարեվերջ սպասվում է, որ ոսկեգործության ազատ տնտեսական գոտում կգործեն 6-7 նոր ընկերություններ, որտեղ ընդգրկված կլինի շուրջ 1000 աշխատող։ Ակնկալվում է նաև առաջիկա երեք տարիներին այստեղ գործող ընկերությունների թիվը հասցնել 120-150-ի։
Բացի արտերկրի հայ գործարարներից, ոսկեգործության ոլորտում մեծ է նաև հայաստանյան տնտեսավարողների պոտենցիալը։ Այդ են վկայում նաև վերջին տարիների ոլորտի զարգացման միտումները։ Աճի ցուցանիշներն այստեղ գրեթե մշտապես ավելի բարձր են եղել ընդհանուր տնտեսական միտումներից։
Վերջին երեք տարիներին ոսկեգործության միջին տարեկան աճը գերազանցել է 10 տոկոսը: Այս տարի այն հասավ 15 տոկոսի, այնինչ 2011թ.-ին այն կազմում էր 13 տոկոս, իսկ 2012թ.՝ 7 տոկոս: Կառավարությունն այս ամենը հիմք ընդունելով մշակել և հաստատել է ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիր: Այն նպատակ ունի Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց։