06052010-8v1in.am-ը գրում է․

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկացի դիվանագետ, Բոսնիա-Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան (1997-1999 թթ.), Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան (1994-1997 թթ.), ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի «Մուսուլմանական աշխարհ» հատուկ նախաձեռնության տնօրեն Ռիչարդ Կոզլարիչը:

-Պարոն Կոզլարիչ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ վերջին շրջանում արդեն երրորդ անգամ Փարիզում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները, և ըստ Ֆրանսուա Օլանդի՝ նախագահները համաձայնել են աշխատել Խաղաղության մեծ պայմանագրի վրա: Միջազգային մամուլի հրապարակումների համաձայն՝ դրական է, որ նախագահները Փարիզում շփվել են: Դո՞ւք ինչպես եք գնահատում հանդիպման արդյունքները:

-Ամենատեսանելի և ծանրակշիռ արդյունքը երկու ղեկավարների միջև շփումների շարունակականության պահպանումն է: Ես չէի սպասում մեծ առաջընթացի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից: Դրական ազդանշան է այն, որ նախագահները քննարկել են տարբեր խնդիրներ: Կարևոր է, որ և Հայաստանը, և Ադրբեջանը հասկանում են, որ կան շատ այլ խնդիրներ, որոնք պահանջում են քննարկում և համագործակցություն:

-Ըստ Ձեզ՝ մեծ կարևորությո՞ւն պետք է տալ նախագահների շփումներին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից դուրս:

-Ես պարզապես չգիտեմ՝ այդ քննարկումները նո՞ր են ընդհանրապես, թե՞ ոչ:

-Պարոն Կոզլարիչ, Հայաստանը փաստորեն շարունակում է բանակցությունները արդեն ստորագրած ԵՏՄ-ին միանալու մասին՝ ՌԴ-Արևմուտք առճակատման պայմաններում ըստ էության աջակցելով Մոսկվայի դերի ընդլայնմանը: Մինչ այս ԵԱՀԿ ՄԽ ջանքերով, որոնց կազմում երկու համանախագահներն արևմտյան են, պահպանվել է ստատուս քվոն, բայց մտավախություններ կան, որ միանալով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ն թուլացնում է իր դիրքերը նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

-Եվ Հայաստանը, և Ադրբեջանը կորցրին հնարավորությունը հստակ ցույց տալու այն, որ նրանք գտնվում են ԵՄ-ի հետ ասոցացման ճանապարհին: Ոչ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունը և ոչ էլ Ադրբեջանի դեպքում չեզոքության հավակնելն ապագայի համար ճիշտ ուղի չէ: Ես վստահ չեմ, որ սա Ռուսաստանին ապահովում է տարածաշրջանում ազդեցության ընդլայնմամբ: Իհարկե, Ադրբեջանը միայն կարող է փաստել, որ Հայաստանը պակաս անկախ է Ռուսաստանից: Բայց պնդելով, որ Ադրբեջանն ավելի «չեզոք» է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև՝ Բաքվի ռեժիմն իրեն ռուսական ճնշումների համար ավելի խոցելի է դարձնում:

-Բարձր մակարդակում խոսվում է ԼՂ հակամարտության կարգավորման Խաղաղության մեծ պայմանագրի մասին, որի մասը պետք է կազմեն Մադրիդյան նորացված սկզբունքներն ու ինչ-որ փուլում նաև հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը: Որքանո՞վ եք սա հնարավոր համարում:

-Այնուամենայնիվ, գաղափարը թերի է, եթե, մեծ ծրագրի համաձայն, կոշտ որոշումներ կարող են կայացվել, բայց դա չի անի ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը: Ոչ Երևանը, ոչ Բաքուն իրենց հասարակություններին չեն նախապատրաստել զիջումների ԼՂ հակամարտությունը խաղաղ դիվանագիտությամբ կարգավորելու համար: Բաքուն հաստատակամ է եղել այն հարցում, որ ունի շահեր, որոնք կվնասվեն հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում: Այլ խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ձեռքում է: Ես կարծում եմ, որ սա սխալ է:

-Ամեն դեպքում, Թուրքիային և Ադրբեջանին հաջողվել է այս երկու չկարգավորված հարաբերությունները կապակցել և դրանով իսկ գործընթացը փակուղի մտցնել: Փաստորեն, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դառնում է շատ ավելի աշխարհաքաղաքական խնդիր, քան պարզապես տարածաշրջանային:

-Ադրբեջանըոչ մի նշան ցույց չի տալիս այն մասին, թե համաձայն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը,քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ հօգուտ Ադրբեջանի: ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի որոշակի փուլում սահմանները կբացվեն, ինչպես նաև Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևը կբարձրացվի, և որքան շուտ, այնքան երկու կողմերի համար լավ:

Ամփոփելով նշեմ, որ գագաթնաժողովների ժամանակ ավելի լայն օրակարգերը և «մեծ ծրագրերը» կարևոր են, բայց նման հարցերի վրա ուշադրություն սևեռելը հեռացնում է Ադրբեջանին և Հայաստանին այն անհրաժեշտությունից, որ պետք է հստակեցնել զիջումները, որոնք անհրաժեշտ են այս երկարաժամկետ և դաժան հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել