
Աչքովս ընկավ, որ մի դաժան պայքար է գնում տարվա լավագույն քաղաքական վերլուծաբանի կոչմանն արժանանալու համար, ու միտքս եկավ «Դուք ինձ չեք ճանաչում. իմ անունն է Բոնապարտ» գրքից այս հատվածը՝
------
- Լսիր, Կլեբե՛ր, այն ո՞նց ասացիր Սիեյեսին,- Ժյունոն կիսատ թողեց զրույցն ու դարձավ ընկերոջը:
Կլեբերը հայացքը դժկամությամբ կտրեց անապատի ավազաթմբերին նայող լուսամուտից ու ծխամորճը բերանից չհանելով, մռլտաց.
- Հանգիստ թող ինձ, Ժյունո՛:
- Չէ, լուրջ, ասա՛, թող էս մեր լեհ ընկերն իմանա,- Ժյունոն հայացքով ցույց տվեց Սիլկովսկուն ու տեսնելով, որ Կլեբերը մտադիր չէ միանալ զրույցին, շարունակեց,- ուրեմն, եղբա՛յր, Եգիպտոս գալու նախօրեին Սիեյեսը (դե, գիտես, մեր դիրեկտորիայի ավագն է) Բոնապարտին ու մեզ հրավիրել էր իր մոտ՝ հրաժեշտի ճաշի: Ու սա որ մի քանի գավաթ գցելուց հետո սկսեց մեծ-մեծ խոսել իր մասին, Կլեբերը տեղից արձագանքեց. «Ճահիճում մեծություն չի լինում»: Դու միայն տեսնեիր Սիեյեսի դեմքը։