Մի անգամ Մայր Թերեզային հարցնում են.
-Կմասնակցե՞ք ընդդեմ պատերազմի շարժմանը: 
Մայր Թերեզան պատասխանում է.
-Ես երբեք չեմ միանա ընդդեմ պատերազմի շարժմանը։ Կանչե՛ք ինձ, երբ ի հայտ կգա շարժում հանուն խաղաղության։ 
Այո, իսկապես էլ, ճիշտ մոտեցում է «Հանունը»:
Բայց արդյո՞ք մեզ ընձեռվում է հնարավորություն պայքարելու «Հանունի» համար:
Հասարակությունը պայքարում էր հանուն քաղաքակիրթ հասարակական տրանսպորտի, բարձրաձայնվում էին խնդիրներ, մասնավորապես երթևեկության ծանրաբեռնվածություն, մեքենաների ոչ պատշաճ վիճակի և այլն …
Քաղաքային իշխանություններն արձագանքեցին: Պարզվեց՝ պետք է թանկացնել հանրային տրանսպորտը: Քաղաքացիները սկսեցին պայքարել ԸՆԴԴԵՄ 150 դրամի։ Արդյունքում՝ դոփեցինք տեղում, առանց հանունի:
Քաղաքացիները դժգոհ էին կենսաթոշակից, բարձրաձայնում, պահանջում և պայքարում էին ՀԱՆՈՒՆ արժանապատիվ ծերության: Կառավարությունն արձագանքեց, որոշումն էլ չուշացավ. Չարաբաստիկ պարտադիր կենսաթոշակայինը: Քաղաքացիներն էլ, կողմնակից լինելով կենսաթոշակային բարեփոխումներին, սկսեցին պայքարել ԸՆԴԴԵՄ այս ռեֆորմի, քանզի ռեֆորմն ուղղակի ռեֆորմ չէր: Արդյունքում՝ դոփեցինք տեղում:
Տարիներ շարունակ բարձրաձայնվում էր շրջանառության հարկի խնդիրը: Հասարակությունը պայքարում էր ՀԱՆՈՒՆ փոփոխությունների: Կրկին արձագանք, որին կրկին հաջորդեց ԸՆԴԴԵՄ պայքարը, որի արդյունքում կրկին դոփեցինք տեղում:
Տարիներ շարունակ քննարկվում էր չաշխատող մայրերին նպաստ տալու հարցը: Կրկին ռեֆորմ, կրկին ԸՆԴԴԵՄ պայքար և կրկին դոփում ենք տեղում:
«Ընդդեմ» պայքարի լավագույն պտուղը տեղում դոփելն է, երբ կողքինները գերարագ շարժվում են առաջ: Բայց մեզ ուղղակի հնարավորություն չի տրվում պայքարելու «Հանուն» սկզբունքով և հաճախ ստիպված ենք պայքարել «Ընդդեմ»:
Երանի մի օր մեզ բախտ վիճակվի պայքարել «Հանուն» …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել