Ազնավուրը իմ և ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի, բայց, որպես լրագրող, որը տասնչորս տարի շփվել է նրա հետ, ինձ թույլ եմ տալիս մի քանի դիտարկում անել այն մեկնաբանությունների վերաբերյալ, որոնք հետևեցին թուրքական Posta թերթի հրապարակած տեսանյութին: Այդ տեսանյութում Ազնավուրը ճաշում է Թուրքիայի դեսպանի, սկանդալային «հարցազրույցի» հեղինակի ու ևս երկու թուրքի հետ:

- Հարցազրույց էր, թե չէ…

Հարցազրույցն ավելին է, քան ռեստորանի սեղանի շուրջ ապերիտիվի, ճաշի և դեսերտի արանքներում արտահայտած մտքերի փնթի ժողովածուն: «Հարցազրույցի» հեղինակը Civilnet-ին խոստովանում է. «Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն են: Ես կոլաժ եմ արել»: 

- Ազնավուրը թուրքերից ճշտում է, ինչպես կլինի «կենաց»-ը թուրքերեն և ասում «շերեֆե»։

Յուրաքանչյուր բարեկիրթ ֆրանսիացի, նաև թուրք-հայկական միջավայրում բաժակ բարձրացնելիս, անպայման ձգտում է հայերեն ասել «Կենաց»: Նույնիսկ մեծապետական հակումներով հայտնի պետությունների վեհության կոմպլեքսով տառապող ժողովուրդների այդպիսի ներկայացուցիչներ են հանդիպում:

- Ազնավուրի պահվածքը թուրքական միջավայրում 

Իմ տպավորությամբ, Ազնավուրը «թուրքերի արանքում կուչ եկած» չէ, այլ թուրքերի շողոքորթ հայացքների տակ ինքնավստահ, անկաշկանդ և լայնախոհ, ինչպես իր արվեստը, ինչպես իր ազգը:

- Ազնավուրը ում հետ կարող է գնալ ռեստորան

Ազնավուրը ամենահամեստ ռեստորաններն է գնում նույնիսկ Փարիզի անշուք ձայնագրման ստուդիայի դիմահարդարի, օպերատորի և հայ լրագրողների հետ: Կարող է պատվիրել «մանկական մենյուից» ինչ-որ բան, ասենք, տապակած կարտոֆիլ նրբերշիկով:

«Թուրքերի մասին երբեք վատ բան չեմ ասել»

Ազնավուրը ոչինչ չի ասել, քան իր ռասիստ չլինելու փաստելը: Նա միշտ առանձին հարթությունների վրա է դիտարկել Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը և այդ քաղաքականության զոհ ժողովրդին, որի առաջադեմ ներկայացուցիչները միանում են ցեղասպանության ճանաչման պայքարին: Հարյուրամյակի շեմին այդ շարժման հանդեպ զգուշավոր լավատեսություն է դրսևորում Մեծ եղեռնը վերապրած Քնար Բաղդասարյան- Ազնավուրյանի իննսունամյա որդուն:

- Դիվանագիտական ազատություն 

Աշխարհում «Հայաստանի ձայնը», «Հայաստանի անձնագիրը», «Հայության խորհրդանիշը» համարվող ֆրանսիացի շանսոնիեի, ի վերջո Հայաստանի ազգային հերոսի դիվանագիտական գործունեության որոշակի անկախությունը արժանի է գոնե Հայաստանի կողմից եթե ոչ լիակատար ըմբռնման, ապա գոնե հանդուրժողականության: Ինչ խոսք, Ազնավուրի նման մեծ արվեստագետի համար դեսպանի պաշտոնը սարսափելի նեղ է: Հիշում եմ` դեսպան դառնալու առաջարկի մասին Ազնավուրը «Հանրային հեռուստատեսության» համար ինձ տված հարցազրույցում ասել էր. «Այն, ինչը կարևոր է իմ երկրի, իմ ազգի համար, կարևոր նաև է ինձ համար»:

Երբ Ազնավուրը հրապարակավ քննադատում է ֆրանսիական կառավարությանը, բացահայտում, որ իրենից ժամանակին կաշառք են պահանջել, հանդես է գալիս Մերձավոր Արևելքում ցեղասպանության սպառնալիքի տակ հայտնված ազգերին Ֆրանսիայում ապաստան տալու առաջարկությամբ, նրա անգամ ամենախիստ ֆրանսիացի քննադատների խոսքը կաշկանդվում է Ազնավուրի համաշխարհային փառքից: Քաղաքական առումով աննպատակահարմար ազնավուրյան հայտարարություններն արդարացվում են անսահման մարդասիրությամբ:

«Մրցանակ», «Հուշանվեր»

Ազնավուրին հանձնված «Ոսկի սոսի»-ի վրա թուրքերը կարող էին գոնե ճիշտ գրել նրա ազգանունը. ոչ թե AZNAVUR, այլ AZNAVOUR:

Հայ-թուրքական հաշտեցման մասին կեղծ հայտարարություններով աշխարհին մոլորեցնելու թուրքական քաղաքականության մեջ այս պատմությունը էժանագին դրվագ է, որն այսօր Էրդողանի սուլթանական պալատի վրա ծիծաղող աշխարհը թուրքերի հանդեպ հեգնանքով էլ կընդունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել