Cosmo.am-ը գրում է․
1. Արդյո՞ք պետք է աչքերի քսուքն օգտագործել միայն ստորին կոպերի վրա, թե՞ վերևում ևս պետք է քսել:
Դա կախված է բանաձևից. այնպես որ, միշտ կարդա սրվակի վրա նշված օգտագործման եղանակը։ Սովորաբար արագ ներծծվող գելերը կարելի է օգտագործել թե՛ վերին կոպի, թե՛ աչքի ստորին հատվածի համար, իսկ ծանր տեքստուրա ունեցող քսուքների բաղադրության մեջ մտնող յուղերը կարող են հոսել աչքերի մեջ՝ առաջացնելով գրգռվածություն և այտուց. այնպես որ, դրանք օգտագործիր միայն ստորին կոպերին:
2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում էլոս էպիլյացիան և լազերային էպիլյացիան:
Եթե լազերային էպիլյացիան ազդում է մազարմատի սոխուկի վրա՝ ոչնչացնելով այն, ապա էլոս էպիլյացիայի դեպքում ճառագայթներն ուղղվում են այդ մազարմատը սնուցող մազանոթը ոչնչացնելուն: Ընդհանուր առմամբ, թե՛ մեդոթը, թե՛ արդյունքը համարժեք են երկուսի դեպքում էլ, պարզապես էլոս էպիլյացիան այս բնագավառի նորագույն ձեռքբերումն է:
3. Ինչպե՞ս կարող եմ դիմափոշի քսել, որպեսզի դիմահարդարումս չծանրանա, ու դեմքս չնմանվի թխվածքի:
Երանգաքսուք կամ խոնավացնող լոսյոն օգտագործելուց հետո սպասիր 5 րոպե: Եթե մաշկը չափից դուրս խոնավ է, դիմափոշին ներծծվում է՝ վերածվելով տեսանելի գնդիկների:
4. Արդյո՞ք օպտիկական ակնոց կրելիս աչքերիս դիմահարդարումը պետք է տարբեր լինի սովորականից:
Այո՛: Ակնոցի շրջանակը հատուկ ուշադրություն է հրավիրում հոնքերին. այնպես որ, դրանք պետք է խնամքով մշակված լինեն, իսկ եթե բնականից նոսր են, ապա նաև՝ ընդգծված: Բացի այդ, նախընտրությունը տուր ստվերաներկերի հողագույն երանգներին. smoky-ն կամ բազմերանգ ստվերաներկերը կարող են խանգարել:
5. Ինչպե՞ս իմանամ՝ որ տեսակի երանգաքսուք է ինձ պետք՝ հեղո՞ւկ, մո՞ւսս, թե՞ պարզապես դիմափոշի:
Մուսսային կազմ ունեցողներն ամենաունիվերսալն են: Դրանք մեղմ, եթերային տեսք են հաղորդում և չեն չորացնում դեմքի մաշկը: Հեղուկ երանգաքսուքը լավագույն ընտրությունը կլինի, եթե քո մաշկը խոնավացման կարիք ունի, իսկ փայլը ներծծող դիմափոշիներն իդեալական են յուղոտ մաշկի դեպքում: