Աղմուկ է, բարձր, սաստող, ճնշող, գրավիչ, բևեռային ու խռպոտ, խուլ ու անորոշ։ Լռություն է, նույնքան ահաբեկող, խորհրդավոր, սպասումով, անլույս, անտեսանելի։ Ձանձրալի է, հիվանդագին, մառախլապատ, ինչպես երբևէ։

Միայն գիշերներն է այսպես, առավոտյան ամեն ինչ սկսվում է նորից, սպիտակ էջից, սկսվում է սովորական մարդու նման, կեսգիշերին կախարդանքի պես սկսվում է զզվելի պատարագ, բախումներ, թվում է երազում, բայց չեմ հավատում, երբ վերհիշում եմ. մոխրագույն վերարկուի ծոցագրպանում գրություն կա։

Սեր չէ, ի սեր Աստծո, չի կարող լինել, գրողը տանի, մի տեսակ անմարդկային ծալքով թղթի մաշված բեկորի վրա խզբզանք է, նույնքան անհասկանալի, ինչպես աղմուկն ու լռությունը, որ շարունակում են ապուշ կտրած ծաղրածուի նման խաղալ մատղաշ ու անփորձ լարերի հետ։

Քայլել արագ, անկանոն, անհասցե, քայլել ուղղակի հասնելու համար, բայց միթե կգա դրան վերջակետ, թե առաջվա պես դրանք երեքն են ու այդպես մինչև հաջորդ կեսգիշեր, մեկ մոտենում է լռությունը, մեկ, անթարթ աղմկում, մեկ ջերմացնում է, մեկ այնպես ցրտում, որ վերարկուն էլ անզոր է սաստել խելագար քամուն։

Մահախոսական չէ կամ հուսահատ ճիչ, ես միշտ ժպտում եմ, ինչպես դահիճը արյուն տեսնելով, պարզապես քամին ինձ էլ է տանում հեռու, փոթորկում ու շողոքորթում բոլորից թաքուն, չեմ ուզում լինել սառած ու անքուն... Որ չհասկանամ՝ հիմա արթուն եմ, թե իմ երազում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել