Doctors.am-ը գրում է․

10-20կգ՝ սովորաբար այսքան են հղիության ընթացքում կանայք քաշ ավելացնում: Եվ ծննդաբերելուց հետո հիմնականում երազում են օր առաջ ազատվել այդ քաշից:

«Երեխա կունենամ և միանգամից կգնամ մարզասրահ» - մտածում են որոշ անհամբեր մայրիկներ: Այսպիսի ոգևորվածությունն իհարկե գովելի է, սակայն պետք չի շտապել: Ամեն ինչ պետք է տեղի ունենա իր ժամանակին, բացի դրանից,ծննդաբերության հետո վերականգնողական շրջանը կախված է մի շարք գործոններից, և յուրաքանչյուր կնոջ մոտ այն խիստ անհատական է: Այստեղ ամեն ինչ իր նշանակությունն ունի:  

Ե՞րբ սկսել

Հիշե՛ք. Դուք յուրահատուկ եք: Եվ Ձեր որոշումները կայացնում եք՝ ելնելով այդ սկզբունքից, այլ՝ ոչ ընկերուհիների խորհուրդներից: Եթե կինը զբաղվել է ֆիզկուլտուրայով հղիության ընթացքում, իսկ ծննդաբերությունն անցել է թեթև և առանց բարդությունների, ապա մարզանքների կարելի է վերադառնալ թեկուզ հենց հաջորդ օրը: Սակայն նույնիսկ այդ դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ, իսկ ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր:

 

Եվ, իհարկե, պետք է ժամանակավորապես հետաձգել սպորտով զբաղվելը, եթեծննդաբերությունը եղել է բարդ, կան կարեր կամ, եթե կինը կեսարյան հատմամբ է երեխա ունեցել: Առաջին օրերին, շաբաթներին և ամիսներին երիտասարդ մայրիկ լինելն ինքնին ծանր ֆիզիկական աշխատանք է (եթե օգնականների հետ բախտը չի բերել և ստիպված է ամեն ինչ կատարել ինքնուրույն), ուստի խորհուրդ չի տրվում օրգանիզմը ծանրաբեռնել ավելորդ ֆիզիկական ակտիվությամբ, որն այդ շրջանում ոչ միայն վտանգավոր է, այլ նաև վնասակար:  

Սպասեք գոնե մեկ ամիս, թույլ տվեք, որպեսզի օրգանիզմը հանգստանա և վերականգնի ուժերը, թող այս շրջանում Ձեր մարզումները սահմանափակվեն մանկասալյակով զբոսանքներով, ինչը ցանկացած եղանակին օգտակար է երեխային, և իհարկե Ձեզ՝ տոնուսը վերականգնելու համար: Իսկ թե ե՞րբ է պետք վերսկսել լուրջ մարզումները, Դուք ինքներդ կհասկանաք՝ 1-2 ամսից կամ կես տարուց: Գլխավոր չափորոշիչը՝ Ձեր լավ ինքնազգացողությունն է:

Մարզանքներ, որոնք օգտակար են բոլորին

 

Ամեն դեպքում, թեթև ֆիզիկական մարզումները կարելի է սկսել ծննդաբերության հաջորդ օրը:  Գործնականում բոլորին օգտակար կլինի կատարել ձեռքերի և ոտքերի շրջանաձև շարժումները, որոնք կատարվում են հետևյալ կերպ. 

Ձեռքերը ծալել արմունկի հատվածում և կատարել ձեռքի և նախաբազուկների շրջանաձև շարժումներ դեպի աջ՝ կես րոպե ժամանակով: Նույնը կրկնել ձախ ուղղությամբ: Յուրաքանչյուրից կատարել երեք մոտեցում՝ օրը երեք անգամ: 

 

Ոտքերի մարզումները պետք է սկսել ոտնաթաթերի շրջանաձև շարժումներով: Այստեղ նույնպես՝ կես րոպե կատարել շրջանաձև շարժումներ դեպի աջ, այնուհետև դեպի ձախ: Կատարել երեք մոտեցում՝ օրը երեք անգամ: 

 

Ոտքերի մյուս մարզանքները խորհուրդ է տրվում կատարել միայն այն դեպքում, երբ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների և բժշկի թույլտվությամբ: Շրջանաձև շարժումներ կատարելուց հետո, ծալեք ոտքը ծնկի շրջանում և դանդաղ ձգեք դեպի Ձեզ: Կատարեք այս վարժությունը 5-10 անգամ: Սակայն եթե զգում եք նվազագույն անհարմարություն կամ ցավ որովայնի ստորին շրջանում, ապա անմիջապես դադարեցրեք: 

Եվս մի քանի օրից կարող եք արդեն մարզվել, այն շատ օգտակար կարող է լինել ծննդկանի համար, քանի որ այդ վարժություններն օգնում են արգանդի արագ վերականգնմանը: Պառկեք մեջքի վրա (լավ կլինի, եթե Ձեր մահճակի վրա կոշտ դոշակ է, իսկ ավելի լավ, եթե օրթոպեդիկ մատրաս), ձգվելով դեպի մահճակալի ծայրը՝ զգուշորեն թեքվեք փորի վրա, ուղղեք ոտքերը, իսկ գլուխն առեք ձեռքի դաստակների մեջ: Այս բավականին հարմար դիրքում պետք է պառկել մոտ 10 րոպե: Կատարեք օրը երկու անգամ:

Այսպիսով, ծննդաբերությունից հետո մեկ ամսվա ընթացքում աստիճանաբար կարելի է ավելացնել վարժությունները՝ ընդհանուր առմամբ դրանք հասցնելով 20 րոպեի: Յուրաքանչյուր վարժություն կատարելուց հետո հանգստացեք 30 վայրկյան՝ վերականգնելով շնչառությունը: Մի շտապեք, կատարեք վարժությունները Ձեզ հարմար ռիթմով: Եվ իհարկե՝ այսպիսի մի խորհուրդ, անպայման ձեռք բերեք հատուկ պահող կրծկալ, որը կկանխի ձգվածության հավելյալ սպիների առաջացումը:

Օրգանիզմի «նախքան հղությունը» ունեցած սովորական վիճակին վերադառնալու համար պահանջվում է միջինը 3-6 ամիս, իսկ  այդ ժամանակ արդեն կարելի է մտածել իրական մարզումների մասին: Սակայն մի շտապեք, եթե նույնիսկ զգում եք, որ ամեն ինչ կարգին է, Դուք լիարժեք կվերականգնվեք մի տարուց, այդ իսկ պատճառով ընտրեք սպորտի այն տեսակները, որոնք Ձեզ կօգնեն և ոչ մի դեպքում չեն վնասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել