-Ինչու՞ որոշեցիր բլոգ բացել։
-Էն ժամանակ՝ մոտ 7 տարի առաջ, «Կենդանի մատյանում»  շատ հետաքրքիր էր շփումը: Գրառումներն էլ՝ մեկը մեկից հետաքրքիր:

 -Ինչու՞ Անուշանահիտ։  

- Իմ բլոգը ես չեմ բացել; Ընկերներիցս մեկը բացեց ու նվիրեց ինձ: Ես էլ, ոնց կար, էդպես էլ թողեցի նիկը:

-Ե՞րբ ես գրանցվել ֆեյսբուքում և ինչու՞։

- «Կենդանի մատյանը»  շատերը  լքեցին,  ու որպեսզի շարունակեմ շփվել ընկերներիս հետ, տեղափոխվեցի ֆբ։

-Կպատմե՞ս ավատարիդ նկարի պատմությունը։

- Սա Ցոլակ Շահինյանի ստեղծագործությունն է: Շատ եմ հավանում Ցոլակի գործերը:  Մի տեսակ  «իմն են»  իր ոճն  ու իր թեմաները: Էս ավատարիս կինն էլ շատ է սազում  իմ  խառնվածքին։

-Եթե հնարավորություն ունենայիր ճանապարհորդել ժամանակի մեջ, առա՞ջ կգնայիր, թե՞ հետ։

-Առաջ կգնայի՞, թե՞ հետ....   Երևի հետ կգնայի, ուղղակի միայն որ որոշ սխալներ շտկեմ,  որ չասված խոսքերս ասեմ, որ էն, ինչ կարող էի անել ու չեմ արել, լրացնեմ:  Ինչու՞ չէ` ում հերը հասնում էր, որ անիծեմ ու չեմ արել, իրագործեմ  )))))))))

- Անուշանահիտն օնլայն միջավայրում հայտնի է որպես կնոջ ուժեղ և պայքարող տեսակ, իսկ ինչպիսի՞նն է այդ անվան և կերպարի ետևում կանգնած իրական կինը, թուլություններ ունի՞, թե՞ նույնքան պայքարող տեսակն է։

- Չգիտեմ՝ ուժեղ եմ թե չէ , բայց չեմ սիրում անկապ  հանձնվել, պրոբլեմից փախչել:  Հաճախ ընտրում եմ հոսանքին հակառակ ճանապարհը: Սիրում եմ առաջ  գնալ, տեղում դոփելն ինձ համար չէ:

Իսկ թուլությունների առումով` եթե հուզական լինելը, ծայրահեղ ցգացմունքային լինելը   թուլություն են, ապա այո, ունեմ էդ թուլությունները։

- Ինչի՞ մասին ես մտածում ամենից շատ։

-Ամենից շատ ինձ հուզում է Հայաստանի ապագան։  Դրա հետ կապված  մեծ վախ ունեմ, որը երբեմն սարսափի է վերածվում:  Շատ է մտահոգում էն պահը,  որ հասարակության մեծ մասը ճորտի ու ծառայի հոգեբանություն ունի. 500-ից մինչև 5000 դրամով կարող ես առնել  շատերին, ու էդքան գումարով Հայրենիքը անգամ կվաճառեն: Մյուս մասն էլ ուզվորի  հոգեբանություն ունի, որը «ներմուծվեց» երկրաշարժից հետո օգնությունների հետ։ Մենք դադարել ենք  ամաչել մուրալուց,  մենք օգնությունը, նպաստը  ու սրա նման բաները համարում ենք առավելություն ու նորմալ երևույթ: Ու ցավոք, պայքարող, բարձր արժեքներ ունեցող կիրթ ու գրագետ մարդիկ էսօր «մոդա» չեն: Մտածում եմ՝ տեսնես կգա՞ մի  ժամանակ, որ մենք արժանապատիվ կապրենք: Որ ԹԱՍԻԲԸ, ՊԱՏԻՎՆ ու ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ նորից արժեքներ դառնան: Որ ուսուցչին ոչ մեկը չի կարողանա գործիք կամ ծաղրածու սարքել: Youtube-ում հայտնված էն տեսանյութերը մեր բոլորիս ցավն են: Որ բժիշկը «պաս» չտա ու տոկոսներ չաշխատի հիվանդին բուժելու փոխարեն: Որ պաշտոնյան պաշտոնում էլ ՄԱՐԴ մնա:

- Երբևէ քո մասին ոտանավոր կամ երգ գրե՞լ են։

-)))))))))  Արձակ բանաստեղծություն մի անգամ: Մեկ էլ բալիկս բլբլացել է, գրի եմ առել:

Նկարիչներից շատերը ցանկացել են նկարել իմ դիմանկարը,  երևի ինչ-որ արտահայտիչ բան կա դիմագծերիս մեջ, չգիտեմ: Մի երկու նկար կա կտավի վրա ու մի քանի գրաֆիկական աշխատանք, որ ընկերներս են նկարել: Երգ չեն գրել երբեք:

-Նախընտրում ես լինել տեսախցիկի հետևու՞մ, թե՞ առջևում։

-Ես միշտ խուսափում եմ երևալ։ Այդ թվում նաև խուսափում եմ տեսախցիկներից:

- Քո բնավորության ամենաուժեղ և թույլ կողմերը։

-Ամենաուժեղ կողմը, որ բարի եմ ու նպատակասլաց։ Մինչև սկսածս ավարտին չեմ հասցնում, չեմ հանգստանում: Թույլ կողմերիս էլի բարությունը կարելի է դասել: Երբեմն սիրտ խառնելու չափ առաջ է ընկնում էդ հատկությունը ու խանգառում, որ անաչառ լինեմ:

- Սիրո՞ւմ ես բենզինի հոտը։

-Բենզինի հոտը` միայն նրա համար, որ հեռավոր հիշեցնում է յուղաներկի ու նավթի հոտը։ Յուղաներկի հոտը ինձ մոտ դրական տրամադրություն է ստեղծում: Անգամ կարող է դեպրեսիայից հանել:

- Ո՞րն է ամենավատ տեղը, որ երբևէ եղել ես։

- Չգիտեմ: Առաջինը, որ միտքս եկավ, դա գերեզմաններով շրջապատված հակահիգիենիկ  հիվանդանոցներն են:

- Ո՞րն է ամենասիրածդ գիքը։

- Ֆանտաստիկա եմ շատ սիրել: Ու շատ էի կարդում: Հիմա կարոտով եմ հիշում, որ կար ժամանակ՝ առանց կարդալու հաց չէի կարողանում ուտել, պիտի անպայման հացի ու աղի հետ մի գիրք լիներ սեղանիս: 

- Ո՞րն է գաղտնի զենքդ, որով ստիպում ես մարդկանց սիրել քեզ։

- Գաղտնի զենք չկա։ Ու երբեք չեմ կենտրոնացել դրա վրա, որ շրջապատս ինձ սիրի:

-Հատկանիշ, որը կա քո մեջ, բայց չէիր ցանկանա՝ լիներ քո երեխայի մոտ։

-Հա, չէի ցանկանա, որ փող չսիրեր որդիս: Հարստության տեսակետից ինձ համար մեկն էլ ա մեկ, հազարն էլ:

- Ո՞րն է այն երգը, որ ամեն անգամ լսելիս ժպտում ես։

- Բոլոր երգերը, որ երգել եմ բալիկիս քնեցնելու ժամանակ։ Որովհետև երբեմն 3-4 ժամ  է տևել քնեցնելը: Ժպտում եմ համբերությանս վրա ))))

- Ո՞րն է քո desktop-ի նկարն այս պահին։


-Ի՞նչը քեզ դրդեց ակտիվ մասնակցել ֆեյսբուքյան դրամահավաքներին և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել օգնության կարիք ունեցող մարդկանց։

 - Ես ու իմ ընտանիքը անցել ենք այս  ամենի միջով:  Ռեալ  զգացել եմ, թե ինչ է նշանակում, երբ ճիշտ ժամանակին կանգնում  են մարդու կողքին՝ իրենց հետ բերելով  նաև ընկերներին, նրանց ընկերներին ու ընկերների ընկերներին: )))) Ես ընդամենը պարտքերս եմ վերադարձնում:

--Ինչպե՞ս ես գտնում ընտանիքներին, ում կարելի է օգնել։

 -Համացանցում եմ գտնում։ Շատ հաճախ իրենք են գտնում ինձ:

-Ինչպե՞ս են նրանք արձագանքում, որ օտար մարդն այդքան սրտացավորեն փորձում է իրենց օգնել։

-Շատ տարբեր: Դե ուրախությունը բոլորի մոտ կա: Բայց մենք  ստիպված ենք լինում միշտ խիստ հսկողություն  դնել  ծնողների վրա, որովհետև հաճախ գումարը հավաքել ենք ծնողների անունով բացված հաշվեհամարներին: Ու ուզես թե չուզես՝ ընկնում ես իրենց աչքից այդ հսկողության պատճառով։  Հուսով եմ, հետագայում հասկանում են, որ մեր շատ խիստ լինելը իրենց բալիկի շահերից էր բխում:

Քանի առիթը կա, ասեմ, որ արդեն գործում է մեր նորաստեղծ «Օգնության կամուրջ»  հիմնադրամը, որը զբաղվելու է առողջական խնդիրներ ունեցող հիվանդների համար գումարներ ու բարեգործներ գտնելով, արտերկրից Հայաստան  բժշկական սարքավորումների ներկրմամբ, բժիշկներին վերապատրաստման հնարավորություն ստեղծելով: Մանրամասն  ինֆորմացվելու համար կարող եք այցելել մեր ֆբ էջը: Խնդրում եմ բոլորին հնարավորության դեպքում աջակցել մեզ:

 -Հետագայում կապը պահպանվու՞մ է քո և այդ ընտանիքների միջև։

 - Չէ , ես  անելիքս վերջացնում  եմ ու անցնում առաջ։  Չեմ պահպանում ոչ մի կապ: Անգամ երեխաներից ոչ մեկին մինչ օրս չեմ տեսել:

-Ո՞ր տիպի գրառումներն են քեզ նյարդայնացնում ֆեյսբուքում։

-Էն գրառումները,  որ կեղծ են։  Էն գրառումը, որի տերը մի բան մտածում է, մի ուրիշ բան գրում: Որի տերը, ասենք, հանցագործ է ու վեհ գաղափարներից է խոսում: էն գրառումները, որի տիրոջը  վճարել են, որ գա էսինչ բանը գրի: Ես էս տեսակ բաները ցածրից էլ ցածր եմ համարում;

-Լայքում ես, որովհետև այդ մարդուն սիրու՞մ ես, թե՞ մտքի հետ ես համաձայն։

-Չէ, մինչև դուր չգա, ոչինչի տակ չեմ գրի, որ հավանել եմ:

 -Ի՞նչը կփոխեիր ֆեյսբուքում։

-Որ գրառումները չգնաին կորչեին: Որ tag-երով լիներ, ցանկության դեպքում հեշտ գտնեիր: Սա  ֆբ-ի ամենամեծ մինուսն է:

-Քաղաքական գործիչ, ում կարելի է վստահել ու հավատալ:

-Ես հեռու եմ իրենցից։ Կան գործիչներ, որ ընդհանուր գորշ ու անմխիթար ֆոնի վրա շատ թե քիչ լսվում են ու նայվում: Բայց, չգիտես ինչու, էլի չեմ կարողանում վստահել, մտածում եմ՝ տեսնես մտքին ի՞նչ կա, որ էսպես պայքարող ու բարի ա ուզում երևալ: Դա նրանից ա գալիս, որ մեր մեջ ոչնչացրել են հավատը: Իսկ հավատը ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ Է ՊԵՏՔ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐՈՎ: Պապս ասում էր` «Աչքս տեսնի»....

 -Ինչ-որ հավաքածու ունե՞ս կամ ունեցե՞լ ես։

-Նամականիշեր, տարբեր երկրների դրամներ, հին իրեր, կտավների գողտրիկ հավաքածու էլ ունեմ:

-Ինչպիսի՞ն պետք է լինել քո սիրուն արժանանալու համար։

-Չգիտեմ։ Եթե կին- տղամարդ սիրո մասին է խոսքը, որ հուսալի լինի ու չդավաճանի:  Ոչ թե որևէ կնոջ հետ չդավաճանի, այլ որ ինձ չդավաճանի: Որ միշտ վստահ լինեմ ու կարողանամ հենվել:

Իսկ ընկերների ու բարեկամների մեջ հատուկ սիրում եմ նրանց, ովքեր շիտակ, ուրախ ու դրական աուրայով մարդիկ են։ Ում խոսքն ու գործը միմյանցից չեն տարբերվում:

-Եթե ոսկե ձկնիկ բռնես, որո՞նք կլինեն 3 ցանկություններդ։

-Որ խաղաղություն լինի: Հայաստանի համար հետևում մնան էս աբսուրդ ու դաժան ժամանակները: Ու որ առողջ լինենք բոլորս:

-Աշխարհը տղամարդկա՞նց է պատկանում, թե՞ կանանց։

-Աշխարհը հենված է կանանց վրա։ Մեծ հաշվով կանայք են կյանք պարգևում, դաստիարակում, արժեքներ  հաղորդում տղամարդկանց` սկսած  օրորոցից ))))):

-Կյանքիդ ամենամեծ նվաճումը։

-Կյանքիս ամենամեծ նվաճումը բալիկս է: Մի նվաճում էլ կա բալիկիցս հետո, որ  հաղթեցինք քաղցկեղին: Ու մեր հաղթանակը շատ հիվանդների կենդանի օրինակ ծառայեց, որ չհուսալքվեն։

Քաղցկեղը  դատավճիռ չի էսօր: Ուզում եմ՝ բոլորը հիշեն:

-Քո պատկերացումները իդեալական ընտանիքի մասին, և արդյոք քեզ հաջողվե՞լ է այն ստեղծել։

- Իմ ընտանիքը, կարծում եմ, ստացված ընտանիք է։ Բայց իդեալական չի: Մենք շատ տարբեր մարդիկ ենք ամուսիններով։ Երբեմն վիճում ենք, երբեմն  էդ վեճը կարող ա  հանկարծ «աշխարհի վերջը» դառնա իտալական սցենարներով )))):  Բայց որ հետաքրքիր է մեր կյանքը, որ տարիները գորշ  ու մոխրագույն չեն սարքել մեր առօրյան, որ շատ թանկ ենք միմյանց համար, դա հաստատ:


- Կյանքիդ ամենահիշարժան նվերը։

- Դա մի «ցախավել» էր:))))))  Էստեղ կարող եք կարդալ 

-Հարց, որը քեզ տվել է մեր նախորդ հյուրը.  քո սիրած մուլտֆիլմը:

Թութակ Կեշայի մասին մուլտը շատ եմ սիրում:

-Քո հարցը հաջորդ մասնակցին։

Պե՞տք է հարսին տալ իրավունքներ, հաշվի առնել կարծիքը, թե՞ պիտի աշխատի հարմարվել ընտանիքի բարքերին, ինքը մեկն է, մնացածը` մեծամասնություն:

 

Anushanahit- ի բլոգը՝ այստեղ, Facebook-յան հղումը՝ այստեղ, Բլոգնյուզ-յան գրառումները՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել