-Ինչո՞ւ որոշեցիր բլոգ բացել:
2008 թ-ի նախագահական ընտրությունների ընթացքում ու դրանցից հետո շատ ծանր էի տանում մարդկանց երկպառակվածությունը, ատելության մթնոլորտը, որ համակել էր բոլորին: Ու ասելիք ունեի: Ընկերուհիս էլ վաղուց էր ասում՝ բացի՛ր: Էդպես գրանցվեցի Կենդանի մատյանում:

-Կբացատրե՞ս nickname-իդ իմաստը, ինչպե՞ս ընտրեցիր:
Պիացոլան գործ ունի` «Adios Nonino», սիրուն երաժշտություն է:

-Գիտեմ, որ ավատարիդ նկարը պատմություն ունի, կկիսվե՞ս։

Հատուկ ինչ-որ պատմություն չեմ հիշում: Ուղղակի մի օր մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը (narara) ծնունդս շնորհավորեց էս կոլաժով: Գիտեր, որ իր գործերը շատ եմ սիրում, էդպես նվեր արեց:)

-Ինչքանո՞վ է բլոգդ փոխվել տարիների ընթացքում, և ինչքանո՞վ ես դու փոխվել:

Մի քիչ քաղաքականությունն է պակասել, քանի որ տխուր է քաղաքակության ու նրա գործիչների վիճակը: Ու անհետաքրքիր: Ասելու նոր բան գրեթե չկա:
Իսկ թե ինչքան եմ փոխվել ես՝ չգիտեմ, չափման միավոր չունեմ:) Չնայած, հաստատ փոխվել եմ: Կյանքը բոլորին էլ փոխում է: Մնում է՝ խելքդ հերիքի, ճիշտ ուղղությամբ փոխվես:)

-Որն է ամենասիրածդ Tag-ը:
Պատասխանում եմ առանց tag-երիս վրայով անցնելու՝ հիշելով: «Երևան»-ը:

-Ինչքանո՞վ է օգնում անանուն կարգավիճակը հասարակական, քաղաքական և սոցիալական գրառումներ անելիս:

Անանունը ճիշտ բառ չի: Սա nickname է: Ու բլոգերում այն ընդունված է: Շատերը հաճախ շփոթում են ֆեյսբուքյան ֆեյքերի հետ: Բայց բլոգերները ֆեյքեր չեն:)
Էլ չեմ ասում՝ Հայաստանի պես փոքր երկրում ինչքան հեշտ է «հայտնաբերել» ՝ ինչ, ով, որտեղ, երբ և այլն:
Ես չեմ թաքնվում: Ես ուղղակի անձնական տվյալներ չեմ տեղադրում ինտերնետում: Ինտերնետն անվերահսկելի տարածք է: Դրանով այն բավականին վտանգավոր է: Մանավանդ մեր դեպքում՝ մենք ունենք ակտիվ թշնամի հարևաններ: Ես իմ մտերիմներին էլ միշտ ասում եմ՝ անձնական տվյալներ, նկարներ մի՛ դրեք:

-Չե՞ս ուզեցել երբևէ բացահայտվել:
Ժամանակին բլոգերներով հաճախ էինք հավաքվում, ապավիրտուալիզացիայի ենթարկվում:)

-Ասում են՝ կյանքում պետք է ամեն ինչ փորձել: Կա՞ն բաներ, որ երբեք չես փորձի:

Ես համաձայն չեմ էդ անհեթեթ գաղափարի հետ: Էդ ամեն ինչի մեջ կարող է մտնել տանիքից թռնելը, մուկ ուտելը, ժավել խմելը և այլն: Իմաստը՞:

-Մանկության ո՞ր երազանքդ ես իրականացրել:
Հիշում եմ, որ երազում էի Մասիսի գագաթին հայտնվել: Մինչև էս պահը դեռ չեմ իրականացրել: Պարզապես հիմա գոնե հստակ գիտեմ, որ հնարավոր է, բայց պետք է հասնել, հենց էդպես հայտնվել հնարավոր չի:

-Եթե հնարավորություն ունենայիր հանդիպել ում հետ ուզենաս երկրի վրա, ով կլիներ այդ մարդը:
Ժամանակին շատ էի ուզում հանդիպել, ճանաչել Չինգիզ Այտմատովին: Բայց, ցավոք, արդեն հնարավոր չի:

-Որն է ամենավերջին սուտը որ ասել ես:
Ճիշտն ասած, աշխատում եմ սուտ չխոսել: Իսկ եթե ասած էլ լինեի, հիմա էստեղ որ ի՞նչ պիտի անկեղծանայի:)

-Որն է ամենամեծ թուլությունդ, և որն է ամենամեծ ուժդ:
Ամենամեծ թուլությունս սուրճն է:
Իսկ ուժեղ կողմս... Փորձեմ ընդհանրացնել:
Ես վստահ եմ, որ մարդը շատ ուժեղ է, ու «չեմ կարող»-ն իրականում «չեմ ուզում» է: Ու խոսքը ֆիզիկական «չեմ կարող»-ի մասին չի: Ես իրոք չեմ կարող ձեռքերով գնացք տեղաշարժել, քանի որ սթափ եմ գնահատում ուժերիս իրական հնարավորությունները:
Բայց մարդը հոգեպես ուժեղ է, եթե ցանկություն ունի ուժեղ լինելու:

-Ինչ որ մի բանի հավաքածու ունես՞:
Վերջերս սկսել եմ նամականիշներ հավաքել: Ու փոստային բացիկներ

-Դու երջանիկ ես, որ դարձել ես այն մարդը որը հիմա կաս:
Ես երջանիկ եմ իմ ունեցածով: Բայց ոչ ինքս ինձնով: Մարդ միշտ աճելու տեղ ունի: Հատկապես հոգևոր առումով: Ու էդ հոգևոր առումով ես դեռ որ ինձնից շատ դժգոհ եմ: Չնայած պրոֆեսիոնալ առումով էլ աճելու տեղ շատ կա:

-Որն է վերջին գիրքը, որ կարդացել ես:
Քինդլս:)
Ղևոնդ վարդապետի «Երկու խաչերի ճանապարհը» (ռուսերեն՝ Путь двух крестов)

)): Հիմա էլ զուգահեռ երկու գիրք կարդում եմ:

-Ամենասիրածդ 3 ֆիլմերը:
Ֆիլմ քիչ եմ նայում: Նայածներից ամենասիրելին Լունգինի «Կղզին» է, որ ժամանակ առ ժամանակ թեկուզ մի կտոր նայելու կարիք եմ զգում:
Էլի կան սիրելի ֆիլմեր, բայց էդպես հատուկ էլ որևէ մեկը չեմ կարող առանձնացնել:

-Ամենասիրածդ 4 երգերը
Էրիկ Քլեփթընի «Լեյլան» միտքս եկավ:
Հա, հիշեցի, ասենք «Մշո գորանին» շատ եմ սիրում:
Ուրիշ հիմա չեմ մտաբերում:

-Դու այնպիսի ընկեր ես՞, ինչպիսի ընկեր կուզենայիր ունենալ ինքդ
Էդ չգիտեմ, բայց իմ ընկերուհիները շատ լավն են:

-Եթե ամբողջ աշխարհը հիմա քեզ լսեր, ինչ կասեիր նրանց:
Ղարաբաղը մերն է, լավ ենք արել, էլի կանենք:

-Հավատացյա՞լ ես
Հա:

-Ինչպե՞ս ես վերաբերվում, երբ քննադատում են եկեղեցին:
Ճիշտն ասած ու ցավոք, քննադատություն չկա: Էն, ինչ մարդիկ համարում են քննադատություն, իրականում չիմացության, հաճախ՝ տգիտության, մեծամտության արդյունք է:
Քննադատությունը, եթե առողջ է, լավ բան է, պետքական: Բայց Ամենայն Հայոց հայրապետի հասցեին անպատկառ խոսքեր ասելը քննադատություն չի: Չիմացած բանի մասին խելքին զոռ տալը՝ ծիծաղելի է:
Ու էս ամենի մեջ ամենավատն էն է, որ մարդիկ ոչ էլ ցանկություն ունեն ճանաչելու եկեղեցին: Հասկանալու ու շնորհակալ լինելու Աստծուց, որ մեր եկեղեցին ո՛չ կաթոլիկն է, ո՛չ օրթոդոքսը, այլ սիրուն, կոկիկ, խիստ մարդասեր ու շատ ազգային առաքելականը:
Եւ ընդհանրապես իմ ասածը միշտ էն է, որ մարդ առաջին հերթին ինքն իրեն պիտի նայի: Կաթողիկոսի կամ մնացած հոգևորականների «մեղքերը» քննադատելն ինքնախաբեություն է: Սուտ մխիթարանք, սեփական կեղտերը փակելու անհաջող փորձ: Աստված ամեն ինչ տեսնում է, ամեն մեկիս մեր արածով ու չարածով է դատելու: Ինչքան էլ մենք մեզ կոտորելով գոռանք՝ աաայ, կաթողիկոսն էսպես-էնպես: Վերջում Աստված հարցնելու է՝ իսկ դո՞ւ:
Պետք չի Աստծուց առաջ ընկնել, աջ ու ձախ դատ ու դատաստան անել: Էդպես կվատնես կյանքդ, ու ժամանակ չի մնա քո անձի վրա աշխատանք թափելու համար:

-Ի՞նչ է քեզ համար բանակը:
Եկեղեցի, լեզու, բանակ՝ մեր հիմքն ու սյունն են, մեր գոյության գրավականն ու երաշխիքը: Պաշտում եմ մեր բանակը, մեր զինվորներին: Նրանք շատ թանկ են, նրանց կյանքն՝ անգին:

-Ո՞վ է այն պաշտոնյան որին վստահում ես անվերապահորեն:
Անվերապահորեն վստահում եմ միայն Աստծուն: Իսկ շատ սիրում ու վստահում եմ, այո՛, դուք պատասխանս ճիշտ եք ենթադրել:), Սեյրան Օհանյանին:

- Քո կարծիքով Երևանը ավելի շատ փոխվելու, թե՞ պահպանվելու կարիք ունի:
Եթե էսպես պահպանվի, շատ տխուր բան կստացվի՝ կիսաքանդած, կիսասարքած, խառնափնթոր ցուցանակներով: Արժեր նորից փոխել, կարգի բերել, ճաշակ վերադարձնել քաղաքին, հետո էդպես պահպանել:

-Կարող ես մեջբերել քո սիրած միտքը/ցիտատը/աֆորիզմը։
Գորինի Մյունխհաուզենից իմ սիրած խոսքը.

— Вы утверждаете, что человек может поднять себя за волосы?
— Обязательно! Мыслящий человек просто обязан время от времени это делать.

 

-Մեր խորագրի նախորդ հյուրը՝ Արսեն Բաբայանը քեզ հարց է ուղղել. «Ո՞րն է հայի ամենամեծ տարբերությունը մյուս ազգերի նկատմամբ»:

Հյուրընկալությունը, որն իր դրական և բացասական դրսևորումներն ունի: Բացասական տեսքով այն վերածվում է օտարասիրության: Դա կարելի է հանդիպել ամեն տեղ՝ խանութներում, ռեստորաններում օտարազգիներին ավելի լավ են սպասարկում, շատ դեսպանատներում նրանց ժպտում են, իսկ հայրենակիցներին կոպտում և այլն: Իսկ հյուրընկալության դրական կողմը կարելի է տեսնել գյուղերում, ուր մարդիկ սրտաբաց են, հանգիստ: Էդպես 

-Ի՞նչ հարց կուղղեք մեր խորագրի հաջորդ հյուրին:

 Հարցս տամ հաջորդ մասնակցին՝ առանց իմանալու թե ով է՞
Հարց հաջորդ մասնակցին. «Ո՞րն է քո ամենասիրած մուլտֆիլմը»

 

Noni-no-ի բլոգը՝ այստեղ, Facebook-յան հղումը՝ այստեղ, Բլոգնյուզ-յան գրառումները՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել